ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին եւ 11-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական հանդիպումները կանցկացնի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում` մրցելով Մալթայի եւ Դանիայի հավաքականների հետ:
Եվ անչափ կարեւոր է, թե ինչ մարզավիճակով են մոտենում այդ հանդիպմանը հավաքականի անդամները: Ցավալի է, որ ազգային հավաքականի երկարամյա փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին արդեն քանի հանդիպում չի խաղում Մոսկվայի    «Դինամո»-ի կազմում, սակայն ակումբի ղեկավարությունը մեկ տարով երկարացրել է նրա պայմանագիրը, ինչը նշանակում է, որ նրան դեռեւս վստահում են: Մյուս դարպասապահ Գեւորգ Կասպարովը արդեն քանի խաղ անընդմեջ մասնակցում է իրանական «Զոբ Ահան»-ի հանդիպումներին, այսինքն` լավ մարզավիճակում է: Պաշտպաններից Կառլեն Մկրտչյանը չի մասնակցել «Մետալուրգ»-ի վերջին երեք հանդիպումներին, իսկ Գեւորգ Ղազարյանը հիմնականում փոխարինման է դուրս գալիս: Հենրիխ Մխիթարյանը գտնվում է լավ մարզավիճակում, ռեկորդներ է սահմանում: Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելին «Կուբան»-ի կազմում հիմնականում փոխարինվում են կամ փոխարինման դուրս գալիս: Հարձակվողներից էլ Յուրա Մովսիսյանը նոր է վնասվածքից ապաքինվել եւ արդեն հասցրել է մեկ հանդիպում անցկացնել    «Սպարտակ»-ի կազմում: Մեր նշած ֆուտբոլիստները հանդես են գալիս այլ երկրների ակումբներում, սակայն հավաքականում ընդգրկված կլինեն նաեւ, այսպես ասած, տեղացի ֆուտբոլիստներ, եւ երկրի առաջնության ավարտից հետո նրանք պետք է կարողանան ինչ-որ կերպ պահպանել իրենց մարզավիճակը:
Ինչ վերաբերում է երկրի առաջնությանը, ապա դրա մրցանակակիրները, Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի մասնակիցներն արդեն հայտնի էին, ու անհայտ էր մնում միայն վերջին հորիզոնականը զբաղեցնող եւ, ըստ այդմ, բարձրագույն խումբը լքող թիմի անունը: Պարզվեց, որ այդ թիմը Երեւանի «Բանանց»-ն է: Եվ դրանից անմիջապես հետո ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով «Բանանց» թիմի անհաջողությունների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները` ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա եւ պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից: Մոտակա ժամանակներս այս ամենի մասին պարտավորվում եմ տեղեկացնել ակումբի հովանավորին եւ ակումբի աշխատակազմին»:
Տեղեկանալով այդ մասին` ակումբի մի քանի ֆուտբոլիստներ հանդես են եկել հայտարարությամբ եւ բաց նամակ ուղղել ակումբի հովանավոր Օլեգ Մկրտչյանին, որով թիմի անհաջողության համար մեղադրում են իրենց եւ խնդրում հաշվի առնել այն հանգամանքը, որ «Սարգիս Իսրայելյանը «Բանանց»-ի հիմնադիրն է, ի սկզբանե եղել է ակումբի նախագահը, ուստի առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ակումբի հետագա զարգացումը»:
Իսկ թե ինչ ընթացք ստացավ հայտարարությունը, կներկայացնենք առաջիկայում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս