«ԿՎԵՐԱԾՆՎԵՆ» ԲՈԼՈՐԻ ՀԵՏ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի շրջանում ներքին բանակցություններ են ընթանում, թե ով ում հետ է պատկերացնում իր ճանապարհը: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վերածնված» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

-Տիկի՛ն Բիշարյան, «Հայկական վերածնունդը» ո՞ւմ մեջ է դաշնակից տեսնում:
-Գիտեք՝ այսօր խոսել ապագա համագործակցության մասին, շատ վաղ է, որովհետեւ քաղաքական դաշտում դեռեւս ձեւավորվում են ուժերը, հստակեցվում, համագումարներ են հրավիրում եւ որոշ ժամանակ էլ պետք է, որպեսզի տեսնես՝ ինչպիսի թափ են առնում, ինչ նպատակներ եւ ծրագրեր ունեն: Ամենագլխավորը, երբ նպատակները եւ ծրագրերը համընկնեն, բնականաբար, կլինեն համագործակցության եզրեր, մենք բաց ենք՝ բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատելու համար
-Կա՞ մի կուսակցություն, որի հետ բացառում եք ձեր համագործակցությունը:
-Ո՛չ, չկա այդպիսի կուսակցություն:
-Այսինքն՝ բոլորի հետ պատրա՞ստ եք համագործակցել:
-Իհարկե, իհարկե:
-Օրինակ՝ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ կհամագործակցե՞ք:
-Անկախ նրանից՝ Դուք ում մասին եք ինձանից հարցնում, մենք պատրաստ ենք քննարկելու դա:
-Այսինքն՝ չեք բացառում, որ Տիգրան Կարապետյանին էլ կմիանաք:
-Որեւէ մեկի հետ որեւէ բացառություն չենք տեսնում:
-Խոսակցություններ կան, որ Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ հնարավոր է «համախմբվեք»:
-Ճիշտն ասած՝ ինձ տանում են այնպիսի մի դաշտ, որտեղ կանխագուշակումներ պետք է անեմ, հնարավոր է, հնարավոր չի, եթե, եթե..: Բնականաբար, քաղաքական դաշտում չեն կարող չլինել խոսակցություններ: Բոլորս, այսպես ասած, քաղաքական միավորներ ենք եւ քաղաքական գործիչներ, անընդհատ հանդիպում ենք, քննարկում ենք, խոսում ենք տարբեր խնդիրների շուրջ: Դուք տեսաք, որ ընտրական օրենսգրքի շրջանակներում երկարաժամկետ աշխատեցինք ՀԱԿ կուսակցության հետ, նույնիսկ իշխանության հետ, որպեսզի ստանանք լավագույն նախագիծը, որով պայմանավորված է քաղաքական ուժերի ապագան: Նպատակները, խնդիրները առաջ են մղում՝ ում հետ աշխատել եւ ինչպես:
-Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օգնում է Վարդան Օսկանյանին եւ ձեզ: Այդպիսի տեղեկություններ սպրդեցին. այս երեք ուժերի միավորումը ե՞րբ կլինի:
-Չեմ ուզենա անուններ հնչեն՝ օգնում են կամ չեն օգնում: Արա Աբրահամյանը ում է օգնում, ում չի օգնում, ում կողքին է, ում կողքին չէ, սա մի ուրիշ հարց է, որը կապ չունի ապագա համագործակցության հետ:
-Դուք ասում եք՝ բիզնեսը քաղաքականությունից պիտի տարանջատվի, ձեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը խոշոր բիզնեսմեն է դարձել 2008-ից հետո. ազգային անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուն զուգահեռ գինու գործարան, հյուրանոցներ եւ այլ սեփականություններ ունեցավ:
-Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է:
-Այսինքն՝ բիզնեսներ չունի՞:
-Այն, որ կա գործարան, որը, այո, հողի վրա ձեւավորվել է, կառուցվել է եւ ստեղծվել է աշխատատեղ, դա չի կարելի բերել քաղաքական դաշտ եւ ասել՝ այ, որ սա ստեղծվել է, որեւէ գործարան: Նա քաղաքական գործիչ եղել է եւ մնում է:
-ՀՀ կառավարության միջամտությունից հետո օրենքով հնարավոր կլինի ՕԵԿ խմբակցության անունը փոխել: Այս փոփոխությունը ի՞նչ կտա ձեզ, հո ձեր դեմքն էլ չի՞ փոխվել, մեկ է՝ բոլորը ձեզ ՕԵԿ գիտեն:
-Եթե շատ գեղեցիկ աղջիկ չլինեիր, ես քեզ կվիրավորեի: «Օրինաց երկիր» կուսակցությունը անունը չի փոխել: Այս պահին էլ դեռ գիտեք՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը կա: «Օրինաց երկիր» կուսակցությունը, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է համախմբման մասին: Ասել է՝ Հայաստանին անհրաժեշտ է վերածնունդ: Արդեն երկրորդ տարին է՝ մենք այդ գաղափարը դրել ենք շրջանառության մեջ:
Արթուր Բաղդասարյանի նպատակն էր ստեղծել այդպիսի մի միավորում եւ ստեղծեց: Հայտարարեց բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին, անձերին՝ եկեք, միավորվենք, ձեւավորենք մի հասարակական, քաղաքական միավոր, այդպես էլ կոչվեց՝ «Վերածնունդը», որը կպայքարի, էլի եմ ասում, ընտրությունների միջոցով ունենալու լրջագույն հաջողություն, երկրում ինչ-որ բան փոխելու: Եվ, փառք Աստծո, եղան մտահոգ մարդիկ, 170-ից ավելի հասարակական կազմակերպություններ, դեռեւս, եթե հետեւեք, գործընթացը շարունակվում է, գալիս են:
Թե չէ դա կապել «Օրինաց երկիր» կուսակցության անվանափոխության հետ, միայն կարճամտություն է եւ քաղաքական խանդ, չգիտեմ, տարբեր բացասական որակներ կարող եմ տալ, որովհետեւ մտածող մարդը իմ կողմնակիցը կլինի, քանի որ ազնվորեն բացատրեցի եւ ասեցի այն, ինչը մենք արեցինք բոլորիդ աչքի առաջ:
Հ. Գ. Հարցազրույցը անցկացրել ենք այն ժամանակ, երբ ԱԺ-ում Բիշարյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը դեռ չէր կայացել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿԱԶԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱ՞ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ

Հունիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, որի ժամանակ վերջիններիս է ներկայացրել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Նկատենք, սակայն, որ հանդիպմանը հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են ներկա եղել: Մասնակցել են ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը, Նաիրա Կարապետյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Մհեր Շարգելդյանը, Գուրգեն Արսենյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը:
«Ժողովուրդ»-ը հանդիպման մանրամասները պարզելու ակնկալիքով զրուցեց նրանցից մի քանիսի հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը նշեց, որ հանդիպումը փակ է եղել, եւ ոչինչ չի կարող ասել: Նույն պատասխանը հնչեց նաեւ Մհեր Շարգելդյանի եւ Գուրգեն Արսենյանի կողմից:
Թեեւ հանդիպումը փակ էր, սակայն քննարկված հարցերը հանրայիին մեծ հետաքրքրություն են ներկայացնում, ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավորներից ոչ պաշտոնապես տեղեկանալ, թե ինչ հարցեր են քննարկվել ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Գաղտնիության սկզբունքը պահպանելու պայմանով ԱԺ մի շարք պատգամավորներ մեզ տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում Նալբանդյանից հետաքրքրվել են, թե ինչ հարցեր են քննարկվել, եւ ինչ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները, ինչին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է, որ կոնկրետ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն գնում, այլ ընդամենը փորձ է արվում բանակցությունների առողջացման մթնոլորտ ստեղծել, պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղության համար, որից հետո նոր կանցնեն բովանդակային քննարկումներին:
Նշենք նաեւ, որ հանդիպումը նախանշված ժամից բավականին ուշ է սկսվել, այդ իսկ պատճառով նախատեսված 2 ժամի փոխարեն քննարկումը մոտ 40 րոպե է տեւել: Թերեւս ժամանակի սղության պատճառով է եղել, որ պատգամավորները չեն հասցրել Նալբանդյանին հարցնել՝ արդյո՞ք Կազանյան փաստաթուղթը, որով նախատեսվում է ԼՂՀ հարակից շրջանների հանձնում Ադրբեջանին, բանակցությունների սեղանին է: Այնուամենայնիվ, հանդիպման ընթացքում նախարարը փորձել է հանգստացնել պատգամավորներին՝ վստահեցնելով, թե որեւէ վտանգավոր գործընթաց տեղի չի ունենում, եւ անհանգստության կարիք չկա:
«Ժողովուրդ»-ը փակ նիստի որոշ մանրամասներ ընտրողաբար ներկայացնում է, որպեսզի հասարակության շրջանում առկա տեղեկատվական քաղցը հնարավորինս հագեցնի: Հուսանք, որ իսկապես Էդվարդ Նալբանդյանը ԱԺ պատգամավորներից որեւէ բան չի թաքցնում, եւ բանակցությունները գնում են մեզ համար ոչ վտանգահարույց հունով:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԱՇՆԱՆ ՎԵՐՋԻՆ ԿԱՍԻ
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններում կուսակցություններից ում հետ կհամագործակցի, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմի՞, թե՞ ոչ: «Հայ ազգային կոնգրեսի հետ ունենք դաշինքային, կարելի է ասել, համագործակցություն, բնականաբար կա սերտ համագործակցություն, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրան կանդրադառնանք ավելի ուշ, աշնանը»,- ասաց Դեմիրճյանը: Հնարավոր է՝ ՀԺԿ-ն միանա անվանափոխված ՕԵԿ-ին, այսինքն՝ «Հայկական վերածնունդ»-ին կամ էլ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Ի վերջո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆինանսավորում է «Հայկական վերածննդին», իսկ Աբրահամյանը եւ Դեմիրճյանը խնամիներ են: Ի պատասխան՝ ՀԺԿ նախագահն ասաց. «Ես ինչ-որ ասելու էի, ասացի: Ընտրությունների հետ կապված հարցերին կանդրադառնանք ավելի ուշ՝ աշնանը, այսօր ես ավելին ասել չեմ կարող»: Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ:

 

 

ԴԵՌ ՆՈՒՅՆՆ Է
Քարաթափման հետեւանքով հունիսի 23-ից փակված է Վերին Լարսի անցակետը: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի վերջին նորություններից: «Դեռ փորձում են գետի հունը փոխել, որպեսզի հնարավորություն ստանան ճանապարհային պատկերացում ունենալ»: Ի դեպ, մեքենաներն այս ընթացքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներից: Նշենք, որ այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:

 

 

3000 ԱԿՏ
Դեռեւս 2016-ի հունիսի 25-ին ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ խաբեությամբ՝ նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո նախատեսված գումարները չեն վճարել: Արդյունքում, այս գործով 12 անձ այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել: Երեկ հայտնի դարձավ, որ վերը նկարագրված ճանապարհով անվճարունակ քաղաքացիների անուններով ՃՈ-ն դուրս է գրել շուրջ 3 հազար վարչական ակտ: Մեր տեղեկություններով՝ 12 մեղադրյալներով այս գործը չի սահմանափակվի, նրանց թիվը կշարունակի աճել, որոնց թվում կլինեն նաեւ պաշտոնատար անձինք: Չի բացառվում` գործը հասնի նաեւ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանին:




Լրահոս