ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 ՄԻԼԻՈՆ
Եթե նախկինում նախագահական նստավայրում ամեն ամիս գնում էին 1 մլն դրամի կոնյակ, ապա հոկտեմբերին նրանք կրկնապատկել են ծավալները: Միայն հոկտեմբերին նախագահականը 2 մլն դրամ է ծախսել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախագահականը գնել է 51 հատ 0.5 լիտր տարողությամբ եւ 38 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ: Այլ կերպ ասած՝ նախագահականը գնել է 52 լիտր կոնյակ` այդ ամենի համար հարկատուներիս գրպանից վճարելով մոտ 5 հազար դոլար:

ՃՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ լսումները գնալով վերածվում են ժամանցային միջոցառումների: Բանն այն է, որ խորհրդարանի հանձնաժողովները վերջերս իրենց լսումները կազմակերպում են ԱԺ շենքից դուրս, հիմնականում հյուրանոցներում: Իսկ լսումներն ընդմիջվում են բավական ճոխ հյուրասիրություններով: Երեկ, օրինակ, ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը ՀՀ ազգային պատկերասրահում լսումներ էր կազմակերպել պատմական հուշարձանների պահպանման թեմայով: Իսկ ընդմիջմանն էլ եղել է շքեղ ֆուրշեթ` ճոխ ուտեստներով, էկզոտիկ մրգերով, շոկոլադե ֆոնդյուով եւ այլն: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին էլ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ էր արել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, իսկ օրակարգում եղել էր ընդամենը 1 հարց` 2013թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվությունը: Հանձնաժողովի արտագնա նիստն ուղեկցվել էր սաունայում, լողավազանում հրաշալի ժամանցով: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրին, որ այդ հյուրասիրություններն ԱԺ հաշվին չեն կազմակերպվել: Նշենք, որ երկուշաբթի օրն էլ «Անի պլազա» հյուրանոցում լսումներ են կազմակերպել ԱԺ եվրաինտեգրացիայի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները:

ՏԵՂՅԱԿ Է, ԲԱՅՑ…
«Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում հոկտեմբերի 31-ին՝ ջրագնդակի առաջնության ժամանակ, Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից Գագիկ Հովհաննիսյանը դաժանաբար ծեծի է ենթարկել մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից (Կրակեմ Հրաչ) պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Վերջինս թեեւ ասաց, որ տեղյակ է կատարվածից, սակայն հրաժարվեց մանրամասներ ներկայացնել. «Բայց ինչի՞ է ձեզ հետաքրքրում, հետաքննություն է կատարվում, հետաքննությունից հետո բոլոր նյութերին ծանոթացե՛ք, իմացե՛ք՝ ինչ է եղել, ոնց է պատահել, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել: Ես ամեն ինչից շատ հիանալի տեղյակ եմ, հետաքննությունից հետո ամեն ինչ կպարզվի»:




Լրահոս