ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԱՐՁԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում տեղի է ունեցել համերգ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ Լիտվայի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:
«Ֆորում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Գասպարյանը պատմեց. «Տեղի հայ համայնքը մեծ ուրախությամբ, ջերմությամբ ու սպասումով ընդունեց ինձ: Հրաշալի համերգ էր, որի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ հայ անվանի արվեստագետ Գեղամ Գրիգորյանի դուստրը, որը հրաշալի ձայնային տվյալներ ունի»։ Նա կատակով հավելեց, որ երբ 5 տարի առաջ ինքը կոտրել էր ոտքը, Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչները տարել են բժշկի, «կապիտալնի ռեմոնտ» արել ու ճանապարհել: Առաջիկայում՝ սեպտեմբերի 18-ին, նախատեսվում է Պիտեր Գաբրիելի հետ համատեղ համերգը, հոկտեմբերի 5-ին կրտսեր եւ ավագ Ջիվան Գասպարյանները ելույթ կունենան Նիկիտա Պրեսնյակովի ծննդյան օրվան նվիրված երեկույթին: Իսկ Մոսկվայի Կրեմլի դահլիճում նոյեմբերի 18-ին կայանալու է նրա 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Ջ. Գասպարյանը, սակայն, չգիտի՝ Երեւանում հոբելյանական համերգ կլինի, թե ոչ. «Ես չեմ կարող մեկին ասել՝ ինձ փո՛ղ տվեք, որպեսզի հոբելյանական համերգ կազմակերպեմ, դա ինձ համար մեռնել է, ինքնասիրության հարց, որը թույլ չեմ տա երբեք»:
Այս տարի Երեւանի Աբովյան փողոցում կտեղադրվի հայ դուդուկահարների արձանը, որի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։ Արձանի տեղադրելու գաղափարը ծնվել է դեռեւս 5 տարի առաջ: «Սկզբում ուզում էին տեղադրել միայն իմ արձանը, բայց ես չհամաձայնեցի՝ ասելով` Լեւոն Մադոյանի ու Վաչե Հովսեփյանի արձաններն էլ իմ արձանի հետ պետք է տեղադրվեն: Նրանք եւս անվանի երաժիշտներ են եղել, բայց այսօր մոռացված են բոլորի կողմից: Այսօր դուդուկը միջազգային ճանաչում է ձեռք բերել ոչ միայն իմ, այլեւ նրանց շնորհիվ»,-պատմեց Ջ. Գասպարյանը։ Ըստ դուդուկահարի՝ սերունդները պետք է արվեստագետին գնահատեն նրա կենդանության օրոք, ոչ թե մահից հետո. «Կենդանի մարդու արձանը պետք է կանգնեցնեն, որպեսզի սերունդները գնահատեն ու ճանաչեն: Կենդանի մարդուն պետք է գնահատեն նրա կենդանության օրոք… Իսկ արձանը տեղադրելուց հետո պետք է մի շիշ կոնյակ վերցնեմ, գնամ մեր արձանի մոտ, խմեմ մի բաժակ»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս