Կես միլիոնանոց խոզը. ՔԿՀ դատապարտյալների կողմից հերթական հափշտակության դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից հափշտակությունների դեպքերը չեն դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ էլ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալները:

Պարզեցինք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող Աշոտ Ալեքսանյանը տեղեկացել է, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ, խոզաբուծությամբ զբաղվող Սամվել Մկրտչյանը խոզեր է վաճառում: ՔԿՀ-ից զանգահարել է Սամվել Մկրտչյանին եւ ներկայացել է գործարար Տիգրան Սահակյան, ասել, թե անասնաֆերմա է ցանկանում բացել՝ առաջարկելով իրեն վաճառել խոզերը: Դատապարտյալն, ըստ էության, այնպես է համոզել զրուցակցին, թե ինքը ֆերմեր է, որ խոզաբուծությամբ զբաղվող Սամվել Մկրտչյանը համաձայնել է նրան վաճառել խոզերը:

Այսպիսով՝ 2016թ-ի հուլիսի 25-ին Աշոտ Ալեքսանյանն իր ծանոթ Արման Մարգարյանին ուղարկել է Սամվել Մկրտչյանին պատկանող անասնագոմ, վերցրել խոզերը եւ յուրացրել կես միլիոնից ավել արժողությամբ 5 խոզը: Իրավապահներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ովքեր են եղել այն անձինք, որոնք դատապարտյալի ցուցումով վաճառել են խոզը եւ գումարը փոխանցել Աշոտ Ալեքսանյանին:

Նշենք, որ սա Աշոտ Ալեքսանյանի դեմ կալանավայրից խարդախություն իրականացնելու համար 7-րդ քրեական գործն է: Մի քրեական գործը տեւական ժամանակ է՝ քննվում է Շենգավիթի դատարանում, եւ դեռ դատավճիռը չի հրապարակվել:

Այս ամենը ցույց է տալիս, որ կալանավայրերում ամենաթողությունը, բարձիթողի իրավիճակը շարունակվում է, եւ ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական վարչությունը որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ վաղուց ձեւավորված հանցավոր խմբավորման գործողություններին եւ նման հանցագործություններին վերջ դնելու համար: Թե ինչու, դժվար չէ կռահել:




Լրահոս