«Մեր աշխատակիցներից շատ բան եմ սովորել ու երբեք չեմ ամաչում բարձրաձայն խոսել դրա մասին». Արմեն Երիցյանի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 13-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Արմեն Երիցյանը մեծ ավանդ ունի նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում: Արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ ՀՀ ոստիկանության Նաիրիի շրջանի շարքային լեյտենանտից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Կրթությունը ստացել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոցում և Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում:
Դեռ բանակում ծառայության ընթացքում ուսումնասիրել է իրեն մշտապես հետաքրքրած քրեական օրենսդրության ոլորտը: Արմեն Երիցյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, հանցագործության դեմ պայքարը համարելով իր կոչումը: Նա եղել է քրեական հետախուզության աշխատող, որը ոստիկանությունում համարվում է ամենածանր և պատվաբեր աշխատանքը: Ոստիկանությունում ծառայության ընթացքում էլ վիրավորվել է՝ մինչև կյանքի վերջն իր մեջ կրելով հանցագործներից ստացած փամփուշտը:

Արմեն Երիցյանն էական ներդրում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վերակառուցման, արդիականացման և զարգացման, և նախարարության՝ որպես միասնական համակարգի կայացման գործում: Ինչպես ինքն է վկայել՝ սկզբնական շրջանում դժվար է եղել անցումը ոստիկանության համակարգից դեպի արտակարգ իրավիճակների նախարարություն: Հաջողության հասնելու սկզբունքը միշտ եղել է մեկը՝ անդադար աշխատել և անընդհատ սովորել:
Հարցազրույցներից մեկում Արմեն Երիցյանը հիշել է դրվագներ, թե ինչպես է գիշերները նստել ու ուսանողի պես սովորել, որպեսզի առավոտյան կարողանա խորհրդակցություններ անցկանցել իր ղեկավարմանը վստահված, սակայն դեռևս անծանոթ նախարարության աշխատակիցների հետ: «Մեր աշխատակիցներից շատ բան եմ սովորել ու երբեք չեմ ամաչում բարձրաձայն խոսել դրա մասին»,- նշել է նա։
Այսօր նրա ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ունի կայացած արտակարգ իրավիճակների կառավարման համակարգ։

Արմեն Երիցյանն ունի նաև շոշափելի ավանդ կրթագիտական ասպարեզում՝ իրավագիտության դոկտոր է, պրոֆեսոր, 3 միջազգային իրավական ժողովածուների, շուրջ 100 գիտական հոդվածների և 13 մենագրությունների հեղինակ: Դասախոսել է մի շարք բարձրագույն կրթության հաստատություններում: Կարևոր դերակատարում է ունեցել Մոսկվայի Մ.Վ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ստեղծման գործում:
Պարգևատրվել է «Արիության», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար», «Մխիթար Գոշ» և «Մարտական ծառայության» մեդալներով, ունի ԼՂՀ պարգևներ։
Անվանի գործչի, մեծ հայրենասերի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արմեն Երիցյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին, ժ. 18:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 16-ին, ժ. 11:30-12:45, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային Պանթեոնում:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար,
Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան
կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողով




Լրահոս