ՄԱՐԶՊԵՏԻՆ ՉԵ՞Ն ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 1000-ից ավելի գյուղացիներ Երեւան-Գյումրի ավտոճանապարհը Ուջան գյուղի հատվածում փակել էին՝ այդպիսով հանձնելով իրենց վրդովմունքը: Բանն այն է, որ մի քանի պարսիկներ Արագածոտնի մարզում հէկ-եր են սարքել, ինչի պատճառով արդեն տեւական ժամանակ է՝ գյուղացիները զրկված են խմելու եւ ոռոգման ջրից: Նրանց խողովակներից որդեր են թափվել:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում:
-Իհարկե տեղյակ եմ:
-Նո՞ր եք իմացել, թե՞ վաղուց գիտեիք այդ մասին:
-Չէ՛, այսօր (երեկ-Ք.Մ.) առավոտյան եմ իմացել:
-Իսկ ինչպե՞ս կբացատրեք գյուղացիների պահվածքը. ինչո՞ւ նրանք Ձեզ չեն դիմել եւ որոշել են այսպիսի աղմուկ բարձրացնել:
-Չգիտեմ, ինձ չեն դիմել:
-Չե՞ն վստահում:
-Դե ասում եմ՝ նոր եմ իմացել, ամեն ինչ լուծվել է: Թե չէ՝ չի կարելի, ի՞նչ է նշանակում՝ չեն վստահել (զայրանում է-Ք.Մ.):
-Ինչո՞ւ եք զայրանում, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է այս խնդրին անդրադարձել: Պաշտպանի՝ բնապահպանության հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարել է, որ հէկ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը, եւ արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից: Այս մասի՞ն էլ եք առաջին անգամ լսում:
-Ուրիշների ասածը ես չեմ մեկնաբանում, թե ինչ են ասում կամ ինչ են խոսում: Հարցը բարձրացվել է, լուծումը ստացվել է:
-Իսկ պարսիկներն ի՞նչ կերպ են ձեռք բերել այդ հէկ-երը:
-Գիտեմ, որ կառուցել են 4-5 տարի առաջ:
-Փաստորեն, գյուղացիները 4-5 տարի այս խնդրի առաջ են կանգնած եղել, եւ այդ մասին Դուք նո՞ր եք իմանում:
-Լավ չեմ բացատրո՞ւմ. խնդիրը բարձրացվել է, հարցը կարգավորվել է:
-Ինչպե՞ս համաձայնության եկաք պարսիկների հետ:
-Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը, ինձ համար կարեւորը գյուղացին է, եւ ջուրն արդեն ուղարկել ենք գյուղ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս