Որտե՞ղ են սպառազինության համար հատկացված գումարները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քառօրյա պատերազմից հետո հանրության շրջանում ամենուրեք հնչող հարցերից մեկն է՝ իսկ ուր են գնացել անցած 22 տարիներին բանակի սպառազինության արդիականացման համար հատկացված գումարները: Համընդհանուր պահանջն այն է, որ բյուջետային միջոցների տնօրինման նախկին վերաբերմունքը փոխվի, եւ այն պետական պաշտոնյաները, որոնք պետբյուջեն դիտարկել են իբրեւ հարստանալու աղբյուր, հեռանան իշխանության ղեկից: Այսօր արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում փոխվել եւ փորձում են շարունակել հանրությանը «լոլոներով կերակրել», իբր իրենք բարեփոխումները վաղուց են նախաձեռնել:

Անցած տարիները վերգնահատելու եւ հետեւություններ անելու տեսանկյունից ուշագրավ է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք նա ներկայացրեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաեւ սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ բոլորիս համար: Մենք՝ որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաեւ տասնամյակների ընթացքում պահելու եւ զարգացնելու մեր ունեցածը»,- ասել է Հարությունյանը: Այսինքն՝ Արցախում, ի տարբերություն Երեւանի, իրավիճակն ավելի սթափ են գնահատում: Երբ հետաքրքրվեցինք, թե այս ֆոնին ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ, Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան՝ արժեւորելու մեր զինվորի եւ կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորությունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է» ,- բացատրեց Արցախի վարչապետը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս