ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՄՅՈՒՍ ԹԵՎԸ «ՔՑԵՑ» ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը պաշտոնապես հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը երեք ուժերի՝ «Երրորդ հանրապետության», Դեմկուսի եւ «Համախմբում» կուսակցության ընդունած համաձայնագրին, որի հենքի վրա էլ ակնկալվում էր, որ պիտի կայանար դաշինքը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

«Համաձայնագրի ստորագրումից հետո ես բազմիցս ներկայացրել եմ որոշ առաջարկություններ աշխատակարգի վերաբերյալ: Այսինքն` պետք է լիներ խորհուրդ, որը կընդուներ որոշումներ, կքննարկեր, թե ինչ ծրագրային մոտեցումներ են ամրագրվելու, ինչ կարգով պետք է մասնակցեն համաձայնագիրը ստորագրած կուսակցություններն ընդհանուր աշխատանքներին: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, ուստի ես գտնում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը մեզ համար նպատակահարմար չէ, որովհետեւ եղել են ինչ-որ ստվերային գործողություններ: Իսկ մենք բաց գործընթացների կողմնակից ենք»-նշեց Դալլաքյանը: Նկատենք, որ այդ համագործակցությունը դադարեցնում է մեկը, ով առանցքային նշանակություն է ունեցել դրա ձեւավորման գործում: Թերեւս հենց Դալլաքյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ռազմական գործչից քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին, մեծապես օգնեց ու հիմա նա հայտնվել է ոչ նախանձելի իրավիճակում: Փաստորեն Դալլաքյանը ղարաբաղյան կլանի հերթական զոհը դարձավ: Նա երեկ հայտարարեց, որ փետրվարի 6-ին իր գրասենյակ է այցելել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ իրեն ներկայացրել մի ցուցակ՝ փորձելով այն դարձնել քննարկման առարկա։ Ի դեպ, այդ ցուցակում Դալլաքյանի համար նախատեսված է եղել ընդամենը 11-րդ տեղը, իսկ տասնյակը եզրափակել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, ում հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ստեղծված իրավիճակի շուրջ:
-Պարո՛ն Մարգարյան, Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մի նախընտրական ցուցակ, որտեղ Դուք զբաղեցնում եք տասներորդ հորիզոնականը…
-Դալլաքյա՞նը:
-Այո՛, իսկ նրան այդ ցուցակը, իր իսկ խոսքով, փետրվարի 6-ին ներկայացրել է Սամվել Բաբայանը:
-Ես տեղյակ չեմ, անկեղծ ասած, նման ցուցակից: Անկեղծ ասած, չեմ տիրապետում, կասկածում եմ մի քիչ, կասկածում եմ, որ Սամվել Բաբայանը կարող էր զբաղվել ցուցակով, մանավանդ տանել, ներկայացնել Վիկտոր Դալլաքյանին:
-Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Դալլաքյանը որոշեց հեռանալ ձեզանից:
-Կարծում եմ՝ ինչ-որ ասուլիս պիտի տար:
-Այո՛, ասուլիսը տեղի ունեցավ, որի ժամանակ Դալլաքյանը նշեց, որ եղել են ինչ-որ ստվերային գործողություններ, պայմանավորվածություններ են խախտվել:
-Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն կարող է խախտվել «Համախմբում» կուսակցության կողմից: Մենք աշխատում էինք, ինքն էլ մասնակցել է մի քանի անգամ այն փաստաթղթի ձեւավորման ուղղությամբ, թե որը պետք է լինի դաշինքի քաղաքական, գաղափարական հենքը: Դա արել ենք հունվարի սկզբներին, տեւական ժամանակ աշխատել ենք, մնացած թե ինչում պետք է լիներ ստվերային գործունեություն, չգիտեմ:
-Դալլաքյանը նաեւ նշեց, որ եթե արմատական բարեփոխումների եք ձգտում, ապա գործընթացները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե ստվերային:
-Բայց հանրությանը պետք է ավարտուն փաստաթուղթ ներկայացվեր, ոչ թե ասվեր՝ այսօր մի բառ փոխեցինք, վաղը մեկ այլ բառ փոխեցինք:
-Պարո՛ն Մարգարյան, ներկայացված ցուցակի առաջին հորիզոնականներում մեծամասամբ «Համախմբում»-ի անդամներն են…
-Ես չգիտեմ, որ ցուցակի մասին է խոսքը, բայց «Համախմբում»-ը բավական մեծ ռեսուրս ունեցող կուսակցություն է եւ այս պահին 5 գործող պատգամավոր ունի, լրատվամիջոցներ ունի: Հիմա եթե «Համախմբում» կուսակցության անդամները լինեն ցուցակի առաջնային հորիզոնականներում, կարծում եմ՝ դա զարմանալի չէ, բավականին լավ պոտենցիալ ունի նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:
-Բայց եթե դաշինք է, ապա ենթադրվում է, որ տեղերի բաշխումը պետք է լինի հավասարության սկզբունքով, կամ առնվազն՝ դաշինքի բոլոր անդամների հետ համաձայնեցված:
-Եթե կարծում եք՝ ում գրպանում կնիք կա, նա իրավունք է ստանում նման բանի, դա ես մի քիչ կասկածում եմ: Դաշինքը չի նշանակում մեխանիկական, եկեք հերթով՝ մեկ-երկու-երեք-չորս, այդպես չի լինում, ես հակառակը կասեմ, եթե դաշինք ենք կազմում, ուրեմն միասնական ենք, ինչ կապ ունի՝ ումից քանի թեկնածու կլինի: Դաշինք կազմելուց հետո արժեքը դառնում է դաշինքի կազմը եւ այն ցուցակը, որով գնում ես: Ես կարծում եմ, որ որքան արժեքավոր լինի այդ ցուցակը, այդքան ավելի լավ: Ինչ տարբերություն, թե ումից քանի հոգի է լինում, սա ավելի կարեւոր է:
-Այսինքն՝ Ձեզ համար ընդունելի կլինի՞, եթե Դուք, որպես գործող պատգամավոր, լինեք դաշինքի տասներորդ հորիզոնականում:
-Այն ցուցակը, որը կլինի մրցունակ, հասարակության համար ընկալելի, այդ ցուցակում ես կարծում եմ, որ կարեւոր չէ՝ ով որ համարում կլինի:
-Ի վերջո, եթե ամփոփենք՝ պնդում եք, որ Սամվել Բաբայանը որեւէ կապ չի՞ ունեցել ցուցակի կազմման հետ, եւ «Համախմբում» կուսակցությունն էլ որեւէ պայմանավորվածություն չի՞ խախտել:
-Իհարկե, «Համախմբում» կուսակցությունը չի խախտել, եւ Սամվել Բաբայանը հազիվ թե ցուցակ ներկայացներ: Ես չեմ պատկերացնում՝ Սամվել Բաբայանը ինչու պետք է ցուցակ ներկայացներ, մենք կներկայացնեինք, մեկ ուրիշը կներկայացներ, Սեյրան Օհանյանը կներկայացներ:
Հ.Գ. ArmLur.am.-ի հետ զրույցում երեկ Սամվել Բաբայանը, ըստ էության, հաստատել է Դալլաքյանի այն հայտարարությունը, որ այցելել է վերջինիս գրասենյակ եւ ցուցակ ներկայացրել. «Ես, կարող է, սեւագիր թղթով իր հետ խոսել եմ»,- նշել է Բաբայանը:

 

 

 

 
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ՉԵՔ ԿԱՌՈՒՑԻ

Փետրվարի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՎԿ 2-րդ համագումարում նախկին օեկականների ելույթները կարծես սարսափ ժանրի մարտաֆիլմից մեջբերումներ լինեին:

Նախ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր կուսակիցներին հետեւյալ սպառնալիքն ուղղեց.«Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, դուք իմ զորքն եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»:
Իսկ «էգ առյուծ»-ի իմիջով հայտնի Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց: «Թույլ չեմ տա որեւէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով եւ նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին: Կոչնչացնե՛մ ես նրան, ով էլ լինի… ես իմ մատներո՛վ կհանեմ նրանց աչքերը… այս վճռական պահին հրապարակ են նետվել շատ թաղ նայողներ, ֆեոդալներ…: Սա թաղի տղեքի ընտրություն չէ»,-ասաց Բիշարյանը:
Բաղդասարյանի եւ Բիշարյանի այս «սարսափազդու» հայտարարությունները կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը երեկ լրագրողների հետ զրույցում փորձել է մեղմացնել եւ «ջրել»՝ նշելով, որ Բաղդասարյանի այդ արտահայտությունը կատակ է եղել: Իսկ ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանն էլ, Բիշարյանի սպառնալիքին անդրադառնալով, նշել է, թե դա պայմանավորված է նրանով, որ վերջին ժամանակաշրջանում տարբեր լրատվամիջոցներում բամբասանքներ են շրջանառում իրենց կուսակցական առաջնորդի անվան շուրջ: Ստացվում է՝ լրատվամիջոցների՞ն էին ուղղված Բիշարյանի սպառնալիքները, ասել է թե՝ եթե չենք ուզում անաչք մնալ, պետք է ՀՎԿ-ին չանդրադառնա՞նք: Նկատենք, որ ֆեոդալներից բողոքող Բիշարյանի կողմից միջնադարյան ինկվիզիցիայի պատժատեսակների կիրառման սպառնալիքը, մեղմ ասած, հարիր չէ ոչ վաղ անցյալում օրինաց երկիր կառուցելու գաղափարի նվիրյալին:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Դեռ հայտնի չէ` Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն առաջադրվելու է ՀՅԴ ռեյտինգային ցուցակում, թե ոչ: Ինքը՝ մարզպետը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով այդ մասին մեր հարցին, ասաց. «Այս պահին հայտնի է, որ չեմ լինելու: Բայց վերջնական դեռ հայտնի չէ: Կուսակցությունը ինչպես որոշում է, այդպես էլ կատարում ենք: Մենք չենք որոշողը, այլ կուսակցությունն է»: Նշենք, որ դեռ հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Դաշնակցությունը որոշի մարզպետներին ընտրություններում իրենց օգտին աշխատեցնել միանգամայն այլ կերպ` ոչ թե առաջադրելով, այլ ստիպելով վարչական ռեսուրսները ծառայեցնել:

 

 

 

ՔՎՈՐՈՒՄԻՑ ՎԱԽԵՑԱՆ
ՀՀ կառավարությունը երեկվա արտահերթ նիստում որոշել է չեղյալ հայտարարել փետրվարի 14-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու որոշումը: Պատճառների մասին կառավարության որոշման նախագծի մեջ ոչինչ նշված չէ: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն իրականում մտավախություն են ունեցել, որ քվորումի բացակայության պատճառով նիստը հնարավոր չի լինի գումարել, եւ կանխավ որոշել են հրաժարվել այդ գաղափարից: Ի վերջո, այս օրերին բոլորը զբաղված են ակտիվ նախընտրական աշխատանքներով, իսկ պատգամավորներից ովքեր էլ գիտեն, որ չեն լինելու հաջորդ խորհրդարանում, միգուցե եւ պարզապես չգային, եւ հնարավոր չլիներ դահլիճում 66 հոգու հավաքել: Էլ չենք ասում այն մասին, որ հետո շատ դվար էր լինելու թեկուզ 10-15 հոգու դահլիճում պահելն ու օրինագծի քննարկման պատրանք ստեղծելը:

 

 

150 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել` կապված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու դեպքերի հետ: Ըստ վիճակագրության՝ միայն 2016 թվականին Հայաստանում գրանցվել է խարդախության 964 դեպք, որոնցից 106-ը կալանավայրից իրականացրել են դատապարտյալներն ու կալանավորները, իսկ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց այդ եղանակով պատճառվել է ավելի քան 150 մլն դրամի վնաս: Շատ դեպքերում այդ վնասը չի փոխհատուցվել, գողոնն էլ իրավապահները չեն հայտնաբերել. չեն կարողացել կամ չեն ցանկացել: Նշենք, որ ՔԿ երեկվա խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը, որը բանտապետների հետ պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, եւ չի բացառվում, որ շատ շուտով նա հրաժեշտ տա իր պաշտոնին: Ի վերջո, կալանավայրերում տիրող ամենաթողությունը եւ դրա հետեւանքով նման հանցագործությունների թվի աճը հենց ԿՔՀ ղեկավարության թողտվության պատճառով է:




Լրահոս