ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԱԼԻՔԸ՝ ՕՄԲՈՒԴՍՄԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Անդրեասյանի հրաժարականը մի նոր գլխացավանքի առարկա է դարձել, քանի որ ՀՀ իշխանությունները շարունակում են հասարակության կողմից հեղինակություն ունեցող մարդ փնտրել՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու համար: Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ չբացառեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարող է լինել։

Նշենք, որ ըստ Մարդու իրավունքների պաշտապանի մասին օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը…»: Այսինքն՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է, նաեւ ակտիվ իրավապաշտպան գործունեություն է ծավալել: Սակայն երեկվանից շրջանառության մեջ է դրվել մի մարդու անուն, եւ հանրապետական պատգամավորները գովեստի խոսքեր են շռայլում մի պաշտոնյայի հասցեին, որը որեւէ չափանիշներով չի համապատասխանում շարադրված սկզբունքներին:
Բնականաբար այս չափանիշներին համապատասխանող մարդ գտնելը իշխանության համար լուրջ խնդիր է, քանի որ մտնելով համակարգ՝ ցանկացած մարդ կայծակնային արագությամբ հեղինակազրկվում է կամ իր իներտությամբ, զրո նախաձեռնողականությամբ, կամ էլ հակահասարակական գործունեությամբ:
Իսկ ո՞վ է Արման Թաթոյանը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, կրթություն ստացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, այնուհետեւ ԵՊՀ ասպիրանտուրայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Արման Թաթոյանի աշխատանքային գործունեությունն էլ բավականին հարուստ է՝ ՀՀ արդարադատության փոխնախարար (2014 թ-ից մինչ օրս), Հայաստանի ներկայացուցիչն է «Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում», 2010-ից մինչ օրս սահմանադրական դատարանում՝ խորհրդական է եւ միջազգային մի շարք կառույցներում եղել է Հայաստանի ներկայացուցիչը՝ պետության կողմից ներկայացված:
Հատկանշական է, որ ներկայումս պետական պաշտոնյա Արման Թաթոյանը բանակում չի ծառայել, եւ արդեն իսկ կասկածելի է, թե ինչպես զինվոր չդարձած մարդը պետք է պաշտպանի զինվորի ու զինվորի մոր իրավունքները:
Ի դեպ, 2014 թվականի դեկտեմբերին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում Արման Թաթոյանը հրապարակավ դժվարացել էր ասել՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ. «Նման դիրքորոշում արտահայտելու համար պետք է լինեին որոշակի իրավական հիմքեր կամ պաշտոնական գնահատականներ»,- նշել է իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն:
Իսկ Արման Թաթոյանի ամենաէական «առավելությունն» այն է, որ ըստ իշխանական կուլիսներում պտտվող կարծիքների՝ նա Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հովանավորյալներից է: Բացի այդ, սերտ «գործընկերային հարաբերություններ» ունի Մ. Մինասյանի ազգական, արդարադատության նախարարությունում օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանի հետ:
Օմբուդսմենի իշխանական թեկնածուն նաեւ բավականին լավ հարաբերություններ ունի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Ու եթե հաստատվի այս թեկնածությունը, հստակ կարող ենք ասել, որ Սամվել Ֆարմանյանին այդքան նյարդայնացնող 500 էջանոց տարեկան զեկույց հաստատ չենք ունենա:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Գագիկ Հարությունյանը իշխանական վերնախավին է ներկայացրել իր երիտասարդ խորհրդական Արամ Վարդեւանյանի թեկնածությունը: Հասկանալի է, որ այս կերպ նա պարզապես ուզում է ցույց տալ, որ ազդում է դեպքերի վրա եւ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է պնակալեզ հայթայթել ու որպես կադր մատուցել:
Իսկ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, բնականաբար, կկարողանար «պաշտպանել» մեր զինվորների իրավունքները բանակում կամ «բացառել» խոշտանգումները փակ հաստատություններում: Նա եւս Միքայել Մինասյանի նախընտրելի թեկնածուների շարքում է:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը նույնպես չի բացառում, որ հնարավոր է՝ առաջադրվի այս պաշտոնում: Նա նշել է. «Քաղաքական գործունեության ժամանակ նույնպես անմասն չեմ եղել իրավապաշտպան գործունեությունից, կարելի է ասել` իմ առօրյա աշխատանքը ԱԺ պատգամավորի պաշտոնում կրում է նաեւ իրավապաշտպան բնույթ: Հետեւաբար չեմ բացառում իմ թեկնածության առաջադրումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ իրավապաշտանների հետ:
-Պարո՛ն Սաքունց, այսօր ՀՀԿ կուսակցությունը կարծես թե կողմնորոշվել է եւ օմբուդսմենի թեկնածու է առաջադրելու ԱՆ փոխնախարար Արման Թաթոյանին, ի՞նչ կարծիք ունեք այդ թեկնածուի մասին:
-Ոնց պետք է վերաբերվեմ ՀՀԿ կուսակցության թեկնածուին, Արման Թաթոյանին որպես փորձագետ նեղ շրջանակներում կարող է ճանաչենք, մենք էլ ենք ճանաչում, բայց հանրությանը նա հայտնի չէ որպես իրավապաշտպան:
-Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Զարուհի Փոստանջյանը սկզբունքային եւ հետեւողական անձ է եւ լուրջ իրավապաշտպանական գործունեություն է ծավալել եւ հանրությանը հայտնի է իր իրավապաշտպան գործունեությամբ:
-Պարո՛ն Սաքունց, իսկ հնարավո՞ր է՝ իրավապաշտպան կառույցները համախմբվեն եւ տարբեր կերպ աջակցեն տիկին Փոստանջյանին:
-Դա գրեթե անիմաստ զբաղմունք է, քանի որ Հայաստանում օմբուդսմեն նշանակում է Սերժ Սարգսյանը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան
-Տիկի՛ն Ալեքսանյան, ՀՀԿ կուսակցության օմբուդսմենի թեկնածուի մասին ի՞նչ կասեք:
-Գիտեք՝ նախ ինքը պաշտոնատար անձ է եւ նա այն հեղինակությունն ու ճանաչումը չունի հասարակության մեջ, որը պարտադիր է օմբուդսմենի ընտրության դեպքում եւ նաեւ քիչ ճանաչված է, օրինակ՝ ես իր մասին նոր եմ իմացել: Մարդկային որակներին տեղյակ չեմ, համենայն դեպս, սա այն չափանիշները չեն, որին պետք է նա համապատասխանի:
-Իսկ Զարուհի Փոստանջյա՞նը:
-Զարուհի Փոստանջյանի գործունեության մի մասը հենց իրավապաշտպան գործունեություն է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման լուրերին իշխանական պատգամավորները խուսափում են անդրադառնալ: Թերեւս պատճառն այն է, որ ոչ ոք չգիտի, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու: ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկա եւ նախկին անդամների մեկնաբանություններն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ նրանցից շատերը չեն էլ թաքցնում, որ իրենք եւս դեմ չէին լինի հնարավոր կոալիցիային մաս կազմել: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանից փորձեց հետաքրքրվել, թե ինքն ինչպես է վերաբերվում հնարավոր կոալիցիայի ձեւավորմանը: Ի պատասխան՝ Ռուստամ Գասպարյանն ասաց. «Եթե ուզում են միանալ, այս երկրի համար մի լավ բան անել, թող միանան: Ով որ այս երկրի համար լավ բան կուզի անի, այս ժողովրդի համար թող անի»:

 

ԱՅՍՕՐ ԿՊԱՐԶՎԻ
Երեկ ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին ՀՀԿ-ականները պատրաստվում են առաջադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից փորձեց պարզել այս լուրերի իսկությունը: Վերջինս նշեց, որ այժմ հստակ որեւէ բան չի կարող ասել: «Այլ թեկնածուների հետ մեկտեղ նշվում է նաեւ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի անունը: Անձամբ ես դրական եմ վերաբերվում, բավականին հեղինակություն ունեցող անձնավորություն է, բայց մեր խմբակցության նիստում որոշում կկայացնենք, եւ դրա մասին կիմանաք դուք եւս»,- ասաց Սահակյանը:

 

ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՏՐԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով վերջին օրերին ակտիվ քննադատվող «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման մասին լուրերին, ասաց. «Ես հրավիրել եմ բոլոր շահագրգիռ կողմերին, եւ քննարկումներ ենք սկսելու ինձ մոտ: Մեր այդ քննարկումների ամբողջ նպատակը լինելու է մեկը, որպեսզի գտնենք այնպիսի լուծումներ, որ ե՛ւ օդանավակայանի զարգացման մաստերպլանը իրագործվի, ե՛ւ օդանավակայանի հին շենքը պահպանվի: Սա է լինելու մեր մոտեցումը, բայց դա պահանջելու է բավականին երկար աշխատանք, որը մենք սկսել ենք»:
Երեւանի քաղաքապետարանի կողմից կայացված քանդման որոշումը քաղաքաշինության նախարարը դժվարացավ մեկնաբանել: «Ապամոնտաժման որոշումը այնպես չի կայացվել: Քաղաքապետարանի կողմից տրվել է ընդամենը էստակադայի ճանապարհի վթարային հատվածների ապամոնտաժման որոշում: Կարծում եմ, որ ընդհանուր ճիշտ չի բացատրվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼՈՔՅԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐ
ՀՅԴ-ն երեկ փակ նիստ է անցկացրել՝ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ի առաջարկները քննարկելու նպատակով: Ըստ լուրերի` ՀՅԴ-ին է հանձնվելու վերստին առանձնացվող տարածքային կառավարման նախարարությունը, եւ նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը: Վերջինս armlur.am-ին ասել է. «Քննարկումների ընթացքում դեռ պաշտոնի հարցեր չեն քննարկվել»: Հարցին էլ, թե եթե Ձեզ առաջարկեն այդ պաշտոնը, Դուք կհամաձայնե՞ք, Լոքյանը պատասխանել է. «Երբ պաշտոնի առաջարկը կլինի, նոր կմտածեմ»: Հավելենք, որ Դավիթ Լոքյանը համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից եւ նրա որդին` Սերգեյ Լոքյանը, ներկայումս վարչապետի խորհրդական է:

 

ԱԶԱՏԵԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է օրեր առաջ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած ուսումնասիրություններին` Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայություններում եւ տարածքային գործակալություններում մեծ չափով գումարների մսխման վերաբերյալ: Նա հանձնարարել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին մարզպետների հետ միասին քննարկել այդ հարցը: «Ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից եւ հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին», – ասել է վարչապետը:

 

ԷՏԻ ԼԱՎ ԲԱՆԱ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիային, ասել է. «Դե, որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»: Հարցին` թե արդյոք ՀՀԿ-ն այնքան թուլացել է, որ ՀՅԴ-ն նրան կուժեղացնի, Սարոյանը արձագանքել է. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պտի քանդվե՞նք: Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»:




Լրահոս