Հրազդանի ՏԻՄ ընտրություններին ընտրակաշառք է բաժանվել. դիտորդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներն ի գիտություն ընդունած ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պաշտպանում էր Սասուն Միքայելյանի թեկնածությունը, հայտարարում է, որ վերընտրված գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին հաջողվել է հաղթել ընտրակաշառքների միջոցով:

«Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի ընտրախախտումներ չեն եղել: Մեզ հաջողվել է դիտորդների հետ համատեղ իրականացնել արդյունավետ վերահսկողություն բոլոր ընտրատեղամասերում: Սակայն, եթե Արամ Դանիելյանին հաջողվել է հաղթել ընտրակաշառքների միջոցով, որը նույնպես քրեական հանցագործություն է, ըստ էության, այս ընտրությունները չեն կարող համարվել արդար»,- Հրազդանում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Հրազդան քաղաքում Ռուբեն Ռուբինյանի, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի արագ արձագանքման խմբի պատասխանատու Գևորգ Ղահրամանյանի և Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ, դիտորդ Թագուհի Մարկոսյանի մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «Հրազդանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով:

Քննարկմանը հրավիրված էին նաև Հրազդանի քաղաքապետարանի և գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի ներկայացուցիչները, սակայն նրանք այդպես էլ չներկայացան միջոցառմանը:

Հայաստանի ութ մարզերի 36 համայնքներում, այդ թվում Հրազդան քաղաքում, ապրիլի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում տեղ են գտել ընտրախախտումների տարբեր դրսևորումներ՝ ընտրակաշառք բաժանելուց ու ընտրատեղամասերում կուտակումներից մինչև վարչական ռեսուրսի գործադրում: Թեպետ «թվերի նկարչություն չի եղել», ընտրատեղամասերում բավականին արդյունավետ վերահսկվել է քվեարկության գործընթացը, սակայն վարչական և ֆինանսական ռեսուրսի գործադրումն, ըստ դիտորդների և ընդդիմության ներկայացուցիչների, էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

«Ընտրակաշառքները նույնպես ընտրախախտում են և բնականաբար ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց քննարկման մասնակից Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ նախկին ընտրություններում արձանագրված խախտումներն այս ընտրություններում ևս տեղ գտան: «Խնդիրներ կային հատկապես ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու հարցում: Դիտորդներին շատ հաճախ խոչընդոտում էին ընտրական հանձնաժողովի անդամները ծանոթանալ այդ ցուցակներին: Ահազանգեր են ստացվել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ, ինչպես նաև եղել են կուտակումներ ընտրատեղամասերում»,- նշեց Գրիգորյանը:

Ելնելով վերոնշյալ դիտարկումներից՝ բանախոսի ընդհանրական գնահատականն ընտրություններին հետևյալն է. «Այս անգամ ևս հնարավոր չեղավ Հայաստանում անցկացնել պատշաճ, թափանցիկ և օրինական ընտրություններ»:

Դիտորդներին շատ հաճախ, նշում է քննարկման մասնակից Գևորգ Ղահրամանյանը, խոչընդոտում էին աշխատել հենց հանձնաժողովի անդամները, քանի որ տեղյակ չէին իրենց լիազորություններից, օրենքի տառից և միայն առաջնորդվում էին «վերադասի հրահանգով»: «Հանձնաժողովների անդամները, որ լիցենզիա էին ստացել, չէին համապատասխանում, անտեղյակությունը բարձր էր, տեղյակ չէին, որ երեկոյան ժամը ութից հետո լրագրողն ազատ ելումուտ կարող է անել: Օրենքն անտեսելով՝ լսում են, թե իրենց վերադասն ինչ կասի»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի արագ արձագանքման խմբի պատասխանատու Գևորգ Ղահրամանյանը:

Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ, դիտորդ Թագուհի Մարկոսյանի խոսքով՝ ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել: «Ընտրակաշառքներ, մարդկանց տեղամաս բերել-տանել, դրանք բոլորը դրսում են եղել»,- հավելեց նա: «Այն տեղամասում, որտեղ դիտարկել եմ ընտրությունները, ինքս չեմ արձանագրել կրկնակի քվեարկության կամ ուրիշի տեղը քվեարկելու դեպքեր: Սակայն համամիտ եմ, որ հանձնաժողովի անդամների, հատկապես նախագահի տեղեկացվածության խնդիր կար, քանի որ քվեարկության օրը մամուլի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների ու հանձնաժողովի նախագահի միջև մի շարք տարաձայնություններ առաջ եկան: Դրանք պայմանավորված էին մամուլի ներկայացուցչի լիազորությունների հետ, թե ինչ է նրան թույլատրվում, իսկ ինչը՝ ոչ»,- եզրափակեց նա:

«Մեդիա Կենտրոն»




Լրահոս