ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Չեխիայում, իսկ սեպտեմբերի 10-ին արդեն սեփական հարկի տակ կընդունի Դանիայի ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, առաջին հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: Երկրորդ հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից, մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Այն, որ մրցավարությունից շատ բան է կախված, հայ ֆուտբոլասերները համոզվեցին Եվրոպայի 2012թ. ընտրական մրցաշարի վերջին տուրի՝ 2011թ. հոկտեմբերի 11-ին Դուբլինի Aviva մարզադաշտում կայացած Իռլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը խաղի 26-րդ րոպեին դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ տուգանային հրապարակից դուրս գալու եւ «վերջին հույսի» խախտում թույլ տալու համար, թեեւ դարպասապահը տուգանայինից դուրս ձեռքով գնդակին չէր դիպել։ Մրցավարի նման որոշման հետեւանքով Հայաստանի հավաքականը ստիպված եղավ այդ անչափ վճռական հանդիպումն անցկացնել առանց փորձառու դարպասապահի, 10 ֆուտբոլիստով եւ պարտվեց։
Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների մարզավիճակին, ապա այն մխիթարական չէ։ Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը նոր է ապաքինվել վնասվածքից եւ աստիճանաբար մոտենում է մինչ վնասվածք ստանալը ցուցաբերած մարզավիճակին։ Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը, որոնք ոչնչով աչքի չընկան Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ, իրենց ակումբում էլ առանձնապես չեն փայլում։ Ավելին, 6-րդ տուրում «Ամկար»-ի հետ արտագնա հանդիպման ժամանակ Արազ Օզբիլիսը տուգանային հարվածն իրացնելու համար վիճեց Տինո Կոստայի հետ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս