ՊԱՇՏՈՆԸ ԺԱՌԱՆԳԵԼ Է ՈՐԴՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի հիմնական դժբախտություններից մեկը կառավարման համակարգում մասնագետների ու աշխատելու կարողություն, ցանկություն ունեցող մարդկանց պակասն է: Այս երեւույթի պատճառն այն է, որ պատասխանատու բարձր պաշտոններում տեղ են զբաղեցնում մարդիկ, որոնք այս կամ այն թելով կապված են իշխանության հետ: Իսկ իշխանական գործիչներն էլ ջանում են իրենց «ոսկե զավակներին» տեղավորել աշխատանքի` հաճախ ժառանգական սկզբունքով փոխանցելով իրենց «գահը»: Ու քանի դեռ այս մտածողությունը չի փոխվել, որքան էլ Սերժ Սարգսյանը փոփոխություն ակնկալի նոր կառավարությունից, չի ստացվի: Ինչո՞ւ, որովհետեւ նույն մտածողության կրող է նաեւ ՀՀ ապագա վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում: Պարզվում է՝ 2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետեւ՝ այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»: Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է` կապիտալ շինարարության եւ վերանորոգման գծով: Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից: Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետե՝ւ խորհրդականը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչեւ Երեւանի քաղաքապետ դառնալը մոտ տասը տարի «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր: Տիգրան Կարապետյանի ներկա աշխատավայրն ուշագրավ է այն առումով, որ տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե «Հայռուսգազարդի», իսկ հետագայում նաեւ՝ «Գազպրոմ Արմենիայի» կապիտալ շինարարությունից Կարեն Կարապետյանի ընտանիքը խոշոր եկամուտներ է ստանում: Ստացվում է, որ Կարապետյան կրտսերը «գործուղվել» է «Գազպրոմ Արմենիա», որպեսզի ընտանեկան եկամուտներն անխափան հոսեն:
Իսկ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի մեջ «փոփոխության յուրօրինակ սիմվոլ» է տեսնում: Հետաքրքիր է` կստացվի՞:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու: Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաեւ ցմահ դատապարտվածներ: Մեր տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը: Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար: Տեր-Սահակյանն արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Լուրեր կան, որ նրանից բացի՝ քննարկվում է նաեւ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանին ներում շնորհելու հարցը: Վերը նշված երկու դատապարտյալներից բացի՝ ներում կշնորհվի նաեւ սպանության համար դատապարտված նախկին ժամկետային զինծառայողներին, որոնք 18 տարեկանից անազատության մեջ են եւ տասն ու ավել տարի պատիժ են կրել:

 

 

 
Հայաստանի պետական պարտքը միայն օգոստոսի ընթացքում աճել է 100 միլիոն 700 հազար դոլարով: Պաշտոնական հաշվետվություններից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 541 միլիոն 800 հազար դոլարը արտաքին պարտքն է: Միայն այս տարվա ութ ամիսներին Հայաստանի պետական պարտքը աճել է 407 միլիոն 200 հազար դոլարով: Իսկ վերջին երկուսուկես տարիներին, կամ ավելի կոնկրետ՝ Հովիկ Աբրահամյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարելու շրջանում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 924 միլիոն 230 հազար դոլարով: Կասկածից վեր է, որ առաջիկա ամիսներին եւս Հայաստանի պետական պարտքը շարունակելու է աճել, չնայած, որ նոր կառավարություն ենք ունենալու: Սակայն փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամում է գտնվում, եւ հարկերն ու տուրքերի ներկա մակարդակը բյուջետային ծախսերը հոգալու համար բավարար չէ, մնում է պարտքով ապրելը:

 

 

 

Այսօր՝ ժամը 19-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական համագումարը: Այս համագումարը ուշագրավ է նրանով, որ ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված քաղաքական ուժի առաջին ստուգատեսն է լինելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ հունիսից ընդդիմադիր դաշտում բանավեճ է ծավալել, որի արդյունքում հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժը: Ուստի այս հանրահավաքը կարող է լինել այն փորձությունը, որը գործնականում ցույց կտա, թե ՔՊԿ-ի հավակնությունները եւ հանրության շրջանում ունեցած հեղինակությունը որքանով են հավասարազոր: Այս տեսանկյունից համագումարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ ապագայի համար կրկնակի առանցքային նշանակություն է ունենալու:

 

 

 
ԱՆՀԱՂՈՐԴ
Աժ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարել է, թե Հայաստանում չկան քաղաքական պատճառներով ձերբակալվածներ. «Ես պնդում եմ, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»,- ասել է նա: Հարցին, թե այդ դեպքում ինչ է փոխվում, եթե դատախազի թեկնածուն է պնդում, որ երկրում չկան քաղբանտարկյալներ, իրեն արդեն գլխավոր դատախազի դերում պատկերացնող Արթուր Դավթյանը հակադարձել է. «Ովքե՞ր են ասում, որ կան քաղբանտարկյալներ, որ ես էլ ոչինչ չեմ փոխելու»:
Իրականում գլխավոր դատախազի թեկնածուի այս հարցադրումը միանգամայն տեղին է: Այն, որ մեղադրական գործառույթներ ունեցող կառուցի ղեկավարը պետք է պնդի, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, թերեւս, օրինաչափ է եւ տրամաբանական, հակառակ դեպքում կստացվի, որ նա կասկածի տակ է դնում իր իսկ ներկայացրած կառույցի գործունեությունը: Եւ այս առումով տարակուսելի է այն ջղագրգիռ արձագանքը, որին արժանացավ ապագա գլխավոր դատախազի այս հայտարարությունը: Թեեւ իրականում գուցե դրա պատճառն այն է, որ իր հարցադրմամբ՝ «իսկ ովքեր են ասում, որ կան քաղբանտարկյալներ», Դավթյանը թափանցիկ կերպով ակնարկեց, որ մեր ընդդիմադիր դաշտի ուժերը եւս առանձնապես ակտիվ չեն քաղբանտարկյալների վերաբերյալ իրենց բարձրաձայնումներում:
Եւ ասել, որ գլխավոր դատախազի թեկնածուի այս պնդումը սխալ է, բավականին դժվար կլինի: Անցած տարիներին, բացառությամբ մեկ-երկու քաղաքական ուժերի, ընդհանուր առմամբ Հայաստանում քաղբանտարկյալների թեմային ընդդիմությունը գրեթե չի անդրադարձել: Իսկ եթե անդրադարձել էլ է, ապա կարծես թե դա արվել է առավելապես «գալոչկայի համար» սկզբունքով. այնպես, ինչպես նույն Շանթ Հարությունյանի դեպքում արեց «Հայ ազգային կոնգրեսը», որը Շանթի դատապարտումից ամիսներ անց միայն հայտարարությամբ հանդես եկավ եւ Շանթ Հարությունյանին ճանաչեց քաղբանտարկյալ: Սակայն ոչ մինչ այդ՝ դատավարության փուլում, ոչ էլ դրանից հետո ակտիվ բողոքի ակցիաներ չարեց: Այնպես, ինչպես անում էր գրեթե նույն փուլում քաղաքական պատճառներով կալանավորված իր երկու երիտասարդ անդամների դեպքում:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» անդամներին եւ նրանց գործողությունների արդյունքում ծավալված իրադարձությունների հետեւանքով կալանավորվածներին, ապա այստեղ ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից անհասկանալի վերաբերմունք է: Հուսանք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդդիմությունն այս հարցում կդրսեւորի ադեկվատ վարքագիծ եւ հանդես կգա գլխավոր դատախազի թեկնածուից տարբերվող դիրքորոշմամբ:




Լրահոս