Ինչո՞ւ է ԼՂ խնդրում դաշնակների առաջարկած տարբերակը` Հայաստանի վերամիավորման գաղափարը, վտանգավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ դատի անբաժան մասն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»,- սա մեջբերում է իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրից:

Իհարկե, դաշնակցականներից այլ մոտեցում դժվար էր ակնկալել: Ի վերջո, Հայ դատը վաղուց ի վեր դարձրել են քաղաքական բիզնես: Իսկ թե հայդատականության անվան տակ դաշնակ ընկերների վարած քաղաքականությունն ինչ տխուր հետեւանքներ է ունեցել, բավական է թերթել հայոց պատմության 20-րդ դարասկզբի էջերը:

Կարճ հիշեցում. դաշնակները, 1918թ. ստանձնելով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իշխանությունը, իրենց հայդատական քաղաքականության արդյունքում հասան նրա աներեւակայելի ձախողման. երկուսուկես տարի անց ստորագրեցին մի փաստաթուղթ, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց պարզվում է` հարյուր տարի առաջ կատարվածն այդպես էլ դաս չեղավ դաշնակների համար, եւ հիմա նրանք նույն փորձանքն են ուզում կրկնել:

Հիմա այն մասին, թե ինչո՞ւ է ԼՂ խնդրում դաշնակների առաջարկած տարբերակը` Հայաստանի վերամիավորման գաղափարը, վտանգավոր: Ինչպես հայտնի է` հայկական կողմը արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում շեշտը դնում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, իսկ Ադրբեջանը պահանջում է, որ հարցը լուծվի իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Ու հիմա, երբ դաշնակները պնդում են, թե «Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ», համաձայնում են փոխել հիմնախնդրի կարգավորման ողջ փիլիսոփայությունն ու հարցը դիտարկել Բաքվին ձեռնտու ելակետից` տարածքային ամբողջականության սկզբունքից՝ խնդիրը վերաձեւակերպելով որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ:

Սա, համաձայնեք, բավական վտանգավոր է: Ի վերջո, իզուր չէ, որ 1989թ., երբ ՀՀ գերագույն խորհուրդն ու ԼՂԻՄ ազգային խորհուրդը որոշում ընդունեցին միավորման մասին, բայց երկու տարի անց Ղարաբաղում անցկացվեց անկախության հանրաքվե, եւ ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, իսկ միջազգային փաստաթղթերում Արցախն ամրագրվեց որպես հակամարտության առանձին կողմ:
Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե իրենց մոտ ո՞ր տեսակետն է գերակշռող` լինել միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն, թե Հայաստանի մաս կազմել:

-Կարծում եմ` նույնիսկ լինելով անկախ պետություն՝ մենք ունենք ընդհանուր հայրենիք: Այստեղ որեւէ սկզբունքային տարբերություն չպետք է դնել: Այո՛, մենք անկախ պետություն ենք, երկու հայկական պետություններ ենք` Մայր Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը, բայց ունենք մեկ հայրենիք:

-Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկն իր նախընտրական ծրագրում մատնանշել է ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու դրույթ, իսկ անկախ կարգավիճակը ժամանակավոր լուծում է:

-Դա ցույց կտա ժամանակը: Դուք գիտեք, որ շարժումը սկսվել է վերամիավորման պահանջով, բայց հետո հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում նաեւ առկա իրավիճակը, միջազգային աշխարհաքաղաքական կանոնները, մոտեցումները՝ ընդունվել է որոշում, որը միջազգային հանրության համար ավելի ընկալելի է, ավելի հարմար: Մեզ համար կարեւորը երբեւէ չլինել Ադրբեջանի մաս: Սա է մեր ամենամեծ վտանգը: Իսկ անկախ պետություն, թե Հայաստանի մաս, ցույց կտա ժամանակը:

Տեսակետ կա, որ անկախ պետականության համար պայքարն ավելի է ամրապնդում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը, մինչդեռ Հայաստանին միավորվելու դեպքում դա կդիտվի զուտ հողային պահանջ:

-Ինքնորոշման իրավունքի տեսակետից բնական է: Դուք գիտեք, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքի վեճ, ինչն այդպես չէ: Իմիջիայլոց, Հայաստանին Արցախի միավորումը եւս ազգերի ինքնորոշում է, բայց միջազգային հանրությունը նման երեւույթների նկատմամբ այլկերպ է տրամադրված, եւ այդ դեպքում դժվար հասանելի պրոցես է: Իսկ այս տարբերությունը թույլ է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել երկիրը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս