ՀԱՅՏՆԻ Է ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՆՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունն ունեցավ 42, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 17, իսկ «Բարեւ Երեւան» դաշինքը` 6 մանդատ: Այժմ կուսակցությունները քննարկում են, թե ովքեր են լինելու ավագանիում: «Ժողովուրդ»-ը զրուցեց կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք որոշել են վերցնել 17 մանդատները, ուղղակի դեռեւս պարզ չէ, թե ովքեր են ինքնաբացարկներ ներկայացնելու, եւ ովքեր են լինելու Երեւանի ավագանիում: Միայն հայտնի է, որ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, հրաժարվել են ավագանու մանդատներից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ավագանու ԲՀԿ խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է որոշել, թե ովքեր են լինելու Երեւանի ավագանիում: Նա, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ առաջնորդվել է տեղամասերից ստացված ձայների թվով՝ հայտարարելով, որ տեղերում պարտվածները մանդատ չեն ստանա, եւ նախկին ավագանու անդամներից ընդամենը 2-3 հոգի են մնալու նույն կարգավիճակում: ԲՀԿ-ի 17-հոգանոց ավագանու կազմը 99 տոկոսով համալրվելու է նոր մարդկանցով:
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ԲՀԿ խմբակցությունում կլինեն ավագանու անդամներից Ջիվան Պողոսյանը եւ Արման Սահակյանը: Իսկ «Ավիա-Սերվիս»-ի փոխտնօրեն Գրիգոր Գրիգորյանը, որը ԲՀԿ ցուցակի 18-րդ համարն էր, ինքնաբացարկ կհայտնի:
«Բարեւ Երեւան» դաշինքը դեռեւս հստակ որոշում չունի, թե ովքեր են լինելու ավագանիում: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ 42 մանդատ ունեցող ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել, թե ովքեր են լինելու Երեւանի ավագանիում: Նա բացառեց, որ ցուցակի հերթականությամբ ներկայացվածները մանդատ ստանան՝ նշելով, որ հնարավոր են ինքնաբացարկներ: Այս հարցը, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն շուտով կքննարկի եւ որոշում կընդունի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս