Փողերը գրպանելու տարբերակ. պետությունը վարձակալում է նախկին նախարարի տարածքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտոնյաներից շատերը իրենց ղեկավարած գերատեսչությանը հատկացվող պետական գումարները տարբեր ճանապարհներով հաճախ են ուղղում սեփական գրպանը: Օրինակ՝ ստեղծում են մասնավոր ընկերություններ եւ իրենց ղեկավարած գերատեսչության գնումները կատարում են այդ ընկերության միջոցով: Պետական գումարները գրպանելու մեկ այլ տարբերակ է պետական շինությունները «սեփականաշնորհելն» ու դրանք տարբեր գերատեսչություններին վարձով տալը:

Երեւանի Տիգրան մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքը, որը գտնվում է կապի եւ տրանսպորտի նախարարության անմիջական հարեւանությամբ, հետաքրքիր պատմություն ունի. այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին: Դեռ այդ տարիներին ընկերության բաժնեմասի 48,67 տոկոսը տնօրինել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս քաղաքաշինության նախարարության, իսկ 51,33 տոկոսը՝ «Հանարդնախագիծ ինստիտուտը»:

Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարար էր (2000-2007), նրա ղեկավարման ոլորտում որոշ կառույցներ ավելացան, եւ վերջինս իր համար նախարարության շենք պահանջեց: Այս նպատակով կառավարությունը նրան հատկացրեց պետական գույքի կառավարման վարչության տարածքները, իսկ վերջինիս էլ տեղափոխեց «Հանարդնախագիծ ինստիտուտի» շենք: Նշենք, որ մինչ այդ էլ վարչության որոշ բաժիններ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էին ինստիտուտի տարածքները: Հետո կառավարությունը 2005 թվականի 304 որոշմամբ իր բաժնեմասը՝ 4600 քմ, հանձնեց այդ վարչությանը: Բայց շենքի այն մասը, որը պետք է զբաղեցներ վարչությունը, ուներ ընդամենը 4100 քմ, իսկ մնացած 500 քմ-ն պետք է տրվեր ինստիտուտի անկյունային շինությունից, ինչը հարմար չէր: Այս խնդիրը կարգավորելու նպատակով, ի վերջո, կողմերը փոխհամաձայնության էին եկել եւ որոշել, որ այդ միջանկյալ կառույցը մնա ինստիտուտին, իսկ դրա փոխարեն ինստիտուտը պետական գույքի կառավաման վարչության թեւի վրա իր միջոցներով պետք է ավելացներ 6-րդ հարկ եւ այդպես փակեր 500 քմ-ի պարտքը: Ինչն էլ արվեց 2006 թվականին:

Այժմ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից կառավարությանն առընթեր մարմիններն իրենց գործունեության նպատակով տարածքներ են վարձակալում, ինչի համար պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում:

Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում է գործում նաեւ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Ի դեպ, կառավարության այս տարվա փետրվարի 24-ի որոշմամբ՝ գործադիրը վարձակալեց «Հանարդնախագիծ» ընկերությանը պատկանող 350 ք.մ գրասենյակային տարածք՝ ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալությանը տարածքով ապահովելու նպատակով: Իսկ, ահա, նախորդ տարվա օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից կառավարությունը 5 ամսով տարածք վարձակալեց նաեւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության համար: Եւ այս 5 ամսվա համար պետբյուջեից հատկացվեց 6 մլն 868 հազար դրամ. ամսական 1 մլն 973 հազար 600 դրամ:

Նշված պետական կառույցների տարածքների վարձակալման համար պետբյուջեից արվող միլիոնավոր դրամների հատկացումները գուցե այդքան արտառոց չթվային, եթե չլիներ հետեւյալ հանգամանքը. ըստ շրջանառվող լուրերի՝ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ներկայումս ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին:

Հիշեցնենք, որ 2004 թվականին, երբ հիմնադրվեց «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, ապա երբ կառուցվեց վերը նշված 6-րդ հարկը, Արամ Հարությունյանը քաղաքաշինության նախարարն էր: Այդ ժամանակ, ի դեպ, քաղաքաշինութան նախարարի կողմից կառուցվող հսկայական «մասանդրայի» դեմ հրապարակավ հանդես են եկել տարբեր մասնագետներ, ճարտարապետներ: Բացի այդ՝ 2012 թվականին լրատվամիջոցներում մի նամակ հայտնվեց, որտեղ նշված էր, որ «Հանարդնախագծի» շենքի նկուղային հարկում ինչ-որ օբյեկտի շինարարություն է իրականացվում: Եվ դա նույնպես կապվեց Արամ Հարությունյանի անվան, մասնավորապես նրա քրոջ ամուսնու՝ ոմն Արշակի հետ:

Բացի այս՝ եւս մեկ պատմություն՝ կապված «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի եւ Արամ Հարությունյանի հետ. ՀՀ կառավարությունը դեռեւս 2010 թվականի երկրորդ եռամսյակում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների համար հատկացրել էր 32 մլն դրամ, աշխատանքն էլ հանձնարարվել էր բնապահպանության նախարարությանը: Իսկ այդ տարիներին բնապահպանության նախարարը Արամ Հարությունյանն էր, ով նախագծային աշխատանքներն իրականացնելու թույլտվություն էր տրամադրել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին, սակայն շինարարական աշխատանքները փաստացի իրականացրել էր «Նաիրիշին» ԲԲԸ-ն: Վերջինս, ի դեպ, նույնպես կապվում է Հարությունյանի անվան հետ. համառ լուրեր են շրջանառվում, որ Հարությունյանին է պատկանում ոչ միայն «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի, այլեւ «Նաիրիշին»-ի բաժնեմասերի հիմնական փաթեթը:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը այս տարվա հունվարի 20-ին պայմանագիր է կնքել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հետ, ըստ որի՝ մեկ տարվա համար վարձակալած տարածքի դիմաց վճարել է 127 մլն 297 հազար 200 դրամ: Ստացվում է, որ պետական գույքի կառավարման վարչության համար կառավարությունը ամսական «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին վճարում է 1 մլն 608 հազար 100 դրամի չափով վարձ: Ի դեպ, կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրենն է Արայիկ Խաչիկի Հարությունյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նշենք, որ Արամ Հարությունյանը նույնպես Եղվարդից է:

Ներկայացված տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ե՛ւ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի, ե՛ւ Արամ Հարությունյանի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս