ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին մասնակցել է Շուշի քաղաքում արվեստի կենտրոնի եւ  անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը ԼՂՀ նախագահը  մասնակցել է  նաեւ Շուշիի նորակառույց մարզադաշտի բացմանը:

ԿՐԿԻՆ ԱՆԿՈՒՄ
Եվրահանձնաժողովը 2013թ. տվյալներով կանխատեսել է եվրագոտու ՀՆԱ անկում 0,4 տոկոսով: Եվրագոտու կազմում ընդգրկված 17 երկրներից ՀՆԱ-ն կկրճատվի ութ երկրներում` Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հոլանդիայում, Պորտուգալիայում եւ Սլովենիայում: Բոլորից շատ տնտեսությունը կաճի Էստոնիայում (+3 տոկոս), առավելագույն անկումը կանխատեսվում է Կիպրոսում (-8,7 տոկոս): Իսկ Գերմանիայում ՀՆԱ-ն կաճի 0,4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, Եվրամիության ՀՆԱ-ն նվազելու է 0,1 տոկոսով:

ԵՂԱՆԱԿԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին՝ գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարեւմտյան՝ 2-7մ/վրկ, 6-ին, 7-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱՑՐԻՆ
Փոքր բիզնեսի նկատմամբ 2013թ. հունվարի 1-ից սահմանված 3.5% շրջանառության հարկը փոքր բիզնեսի համար ավելի ծանր հարկային բեռ է, քան 20% ավելացված արժեքի հարկը: Նման տեսակետ է հայտնել ՀՀ վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: Նրա տեղեկացմամբ` շրջանառության հարկի դեպքում գործարարները 1.8 անգամ ավելի շատ հարկ են վճարում: Այդպես է ստացվում այն պատճառով, որ շրջանառության հարկը վճարվում է շրջանառության ողջ ծավալից, իսկ ավելացված արժեքի հարկը` միայն ավելացված արժեքից: Ց. Գեւորգյանի կարծիքով` կառավարությունը փոքր բիզնեսին 3-5 տարով պետք է ընդհանրապես ազատի հարկերից` պահանջելով միայն փաստաթուղթ:

ԵՐԿՐՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության հրապարակած տվյալներով` 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում երկրից մեկնել եւ չի վերադարձել 37.101 մարդ: Օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը համապատասխանաբար 150.072 եւ 177.097 է, սալդոն կազմում է -27.025, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 3.689 եւ 3.958, սալդոն՝ -269, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 241.059 եւ 250.866, սալդոն՝ -9807: Այսպիսով` Հայաստանից մեկնել եւ Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար 431.921 եւ 394.820 մարդ:




Լրահոս