ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ՌԵԺԻՍՈՐԻ ԱՐԱՐՔԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՑԱԾՐ ԵՎ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում վերջերս կայացավ Բելինիի «Նորմա» օպերայի վերականգնված պրեմիերան: «Առավոտ»-ը օրեր առաջ գրել էր, որ դատելով արձագանքներից՝ ներկայացման հետ կապված հանդիսատեսի հույսերը չարդարացան: Նորմայի դերում փայլուն ելույթներ ունեցող Անահիտ Մխիթարյանը հրաժարվել է լինել բեմում: Խնդիրը, ըստ պարբերականի, կապված է «Նորմա» ներկայացման ռեժիսոր Բորիս Հայրապետյանի հետ: Բանն այն է, որ վերջինս տարիներ առաջ իր ֆիլմ-օպերայի համար առանց թույլտվության օգտագործել է երգչուհու ձայնը: Անահիտ Մխիթարյանը նույն լրատվամիջոցին հայտնել է, որ այդ ֆիլմի համար ինքն ընտրվել է որպես Նորմայի դերակատարուհի, սակայն հետո այդ դերում նկարահանվել եւ ձայնագրվել է սոպրանո Հասմիկ Պապյանը:

Ա.Մխիթարյանը լրատվամիջոցին մասնավորապես պատմել է, որ մի օր պատահաբար տեսել է ֆիլմը Հանրային հեռուստատեսությամբ. «Եվ ո՛վ զարմանք, իսկապես որ ֆիլմի որոշ մասերում հատվածաբար հնչում էր իմ ձայնը՝ Մեծ թատրոնի ներկայացումից վերցված: Այսինքն՝ Հ. Պապյանը ներկայանում էր իմ ձայնի ներքո: Սա արդեն վեր էր ամեն սպասածից: Չեմ առարկում, ռեժիսորը կարող է փոխել ֆիլմի դերասանուհուն, ընտրել իր կարծիքով առավել հարմար մեկին. դա նրա իրավունքն է, բայց առանց թույլտվության, ինքնագլուխ կերպով օգտագործել իմ ձայնը, վերագրել այն ֆիլմում խաղացող երգչուհուն՝ ուղղակի աններելի է»:
«Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է մտածում ֆիլմի երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, որ ներկայանում է Անահիտ Մխիթարյանի ձայնի ներքո: Արդյոք ձեռնտո՞ւ է նրան այս տարբերակը»,- գրել է պարբերականը: «Պատասխանն ինքնին ենթադրելի է. երեւի թե ձեռնտու է… »,- ասել է Ա. Մխիթարյանը: Լրատվամիջոցը փոխանցում է, որ Անահիտ Մխիթարյանը դատի է տալու «Նորմայի» ռեժիսորին:
Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով «Ժողովուրդ»-ը դիմեց սոպրանո Հասմիկ Պապյանին: Նա մեր հարցմանն ի պատասխան` նշեց. «Անկեղծ ասած` այս էջը ինձ համար վաղուց շրջված է, եւ կարծում եմ` դեպքի վաղեմության ժամկետն էլ անցած է: Դա եղել է 2005 թվականին: Այո, այդպիսի դեպք պատահել է. ես ոչ միայն նկարահանվել եմ «Նորմա» ֆիլմում, այլ նաեւ կատարել եմ ձայնագրությունը: Ռեժիսորի մեծագույն սխալը կայացել է նրանում, որ նկարահանումներից հետո է արվել ձայնագրությունը: Իսկ քանի որ հետագայում անհնարին է եղել տեսագրության եւ ձայնագրության ներդաշնակ (սինխրոն) համադրությունը, ռեժիսորը իրեն անթույլատրելիորեն իրավունք է վերապահել կիրառել նկարահանման փորձերի ժամանակ օգտագործված Մարիա Բիեշուի եւ Անահիտ Մխիթարյանի կատարումներից հատվածներ: Ես, իհարկե, այս ամենին տեղյակ չեմ եղել, պատահաբար եմ հայտնաբերել` կենտրոնական հեռուստատեսությամբ ֆիլմի ցուցադրության ժամանակ: Անմիջապես դիմել եմ դատարան, հետաքննությունը տեւել է հոգեմաշ վեց ամիսներ, որի ընթացքում մասնագետները փաստել են իրողությունը: Մյունխենում տեղի ունեցած դատը ես շահել եմ, որի որոշման արդյունքում անհապաղ դադարեցվել է ֆիլմի տեսաերիզի վաճառքը (այնուամենայնիվ, 70 օրինակ արդեն հասցրել էին վաճառել): Գերմանական լրատվության վեց պարբերականներ, ցավոք, անդրադարձել են այս տխուր իրողությանը, որքան էլ ես ցանկացա այն գաղտնի պահել` փորձելով հնարավորինս չշահարկել «Հայաստան», «հայ երգչուհի», «հայ բեմադրիչ» անունները Եվրոպայում: Քանի որ ես այլեւս ո’չ ցանկություն եւ ո’չ էլ բավարար ժամանակ ունեի հետեւելու ֆիլմի հետագա ճակատագրին, ուրեմն ինձ համար այս ցավալի պատմությունն ավարտված էր: Ես պետք է շարունակեի «Նորմայով» իմ գալիք հաղթարշավը համաշխարհային բեմերում»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք շահավետ էր Հասմիկ Պապյանին հանդես գալ ուրիշի ձայնի ներքո, երգչուհին պատասխանեց. «28 տարբեր համաշխարհային բեմադրություններում Նորմայի դժվարագույն դերերգի կատարմամբ Վիեննայից մինչեւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Ամստերդամից, Մոնակոյից, Օրանժից մինչեւ Տուրին եւ այլուր հանդես եկած խոնարհ ծառայիս մինչեւ այսօր համեմատել են Մարիա Կալլասի, Մոնսերատ Կաբալիեի, Ռենատա Սկոտտոյի եւ այլ մեծությունների հետ եւ ոչ թե… Կարծում եմ` մեր սիրելի երկիրը այսօր շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու, քան ռուսաստանաբնակ ռեժիսորի այսօրինակ ցածր եւ անթույլատրելի արարքը: Եթե փնտրվում են ինտրիգներ, ապա դա կարելի է անել իմ անձից եւ անունից անկախ ու հեռու»:

