«ԳՐՔԵՐ «ՆԱՂԴԵԼՈՒ» ԲԻԶՆԵՍԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է իր` «Գրքեր «նաղդելու» բիզնեսը» շարքը` անդրադառնալով այն բուհերին եւ դասախոսներին, որոնք պարտադրաբար գրքեր են վաճառում ուսանողներին: Մեր հերթական անդրադարձը վերաբերում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտին (ԳՊՄԻ), որի ուսանողները եւս բողոքում են ստիպողաբար գրքեր  գնելու  երեւույթից:
«Կրոնագիտությունը մեզ մոտ զաչոտի առարկա է, բայց հարցատոմսի բոլոր հարցերն այդ գրքից են: Զաչոտից դեռ շատ առաջ` ուսանողների հետ ծանոթանալու սկզբնական  օրերից, Հայկ ՀԱրոյանն ասում է, որ պետք է գնենք իր հեղինակած «Կրոնագիտություն» գիրքը, ավելին, գնելը պարտադիր է: Իր դասերի ընթացքում լեկցիաներ չենք գրում, ինքը ընդամենը պատմում է թեման, որը պետք է իր գրքի միջոցով ուսումնասիրենք»,-մեզ հետ զրույցում ասաց ԳՊՄԻ ուսանողուհին: Նրա խոսքով` գիրքն արժե 3000 դրամ, ու քանի որ ուսանողների համար դժվար է վճարել այդ գումարը, դասախոսն առաջարկում է 2 ուսանողով մեկ գիրք վերցնել` կիսելով գումարը. «Բայց մենք հաճախում ենք դասերի, որ դասախոսություններ գրենք կամ գրադարանից օգտվենք, եթե հարկ լինի, եւ ոչ թե փող ծախսենք ու գնումներ անենք ոչ մեր նախընտրությամբ»:
Ուսանողի դժգոհության հետքերով դիմեցինք ԳՊՄԻ, որի ուսումնամեթոդական վարչության պետ Բագրատ Պողոսյանը վստահեցրեց, թե իրենք շատ ուշադիր են նման դեպքերը կանխելու գործում. «Օրինակ՝ անցած տարի դասախոսներից մեկը 700 դրամ արժողությամբ գիրք էր փորձել վաճառել ուսանողներին, մեր միջամտության արդյունքում անմիջապես կանխվեց երեւույթը: Մանկավարժականում՝ ուսանողների շրջանում, վախի մթնոլորտ չկա, իրենք ազատ են իրենց բողոքը ներկայացնել նաեւ մեր ուսումնամեթոդական վարչություն»:
Մեզ հաջողվեց զրուցել նաեւ անձամբ կրոնագիտության դասախոս Հայկ Հարոյանի հետ, որն իր հասցեին հնչած բողոքի կապակցությամբ նշեց հետեւյալը. «Իմ գիրքը 2005-ին է հրատարակվել, ես գիրք չունեմ, որ վաճառեմ: Այլ գրքերի ցանկում նաեւ կրոնագիտության իմ գիրքն է հանձնարարված, այնտեղից` որոշ վերնագրեր: Ես չեմ ստիպել գնել, ուսանողներն իրենց կամքով են որոշել օգտվել այդ գրքից: Մտածում եմ, որ սա իմ դեմ ուղղված ինչ-որ քայլ է»:
Մանկավարժականի ուսանողուհիներից մեկն էլ իր դժգոհությունը հայտնեց՝ Հայկազ Հակոբջանյանի «Ով մարդկային արդարություն» վեպի պարտադրաբար վաճառքի հետ կապված: Նշենք, որ Հակոբջանյանն արդեն երկար տարիներ ԳՊՄԻ-ում չի աշխատում: Ավելին, ինչպես տեղեկացանք, վերջին տարիներին ՀՀ-ից դուրս է ապրում, սակայն իր գրքերը, փաստորեն, դեռ վաճառվում են:
«Այդ գիրքը ինչ գնեցինք, տանը դրված է, նույնիսկ հանձնարարություններ չունեցանք այնտեղից, բայց մի 15 հատ բերեցին մեր կուրս եւ ասացին, թե պիտի վերցնեք, պարտադիր է: Սա նախորդ տարի էր: Նույնիսկ այդ դասախոսի երեսը չենք տեսել, չենք էլ ճանաչում: Ես ու կուրսեցիս միասին մի գիրք վերցրինք` 2000 դրամ արժողությամբ: Ի դեպ, թեկուզ 1000 դրամը  այդ շրջանում ինձ համար մեծ գումար էր, որը չվճարելու դեպքում խնդիրներ պիտի ունենայի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ԳՊՄԻ պատմաբանասիրական ֆակուլտետի մեկ այլ ուսանողուհի:
Քանի որ Հակոբջանյանն այլեւս Գյումրու մանկավարժականի աշխատակից չէ, ինստիտուտից մեզ առաջարկեցին զրուցել գրականության ամբիոնի ներկայիս վարիչ Գագիկ Խաչիկյանի հետ: (Նշենք, որ 7-8 տարի առաջ այդ ամբիոնի վարիչը Հակոբջանյանն է եղել):
Գագիկ Խաչիկյանի խոսքով` պատմաբանասիրական ֆակուլտետում ստիպողաբար գիրք վաճառելու երեւույթ գոյություն չունի: Չի վաճառվել նաեւ «Ով մարդկային արդարություն»-ը. «Հիմա այդ գրքերից ընդամենը նմուշներ են ինստիտուտի գրադարանում, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան օգտվել դրանցից: Գուցե Հակոբջանյանի դասավանդման տարիներին է վաճառվել, հիմա, համենայնդեպս, գրականության ամբիոնում նման երեւույթ` պարտադրաբար գրքեր վաճառել, գոյություն չունի»:
Ի դեպ, ուսանողները մեր խմբագրություն էին ներկայացրել նաեւ իրենց գնած գրքերը: Նրանք  հուսով են, որ այդ երեւույթին վերջ կտրվի: Հասկանալի պատճառներով չներկայացան, սակայն ափսոսանք ու մտահոգություն հայտնեցին, որ նման երեւույթները բացասաբար են ազդում ոչ միայն իրենց դրամապանակի, այլեւ բուհի հեղինակության վրա: Վերջում ուսանողուհիներից մեկը հավելեց. «Պարտադրաբար գնեցինք  «Ով մարդկային արդարություն»-ը, դա՞ էր մարդկային արդարությունը»:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս