Ստյոպա Սաֆարյանի բաց նամակը Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարո՛ն Մարգարյան,
Ավան վարչական շրջանի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել Ավան-Առինջ թաղամասի հ. 3/17 հասցեի կապակցությամբ այն մասին, որ 3/1 և 3/5 շենքերի միջև ընկած կանաչապատ տարածքում վաղ առավոտից ծանր տեխնիկայով հողային աշխատանքներ են իրականացվում` կտրելով և արմատախիլ անելով ծառերը և թփերը: Բնակիչների վկայությամբ` մասնավորապես հատվել է 4 ծառ, ոչնչացվել է տարածքի` մոշենու խիտ թփերով ու յասամանի ծառերով բնական ցանկապատը, վնասվել է 30-ամյա ընկուզենին:
Տարածքի սեփականատերերի կողմից ուշացումով բնակիչներին տրամադրված փաստաթղթերից ակնհայտ է, որ դրա փաստացի տերը Կարապետ Ղազարյանն է, ով հանդիսանում է Ձեր ազգական Մհեր Պետրոսյանի աները (այդ տեղեկությունը տրամադրվել է բնակիչների կողմից): Փաստաթղթերից նաև երևում է, որ նախկինում հիշյալ հողակտորում միառժամանակ խանութ, ապա` վարսավիրանոց, իսկ ընտրությունների ժամանակ` ՀՀԿ ընտրական շտաբ ծառայած շինությունը 27.08.2012թ. ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրով: Դրանից հետո ձեր կողմից 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կատարվել է շինության հետնամասում գտնվող կանաչ տարածքի հողահատկացում:
Ընդհանուր առմամբ` տարածքի սեփականության վկայականի գրանցման համար հիմք են հանդիսացել Երեանի քաղաքապետի 12.10.2012 թ թիվ 6834-Ա, 03.12.2012թ. թիվ 7661-Ա որոշումները, հողամասի 3818-2012 գլխավոր հատակագիծը, հողամասի ուղղակի վաճառքի մասին 28.12.2012թ թիվ 7430 պայմանագիրը: Կառուցապատողն իր ներկայիս գործողությունները (նախ ձեռքբերված շինության քանդում, ապա ողջ տարածքում հողային աշխատանքների իրականացում) հիմնավորում է Երևանի քաղաքապետարանի կողմից 23.01.2013թ. հաստատված N01/18-07/1-Ղ-55248 ճարտարապետահատակագծային առաջադրանքով:
Ամենևին չվիճարկելով Ձեր հարազատների` սեփականություն ունենալու կամ կառուցապատում իրականացնելու իրավունքը, այդուհանդերձ հարցեր են ծագում այդ կանաչ գոտու հողահատկացման ու կառուցապատման օրինականության շուրջ:
Մասնավորապես, խնդրում եմ
1. տրամադրել այդ տարածքի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճեները, մասնավորապես` ձեր կողմից ստորագրված 12.10.2012թ. թիվ 6834-Ա, 03.12.2012թ. թիվ 7661-Ա որոշումների, հողամասի 3818-2012 գլխավոր հատակագծի, հողամասի ուղղակի վաճառքի մասին 28.12.2012թ թիվ 7430 պայմանագրի, 23.01.2013թ. N01/18-07/1-Ղ-55248 ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատճեները:
2. Ի՞նչ հիմնավորումներով է թույլատրվել կառուցապատում իրականացնել ավելի մեծ տարածքում, ըստ որում` կանաչ գոտու հաշվին և ավելի մեծ մասշտաբով, քան նախկին շինության տարածքն է եղել: Ավելորդ է հիշեցնել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Դուք և ձեր կուսակցությունը խոստանում էիք ավելացնել մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսը, որը մեկ շնչի հաշվով ներկայումս հեռու է բավարար լինելուց (շուրջ 6 քառ. մետր` նորմատիվային 20 քառ.մետրի փոխարեն), մինչդեռ նման գործողությունները ճիշտ հակառակի մասին են վկայում:
3. Որքանո՞վ է արդարացված կանաչ տարածքի հաշվին մասնավոր բիզնես շահի սպասարկումը քաղաքապետարանի կողմից, քանի որ կանաչապատ տարածքը նախկինում ծառայել է հարակից շենքերի բնակիչների հանգստին ու առողջությանը, իսկ այժմ ծառայելու է Ձեր ազգականի մասնավոր բիզնես շահերին: Վերջիններս նախ հայտարարել են, թե այդ վայրում 5 մետր բարձրությամբ խանութ են սարքելու և շահագործելու, իսկ հետո հայտարարել են, թե տարածքը վարձակալությամբ տրամադրելու են ինչ-որ բանկի:
4. Խնդրում ենք հայտնել, թե ո՞ր լիցենզավորված կազմակերպությունն է իրականացնում քանդման և շինարարության աշխատանքները, ինչո՞ւ նա տարածքում չի փակցրել կառուցվող շենքի հաստատված նախագիծը, ինչպես պահանջվում է օրենքով, և ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ սեփականատերը վստահ չէ, թե ի՞նչ է կառուցում: Այս առումով խնդրում եմ հայտնել, թե հաստատված Ճարտարապետահատակագծային առաջադրանքում ինչ է նշված կառույցի և ողջ տարածքի ֆունկցիոնալ նշանակության համար:
5. Արդյո՞ք կառուցապատողն ունեցել է կանաչ ծառեր կտրելու թույլտվություն, եթե այո, ապա` ե՞րբ է այն տրմադրվել, ի՞նչ հիմնավորումներով:
Առաջարկում եմ հիշյալ հասցեում կասեցնել քանդման և հողային աշխատանքները, մինչև վերոնշյալ հարցերի` հանրությանը տակավին անհայտ պատասխաններն ստանալը:
Սույն պաշտոնական նամակը հրապարակվում է բաց նամակի տեսքով` սոցիալական ցանցերում (որտեղ դուք պաշտոնական էջ ունեք) ու էլեկտրոնային լրատվամիջոցներով միայն այն պատճառով, որ Հանրապետությունում տոնական և հանգստյան օրեր են, պետական հաստատությունները չեն գործում, մինչդեռ հիշյալ հասցեում արագ և անհապաղ միջամտությունն անհրաժեշտ է:
Ըստ այդմ, խնդրում եմ սույն նամակը դիտարկել իբրև Երևանի ավագանու անդամի պաշտոնական գրություն և դրան ընթացք տալ օրենքով սահմանված կարգով:
Ստյոպա Սաֆարյան
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ 




Լրահոս