Պետական բյուջե չի մուտքագրվել 15 մլն 669 հազար դրամ. մեկնարկել է մաքսային ծառայող Վարդան Սիսակյանի դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկել է մաքսային ծառայող Վարդան Սիսակյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Վ. Սիսակյանի նկատմամբ քր. գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Սիսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածքային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ՝ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետությանը:

Ըստ ՀՀ-ի հատուկ քննչական ծառայության 2016թ. դեկտեմբերի 27-ի հաղորդագրության՝ Վ. Սիսակյանի մտերիմ Գագիկ Հարությունյանն այլ քաղաքացու անունով ՀՀ է ներմուծել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը 2013թ. օգոստոսի 28-ին ձեւակերպվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Ավտոմեքենայի մաքսազերծումից խուսափելու եւ այն անարգել տնօրինելու նպատակով Գ. Հարությունյանը դիմել է տեսուչ Վ. Սիսակյանին, որպեսզի նա մաքսային ռեժիմի փոփոխություն կատարի:

Վերջինս էլ փոխել եւ հաստատել է «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձեւակերպված հայտարարագիրը: Ըստ այդ ձեւակերպումների՝ «Մերսեդես-Բենց»-ն իբր Բագրատաշենի անցակետով դուրս է բերվել ՀՀ-ից, իրականում Գ. Հարությունյանն ավտոմեքենան թաքցրել է ՀՀ-ի տարածքում, որոշ ժամանակ անց այն օտարել է մի անձի, ով որոշ ժամանակ հետո մասնատել եւ վաճառել է այն: Նշենք, որ Վ. Սիսակյանի գործողությունների պատճառով՝ ավտոմեքենան չմաքսազերծելու հետեւանքով, պետական բյուջե չի մուտքագրվել Գ. Հարությունյանի կողմից պարտադիր վճարման ենթակա 15 մլն 669 հազար 690 դրամ գումարը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս