Ցանկացած արձան պետք է այնպես լինի, որ մարդը տեսնի ու հասկանա, թե ում արձանն է. Կամո Արեյանը` Բաբաջանյանի և Նժդեհի արձանների շուրջ բարձրացած աղմուկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն անդրադարձել է Համազասպ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձանների շուրջ բարձրացած աղմուկին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արեյանը նշեց, որ սովորաբար մարդիկ սկզբում սկսում են անուն դնել նոր տեղադրված արձաններին, սակայն ժամանակի ընթացքում հաշտվում են դրանց հետ: «Հիշեք Առնո Բաբաջանյանի արձանը:

Եթե նկատել եք, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ ամեն օր երեխաներ են նկարվում: Արձաններն ընդհանրապես ապահովում են քաղաքի կենդանի միջավայրի էֆեկտը, մարդիկ հաղորդակից են լինում արձաններին: Մենք այդպիսի արձաններ շատ ունենք: Վերջին երկու արձանները, կարծում եմ, ազգային հպարտություն են: Ցանկացած ազգ կհպարտանար»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նշեց Արեյանը:

Դիտարկմանը, թե Համազասպ Բաբաջանյանի մասին կան տեղեկություններ, որ կոտորել է հունգարացիներին, Կամո Արեյանն ասաց. «Բաբաջանյանը մեր ազգի պարծանքն է: Ես՝ որպես հայ, հպարտանում եմ, որ մենք ունենք Համազասպ Բաբաջանյանի նման մարշալ: Եվ խորհուրդ կտամ, որ բոլորդ հպարտությամբ նայեք Բաբաջանյանին, Գարեգին Նժդեհին, նրանք մեր հերոսներն են»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտա հունգարացիներին, Արեյանն ընդգծեց, որ խորհուրդ է տալիս ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին հետ տանել: Արեյանը ևս մեկ անգամ նկատեց, որ բոլոր արձանների շուրջ էլ սկզբնական շրջանում լինում են խոսակցություններ, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ ընտելանում են:

«Լինենք անկեղծ, սա նաև ճաշակի հարց է: Շատերը ցանկանում են հենց դեմքը պատճենահանված տեսնել՝ այնպես, ինչպես մարդը լուսանկարում է: Երբեմն քանդակագործները ներդնում են նաև իրենց երևակայությունը: Իհարկե, իմ կարծիքն է, որ ցանկացած արձան պետք է այնպես լինի, որ մարդը տեսնի ու հասկանա, թե ում արձանն է»,-­ ընդգծեց փոխքաղաքապետը: Հարցին՝ ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանը չի կանգնեցվել Նժդեհի անվան հրապարակում, Արեյանն ասաց. «Գարեգին Նժդեհի հրապարակը շատ անհաջող տեղ է արձան տեղադրելու համար: Դա արձանի տեղ չէ: Այնտեղ տեղադրված արձանն էլ անհաջող տեղ է դրված: Մետրոյի կայարանի փոսի վրա՝ անհաղորդակից ու անհասանելի մարդկանց: Անհարմար տեղ է: Ես կարծում եմ, որ այս պահին Գարեգին Նժդեհի արձանի տեղը շատ ճիշտ է ընտրված: Նժդեհի արձանը մոնումենտալ արձան է: Եթե նայել եք իր չափերին, այն բավականին շքեղ ու առնական արձան է: Այստեղ քանդակագործը իր որոշակի երևակայությունն է ներդրել, բայց, այնուամենայնիվ, նմանությունը կա: Բոլորը գիտեն, որ դա Գարեգին Նժդեհի արձանն է և ժամանակի ընթացքում կընտելանան»:




Լրահոս