 

 

 
«ՆՄԱՆ ԺԱՆՐԻ ԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ»

«Իքս ֆակտոր» երաժշտական մրցույթի հաղթող, երգչուհի Սրբուհի Սարգսյանը իր բենդի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում շրջում է Հայաստանի տարբեր մարզերով եւ «Եվրոպայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանդես գալիս համերգներով:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով` նշելով, որ իր համար մարզերում բացահայտել է բավական հետաքրքիր եւ էներգիայով լի լսարան. «Շրջագայել ենք Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ այլ մարզերում, եղել տարբեր քաղաքներում: Երաժշտությունը, որ մտածում ես` այնտեղի ժողովուրդը գուցե չհասկանա, ոչ միայն ընկալվում էր, այլեւ մեզ հավասար երգում եւ բուռն արձագանքում էին: Զգում ես, թե մարզերի ժողովուրդը որքան շատ համերգների կարիք ունի: Իրենց համար նմանատիպ միջոցառումները ուղղակի տոն են: Ի դեպ, ասեմ, որ բացօթյա համերգներից շատերի ընթացքում մարզերում անձրեւ էր տեղում, սակայն ժողովուրդը չէր հեռանում, այդ հանգամանքը նրանց ոչ մի կերպ չէր խանգարում»,- ներկայացրեց երգչուհին:
Սրբուհին, անդրադառնալով նոր տեսահոլովակ թողարկելու՝ իր երկրպագուների «պահանջին», շտապեց ուրախացնել նրանց: Երգչուհին տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է երկու նոր տեսահոլովակի պրեմիերա: Դրանցից մեկն արդեն պատրաստ է, այն նկարահանվել է երգահան, հումորիստ Գարիկ Պապոյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա, որը կոչվում է «Boat» եւ գրվել է «խպչՏՍ վՈ տՏՎՌվպ» ռուսական ֆիլմի համար: Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Վահան Գրիգորյանի առաջարկով:
Իսկ երկրորդ տեսահոլովակը, Սրբուհու խոսքով, կբացահայտի երգչուհուն բոլորովին նոր դիտանկյունից եւ ժանրային առումով իր հետ կբերի թարմ շունչ: Երգի երաժշտության հեղինակներն են Սրբուհին, Լազարոն, Արթուր Ալեքը, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը. «Նման ժանրի երգ Հայաստանում չկա, դա նորություն կլինի մեր երգարվեստում: Հուսով ենք` շատերին դուր կգա»,-եզրափակեց Սրբուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱԴԵԼԻ ՌԵԿՈՐԴԸ
Բրիտանացի երգչուհի, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Ադելը պատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում 130 մլն դոլարի պայմանագիր կնքել Sony Music ընկերության հետ: Ինչպես փոխանցում է The Telegraph-ը՝ սա բրիտանական երգարվեստի պատմության մեջ կլինի ամենախոշոր պայմանագիրը: Նշենք, որ այդ առումով երկրի պատմության մեջ խոշորագույն ռեկորդը սահմանել է Ռոբի Ուիլյամսը, ով 2002թ. EMI Records-ի հետ կնքել էր 116 մլն դոլարի պայմանագիր:
 

ԿԱՆՆԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ
Անգլիացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմը դարձել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր: Սա Լոուչի երկրորդ «Ոսկե արմավենու ճյուղն» է, առաջինը նա ստացել է 2006 թվականին՝ «Քամին, որն օրորում է հավամրգին» ֆիլմի համար: Կարեւորությամբ երկրորդ պարգեւը՝ «Գրան պրին», շնորհվել է երիտասարդ կանադացի ռեժիսոր Կսավիե Դոլանին՝ «Սա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար: Ռեժիսուրայի համար մրցանակը ժյուրին կիսել է երկու ռեժիսորների՝ ռումինացի Կրիստիան Մունջիուի («Շրջանավարտը») եւ Օլիվիե Ասայասի («Անհատական գնորդը») միջեւ: Լավագույն սցենարի համար պարգեւն ստացել է իրանցի Ասգար Ֆարհադին («Հաճախորդը»): Ժյուրիի մրցանակը շնորհվել է Անդրեաս Առնոլդի «Ամերիկուհի լավիկը» ֆիլմին: Իրանցի դերասան Շահաբ Օսեյնին, որը խաղացել է Ասգար Ֆարհադիի «Հաճախորդը» ֆիլմում, ստացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակը: Լավագույն դերասանուհի է ճանաչվել ֆիլիպինուհի Ժակլին Ժոզեն Բրիյանտե Մենդոզի «Մամա Ռոզա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար: Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» հանձնվել է ֆրանսիացի դերասան Ժան Պիեռ Լեոյին, որը հռչակվել է Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված» լեգենդար կինոնկարում գլխավոր դերի կատարմամբ: Այս տարի միջազգային ժյուրին գլխավորել է ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը: Կաննի 69¬րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 11¬ից մինչեւ 22¬ը:

 

 

ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
Ուկրաինան չի հրաժարվի «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի անցկացումից: Այս մասին հայտնել է այդ երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել մրցույթը. «Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք «Եվրատեսիլը» պրոֆեսիոնալ մակարդակով անցկացնելու համար»,-ասել է նա:
Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է մրցույթի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի, քանի որ դրա կազմակերպման ու անցկացման ծախսերը բավական մեծ են:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան:




Լրահոս