Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել, եթե ինչ-ինչ պատճառներով բաց է թողնվել բողոքարկման ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդյոք հնարավո՞ր է վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել, եթե ինչ-ինչ պատճառներով բաց է թողնվել բողոքարկման ժամկետը: Եթե այո՛, ապա խնդրում եմ ասել, թե ինչպիսին է կարգը:

Մարգո Ղազարյան (46 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել՝ վերականգնելու բաց թողնված ժամկետը:

Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին՝ բացատրություններ տալու համար: Նշենք, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը եւ քննել գործը: Ավելացնենք, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատարաններին առնչվող մեր հայրենակիցները նշված հարցին հաճախ են բախվում, եւ այս պարզաբանումը, կարծում ենք, մարդկանց իրավունքները ճշտելու լավ հնարավորություն է:




Լրահոս