Ինչ վնասներ է հասցրել կարկուտը Տավուշի մարզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին եւ 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղացած կարկուտը եւ քամին մեծ վնասներ են պատճառել գյուղատնտեսությանը: Սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվող Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կարկուտի վնասը ավելի մեծ է եղել մայիսի 23-ին, այն ուղեկցվել է ուժգին քամիով:

Դրա հետեւանքով պոկվել են էլեկտրական լարեր, ընկել հենասյուներ: Գյուղապետն ասաց, որ վնասված էլեկտրական ցանցը վերականգնվել է: Ս. Սաղոյանը հայտնեց, որ կարկտահարությունից վնասվել են Չինարիի խաղողի այգիները:

Նկատի ունենալով ադրբեջանական զինուժի կողմից Չինարիի գնդակոծությունները՝ նա ասաց. «Թուրքի կողմից երկաթե կարկուտը մի կողմից, կարկուտն էլ՝ մյուս»: Գյուղապետը թերահավատ է, որ պետության կողմից կփոխհատուցվի կարկտահարության պատճառած վնասները՝ հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի 23-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից Չինարիի խաղողի այգիներից ակնկալվող բերքի 30-40 տոկոսը ոչնչացավ, սակայն փոխհատուցում չեղավ:

Տավուշ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանից էլ տեղեկացանք, որ մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, քամու ուղեկցությամբ 20-25 րոպե տեղացող կարկուտից գյուղի շուրջ 20 հեկտար խաղողի բերքը 800-100 տոկոսով վնասվել է: Կարկտահարությունից Տավուշի 12 ջերմոցները ծածկող ցելոֆանները պատռվել են, դրանցում առկա բերքը՝ ոչնչացել: Իսկ սահմանամերձ Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանն ասաց, որ մայիսի 24-ին ուժեղ քամու ուղեկցությամբ տեղի ունեցած կարկտահարությունը 20-60 տոկոսով վնաս է հասցրել գյուղի 300 հեկտար աշնանացանին, նաեւ կարտոֆիլի եւ լոբու ցանքերին: Գյուղապետը, ով մասնագիտությամբ գյուղատնտես է, ավտոմեքենայով շրջել է դաշտերում, համոզվել, որ բնական տարերքի պատճառած վնասը մեծ է:

Արծվաբերդի գյուղապետարանը վնասները հաշվարկող հանձնաժողով է ձեւավորել, որը ճշտում է կարկտահարության հասցրած վնասների չափը: Վ. Ուզունյանը հայտնեց, որ աշնանացան ցորենի հասկն արդեն դուրս էր եկել, սակայն բացված հասկերը կարկտից ջարդվել են: Նա ասաց, որ մայիսի 24-ին կարկտահարությունից տուժել են նաեւ Բերդի տարածաշրջանի Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր համայնքները: Վ. Ուզումյանը եւս չի հավատում, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին պետական փոխհատուցում կհատկացվի:

Նա ասաց, որ Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չկան: Գյուղապետի խոսքերով՝ իրենց համայնքը կարող է նման կայանի համար պահանջվող 4 միլիոն դրամը հատկացնել, սակայն տարածաշրջանում լոկատոր չկա, իսկ առանց դրա հակակարկտային կայանը չի կարող գործել: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ առաջիկայում՝ եղանակի կայունանալուց հետո, մարզպետարանի աշխատակիցները կմեկնեն այդ համայնքներ՝ ճշտելու վնասի չափերը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս