ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Նաիրիտ» գործարանի ճանապարհահատվածին

Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի փակել էին «Նաիրիտ» գնացող ճանապարհահատվածը եւ պահանջում էին իրենց խնդիրների արդար լուծում: Ժամանել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն ու Երեւանի ՃՈ ծառայողները: Ըստ «Նաիրիտ»-ի աշխատակիցների՝ արդեն 5-րդ ամիսն է՝ աշխատավարձերը չեն վճարում՝ պատճառաբանելով, թե փող չկա:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մասնագիտական կողմնորոշումը: Ի՞նչ է դա:

Սիրարփի Մելոյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մասնագիտական կողմնորոշման գլխավոր նպատակն է անհատին օժտել շարունակական ուսուցման եւ կարիերայի զարգացման այնպիսի կարողություններով, որոնք նրան հնարավորություն կտան ընտրելու ՀՀ աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն եւ ձեռք բերելու աշխատանք գտնելու գրավական:Մասնագիտական կողմնորոշման հիմքում ընկած են հետեւյալ գործոնները՝
1. Մասնագիտական ախտորոշում՝ դեռահասի, երիտասարդի անհատականության ուսումնասիրում, անձնային որակների ու դրանցից բխող մասնագիտական հակումների բացահայտում` թեստավորման, հարցազրույցի, դիտարկման մեթոդներով.
2. Տեղեկատվության տրամադրում՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ (արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, բուհեր, հետբուհական) ընդունվելու հնարավորությունների ու պայմանների մասին, մասնագիտությունների ու զբաղմունքների մասին, հանրապետության, նաեւ առանձին մարզերի աշխատաշուկայի վերլուծության մասին, գործատուի կողմից աշխատողին ներկայացվող պահանջների մասին, աշխատանք փնտրելու հնարավորությունների եւ եղանակների մասին.
3. Մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ աշակերտի կամ երիտասարդի ունակություններին եւ հակումներին համապատասխան մասնագիտական հետաքրքրությունների ձեւավորում, մասնագիտությունների եւ զբաղմունքների բացահայտում՝ մասնագետների, փորձագետների հետ հանդիպումների միջոցով.
5. Մասնագիտական համակերպում՝ այցելություններ մասնագիտական ուսումնական հաստատություններ (արտադրական ուսուցմամբ հանրակրթական դպրոցներ, արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, բուհեր), ծանոթացում մասնագիտության ուսուցման գործընթացին, այցելություններ արտադրական ձեռնարկություններ եւ հիմնարկներ, աշխատանքային պրակտիկայի կազմակերպում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը պայմանավորված է աշխատաշուկայի եւ կրթական համակարգի անհամապատասխանության կարգավորման անհրաժեշտությամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Սփյուռքի դիմորդների համար ի՞նչ արտոնություններ կան ՀՀ բուհեր ընդունվելիս:

Մինաս Սաղաթելյան (26 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի, հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2016թ., ըստ բնակավայրերի, դիմորդների ամենամեծ հոսքը եղել է Երեւանից՝ 3610, հաջորդը Շիրակի եւ Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 եւ 930: Ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց ձորի մարզից՝ 238: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով:




Լրահոս