ՀԱՆՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերընտրությունից հետո Սերժ Սարգսյանին սկսեցին քննադատել կադրային լուրջ փոփոխություններ կատարելու անկարողության համար: Սակայն իրականում նախագահական ընտրություններից հետո Ս. Սարգսյանը կատարել է առնվազն մեկ էական  կադրային փոփոխություն. իր փեսային` Միքայել Մինասյանին,  նշանակել է Վատիկանում  դեսպան: Կարծում ենք, Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր տեղեկացված չեն Մինասյանի ունեցած լրջագույն ազդեցության  մասին ինչպես Ս. Սարգսյանի կայացրած որոշումների, այնպես էլ երկրի մեդիադաշտի վրա: Հետեւաբար` նման կարեւորության ֆիգուրին երկրից դուրս դեսպան ուղարկելը չէր կարող չունենալ լուրջ դրդապատճառներ: Թե ինչպիսիք են դրանք իրականում` ցույց կտա ժամանակը: Այս պահին, սակայն, շրջանառվում է երկու տարբերակ, որոնցից առաջինի համաձայն՝ Ս. Սարգսյանն իր փեսային ուղարկել է «պատվավոր աքսորի», քանի որ նախագահական ընտրություններում Մինասյանի տրամադրած սոցհարցումների ու խոստումների վրա հենվելով՝ Ս. Սարգսյանը  իրեն  չափից ավելի հանգիստ էր զգացել եւ անգամ հրահանգել էր ՀՀԿ-ականներին ընտրություններին մասնակից չդարձնել թաղային հեղինակություններին եւ շատ ընտրակաշառք չբաժանել: Սակայն ինչպես տեսանք, նա մի կերպ կարողացավ վերարտադրվել: Բացի այդ, Ս. Սարգսյանին վրդովվեցրել է այն, որ հետընտրական շրջանում, երբ հանրային ատելության սլաքն ուղղված էր իր դեմ, Միքայել Մինասյանի «դաբրոյով» պատգամավորական մանդատներ ստացած «օսլայած մազերով» ջահելներից որեւէ մեկը հրապարակավ չպաշտպանեց իրեն: Ս. Սարգսյանն անգամ  իր դժգոհությունը հրապարակավ հայտնել է ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի ընթացքում` Սամվել Ֆարմանյանին կշտամբելով, թե մանդատները նվեր ստացած որոշ ջահելների թվում է` իրենք «սանատորիա են եկել»: Դրա հաջորդ օրն իսկ Ֆարմանյանը շտապեց հարցազրույց տալ եւ գովերգել Ս. Սարգսյանին:
Մինասյանից հիասթափված լինելու տարբերակի օգտին է խոսում նաեւ այն դեմարշը, որը վերջին օրերին սկսվել է նրա թիմի կարկառուն անդամների դեմ. աշխատանքից ազատվեց «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը,  սկանդալային պատմություններ սկսեցին զարգանալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի շուրջ, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Մինասյանի մերձավորներից Աժ պատգամավոր  Լեւոն Մարտիրոսյանի անունն է կապվում  պետական բյուջեից 500 միլիոն դրամի հասնող գրանտակերության պատմության հետ:
Սակայն քաղաքական զարգացումներին առավել ուշադիր հետեւողներն այս ամենի հետեւում հակված են տեսնել այլ` շատ ավելի խորքային սցենար, ըստ որի՝ Մինասյանը ժամանակավորապես հեռացվել է ՀՀ քաղաքական թատերաբեմից, որպեսզի նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը մեղմվի, եւ նա 2018-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ վերադառնա` արդեն մաքրված իմիջով:  Իսկ իր թիմից տրվող թվացյալ «ժերտվաները» ընդամենը այդ սցենարի մասն են:




Լրահոս