ՀՔԾ ՔՆՆԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին քաղաքական հրահանգ է տրվել պատժել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, եւ հիմա քննիչները հայտնվել են անելանելի վիճակում:

2016 թվականի ապրիլի 18-ին ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ, պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով` պետությանը պատճառել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հ. Ա.-ն եւ Թ. Հ.-ն:
Նշենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել եւս 6, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործունեության մասով հարուցված քրեական գործերից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Ի՞նչ է եղել: Հայտնի է, որ Հայաստանում ճանապարհային տեսախցիկներ եւ արագաչափեր ներկրող ու շահագործող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն արձանագրում է երթեւեկության կանոններ խախտած վարորդների մեքենաները: Իսկ խախտման վերաբերյալ արձանագրությունն ուղարկվում է ճանապարհային ոստիկանություն, որտեղ էլ ՃՈ աշխատակիցները սահմանում են խախտումը եւ հաշվարկում տուգանքները:
Եվ, ահա, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները կատարել են իրենց առաջադրանքը եւ վարորդների կողմից կատարված խախտումները ուղարկել են ճանապարհային ոստիկանություն, որտեղից էլ սկսվել է պատմությունը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսել են հաշվարկել խախտումները, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հասցնել հաշվարկել ուղարկված բոլոր խախտումները:
Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե ինչպես է այս մասին իմացել ՀՔԾ-ն: Բայց, ըստ ամենայնի, պատմությունը մոտավորապես այսպես է եղել. «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանություն է ուղարկվել երթեւեկության խախտում իրականացրած, օրինակ, 500 ավտոմեքենաների համարներ, սակայն ճանապարհային ոստիկանությունը 500 մեքենաների տուգանքի չափով սահմանված վճարումը չի ուղարկել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը եւ պետական բյուջեի հաշվեհամարին՝ ներկայացնելով առավել նվազ թիվ: Եվ այստեղ հարց է առաջացել՝ որտեղ են մեքենաների խախտումների համար սահմանված տուգանքները: Չի բացառվում, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ը իրավապահներին հայտնել է, որ միգուցե ճանապարհային ոստիկանությունը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով է համապատասխան մարդկանց «փրկում» տուգանքները վճարելուց՝ դրա համար ներկայացնելով ամենատարբեր պատճառաբանություններ:
Եվ հիմա, երբ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվել եւ հարցաքննվել են ՃՈ մի շարք աշխատակիցներ, վերջիններս իրավապահներին ասել են, որ չեն հասցրել հաշվարկել բոլոր խախտումների տուգանքների չափերը:
Երբ այս գործը իրավական քրոնիկայի շրջանակներում ներկայացրել են Սերժ Սարգսյանին, նա, որպեսզի մյուս բոլորի համար դաս լինի, իրավապահներին հրահանգել է պատժել ե՛ւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության, ե՛ւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որոնք փորձել են ինչ-որ մարդկանց տուգանքները թաքցնել:
Եւ հիմա քաղաքական հրահանգի պատճառով ՀՔԾ քննիչները պետք է օրենք խախտեն: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներին պետք է մեղադրանք առաջադրեն մի արարքի համար, որի իրավասությունը չունեն եւ պատժեն ՃՈ աշխատակիցներին՝ կաշվից դուրս չգալու եւ չհասցնելու համար: Եւ այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ թեեւ ՃՈ աշխատակիցները իրավապահներին վստահեցրել են, որ որեւէ մեկի տուգանքը չեն ցանկացել քողարկել, այլ պարզապես չեն հասցրել բոլոր խախտումները հաշվարկել, սակայն ՃՈ պետ Արմեն Հակոբյանը իր աշխատակիցներին օգնելու փոխարեն, մեղմ ասած, ձեռքերը լվացել է եւ մի կողմ քաշվել. ասես ոչնչից տեղյակ չէ: Մինչդեռ որպես համակարգի ղեկավար նրանից ակնկալվում է համակարգի աշխատակիցների իրավունքների օրինական պաշտպանություն:
Չի բացառվում, որ ՀՔԾ-ի՝ ապրիլի 18-ի հաղորդագրությամբ ներկայացված քրեական գործի հիմքում հենց այսպիսի պատմությունն է ընկած: Հրահանգը կա. պետք է մարդիկ կալանավորվեն, որպեսզի մյուսների համար դաս լինի արագաչափերի տուգանքները «տակով անելու» գործընթացը: Ինչպես երեւում է՝ սա ՀՀ բարձրագույն իշխանության համար ամենածանր հանցանքն է, իսկ Միհրան Հակոբյանը, որ միլիոններ է դիզել օֆշորներում, նույն հրահանգով պետք է գործից «մաքուր դուրս գա»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Գորիսի բնակիչ Արթուր Գեւորգյանը կալանավորվեց: Սակայն իրականում միջադեպի հեղինակը ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն էր, որը նախ ծեծի էր ենթարկել իրեն հակաճառած երիտասարդին, այնուհետեւ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել: armlur.am-ը հրապարակել էր այս միջադեպի տեսագրությունը: ՀՔԾ-ն այն ուղարկել էր փորձաքննության: Գրել էինք, որ իրավապահ այդ կառույցը օրեր առաջ ստացել էր փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, թե իբր տեսանյութում չի երեւում, թե կոնկրետ ովքեր են կռվի մասնակիցները, եւ, առհասարակ, ով ում է հարվածում: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ն այսպիսով հող է նախապատրաստում քրեական գործով անցնող ոստիկանապետ Ազիզյանին փրկելու եւ, ըստ էության, ողջ մեղքը նրա տեղակալի եղբոր գլխին ջարդելու համար:
Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ ստեղծված իրավիճակից խիստ մտահոգված Արթուր Գեւորգյանի մայրը` Հասմիկ Սահակյանը, հերթական անգամ նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին: Պարզեցինք, որ տիկինը նամակին կից ներկայացրել է տեսաձայնագրություն եւ հայտնել, որ չնայած ՀՔԾ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ հայտնի չէ, թե տեսանյութում ով ում է ծեծում, իրենց ձեռքի տակ հայտնված տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է ոստիկանապետ Ազիզյանը հետապնդել եւ հարվածել իր որդուն` Արթուր Գեւորգյանին, եւ ինչպես են Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, մարզի դատախազ Գրիգոր Մինասյանը այս ու այն կողմ քայլում:
Ի դեպ, Հասմիկ Սահակյանը նաեւ նամակում գրել է, որ ոստիկանապետ Ազիզյանը մշտապես Գորիս քաղաքում է, եւ լուրեր են շրջանառում, թե վերադառնալու է իր նախկին պաշտոնին. «Ըստ էության, սա է պատճառը, որ ոստիկանության աշխատակիցները ՀՔԾ-ում այնպիսի ցուցմունքներ են տալիս, որը արդարացնում է ոստիկանապետ Ազիզյանի անթույլատրելի արարքը»:
Ավելին՝ Հասմիկ Սահակյանը նամակում հայտնել է նաեւ, թե ինչպես են ոստիկանապետն ու նրա թիմակիցները ՀՔԾ շենքի մոտ զրուցում գործով անցնող աձանց հետ, որից հետո վերջիններս գնում են ՀՔԾ՝ հարցաքննության:
Միջադեպի արդյունքում ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի մայրը նամակով փորձում է իրավապահ համակարգի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ նախաքննությունն օբյեկտիվ չի ընթանում, եւ ինքը արդար քննություն է պահանջում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Ալեքսանդր Ազարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, միեւնույն ժամանակ դադարեցվել են նրա` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Մեկ այլ հրամանագրով Ռուբիկ Մխիթարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին եւ ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձեւը հեղինակած պատգամավորներին: «Առանց չափազանցության, ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար»,- նշել է ԼՂՀ ԱԺ նախագահը:

 

 

ԻՍԿ ԻՆՉՈՒ ԷԻՔ ԹԱՔՑՆՈՒՄ
Անդրադառնալով հայկական կողմի կորցրած 800 հա տարածքին` ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ասել է, թե մարտական գործողությունների ժամանակ միշտ էլ լինում է զորքերի տեղաշարժ։ «Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այս տարածքները ամրագրված են ԼՂՀ տարածքներում, եւ կարծում եմ` բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի: Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ եւ դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով, կրակային խոցման առումով, պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»:

 

 

ՀԱՆԳԻՍՏ Է
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:




Լրահոս