«ԴԵՐԱՍԱՆՆ ՈՒՆԻ ԱՅՆ ԱՄԲԻՈՆԸ, ՈՐԸ ՇԱՏԵՐԸ ՉՈՒՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի տարի շատերն ասում են, որ թատրոնը մեռնում է, սակայն այն շարունակում է գոյատեւել, երբեմն՝ լիարժեք ապրել, ավելին, պարզվում է, որ Հոլանդիայում էլ արդեն հայկական թատրոն է բացվել։ Այդ մասին «Ժողովուրդ»-ին պատմեց Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Արմեն Բարսեղյանը, ով պրոդյուսեր, թատրոնի հիմնադիր Մարինե Սաֆարյանի հրավերով մեկնել էր Էյնդհովեն՝ օգնելու մասնագիտական հարցերով։ Սկսել էր բեմադրության աշխատանքները, որոնք հիմնականում ֆինանսական պատճառով դադարեցվել են:
-Թատրոնն առաջինն է տարածաշրջանում, կրում է «Պիրամիդա» (բուրգ) անունը, որպեսզի բոլորին մի քիչ ծանոթ լինի, այնտեղ կան ե՛ւ պրոֆեսիոնալ դերասաններ, ե՛ւ սիրողներ… Հոլանդական օրենքներով պայմանավորված՝ տեղի հայ համայնքը կոմպակտ չի բնակվում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում… Բնակվում են միմյանցից 50, 80, 100 կիլոմետր հեռավորության վրա, ու փորձ կազմակերպելը բավականին դժվար է լինում, առավել եւս, որ ինչ-որ տեղ աշխատում կամ սովորում են։ Բայց հույսս չեմ կորցրել, որովհետեւ Մարինեն ու Արթուր Սուքիասյանը հոկտեմբերին Բելգիայում բացել են բար-թատրոն, որը կոչվում է «Կախարդական վայր»։ Արթուրն ու նրա կինը՝ Արմինեն, ե՛ւ դերասան են, ե՛ւ պարող ու այնտեղ պարային համարներ են ցուցադրում, աճպարարություն անում, հրավիրել են դասական ջութակահարների խմբի, ջազ բենդի։ Մի խոսքով, շոու ծրագիր է եղել։ Եթե Բելգիայում գործերը լավ ընթանան, կարծում եմ՝ թատրոնն էլ դրանից կշահի։
-Երեւի դրամատիկական թատրոնի ամենաշատ ծանրաբեռնված դերասաններից մեկն եք, բայց նաեւ այլ տեղերում եք աշխատում։
-Ցավոք, կյանքի դժվարություններն են դերասաններիս ստիպում մի քանի տեղ աշխատել, բայց լավ է, որ գոնե մեր գործով ենք զբաղվում։ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում գործում է նաեւ թատերական խմբակ, որի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Խաչերյանը երկու տարի առաջ ինձ առաջարկեց ներկայացում բեմադրել։ Իմ առաջին բեմադրությունը «Պատրաստվի՛ր թռիչքի» ներկայացումն էր, որը գրված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց իրական պատմությունների հիման վրա։ Նրանք պատմել էին զավեշտալի դեպքեր, հետաքրքիր, նաեւ սիրո մասին պատմություններ։ Մարինե Քոչարյանն իմ առաջարկով այդ ամենը պիեսի վերածեց, որը բեմադրեցի։ Ի դեպ, հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց հետ տեղի ունեցած ծիծաղաշարժ դեպքերը պատմում են հումորով, շատ, այսպես ասած, հավեսով։ Հիմա փոքրիկ պիեսը մեծացրել ենք, գրվել է նաեւ կինոսցենար, որը Ազգային կինոկենտրոն եմ ներկայացրել։ Ապա մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանի մանրապատումներից ընտրեցի «Աղախինը» եւ «Խորոշոն», որը վերջերս Վանաձորում ներկայացրինք երկրորդ անգամ, իսկ առաջին անգամ դա արել էինք «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի ժամանակ։ Բայց պաշտոնական պրեմիերան կլինի դեկտեմբերի 4-ին Տիկնիկային թատրոնում։
-Ովքե՞ր են խաղում ներկայացման մեջ։
-«Հույսի կամուրջ»-ի պատանիներն են։ Այս տարի ներկայացման մեջ Սիրիայից գաղթած քույր ու եղբոր էլ ենք ընդգրկել։ Մեր նպատակը նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրումն է հասարակության մեջ, ու հենց բեմում դա կատարվում է. ե՛ւ հաշմանդամություն ունեցող, ե՛ւ հաշմանդամություն չունեցողներ են խաղում։
-Տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված ակցիաներին նաեւ դերասանները, շոու բիզնեսի ներկայացուցիչները մասնակցեցին։ Դերասանն ա՞յդ ձեւով պետք է ներկայացնի իր դիրքորոշումը։
-Ընդհանրապես դերասանն ունի այն ամբիոնը, որը շատերը չունեն. բեմը շատ ավելի մեծ ամբիոն է, քան որեւէ հարթակ։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքում, հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դրանց մենք էլ ենք մասնակցում. մենք էլ այս պետության քաղաքացին ենք, ունենք մեր դարդուցավը, պետության լավից ուրախանում, վատից տխրում ենք, այնպես չէ, որ հասարակությունից կղզիացած` ապրում, մեր գործն ենք անում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս