ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Աբովյան փողոցում

Այս շնիկը մոտեցել է մուրացկանին եւ ինչ-որ բան է ուսումնասիրում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք կարող են դրամական օգնություն ստանալ:

Իռեն Շահումյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Շահումյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն՝
1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
3. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,
4. ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
6. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
7. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,
9. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները,
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելումներ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Զինծառայողներին՝ հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տեւողությունից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է կազմվում ժառանգությունը: Ի՞նչ գործընթաց է պահանջում այն:

Նուբար Մնացականյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու գույքային եւ որոշ անձնական ոչ գույքային իրավունքների եւ պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց: Հայաստանում ժառանգությունն իրականացվում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ընդ որում, կտակը առավելություն ունի. ինչքան էլ բարեկամները դժգոհ լինեն, ժառանգությունը կանցնի օտար մեկին, եթե դա էր հանգուցյալի կամքը` գրավոր տեսքով ձեւակերպված եւ նոտարով հաստատված:
Ժառանգությունը գույք է, որը բաղկացած է. գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից եւ այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո՝ մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: Ժառանգության կազմի մեջ չեն մտնում ժառանգողի անձի հետ անբաժանելիորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` իրավունքներ ապրուստադրամի, քաղաքացու կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման նկատմամբ, ինչպես նաեւ իրավունքներ եւ պարտականություններ, որոնց անցումը ժառանգության կարգով չի թույլատրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, կամ այլ օրենքներով:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգության կազմի մեջ չեն մտնում նաեւ անձնական ոչ գույքային իրավունքները եւ այլ ոչ նյութական բարիքներ:




Լրահոս