Հրաչ Բերբերյանը 17 հազար Ֆերմերներին հորդորում է ընտրել ՀՀԿ-ի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի «Ագրագյուղացիկան միավորում» հասարակական կազմակերպության անդամ ֆերմերները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը որոշել է այս խորհրդարանական ընտրություններին սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Բանն այն է, որ Բերբերյանը ՀԿ-ի անդամ ֆերմերներին, որոնց թիվը շուրջ 17.000 է, «հորդորում է» քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

-Պարո՛ն Բերբերյան, «Ժողովուրդ»-ը ֆերմերներից, հատկապես կարտոֆիլագործներից տեղեկացավ, որ մտադիր եք խորհրդարանական ընտրություններում սատարել ՀՀԿ-ին:

-Խոսքը վերաբերում է մեր միավորման անդամ ֆերմերներին:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի հատկապես ո՞ր կետն է Ձեզ այդպես ոգեշնչել, որ Դուք տվյալ կուսակցությանը սատարելու կոչով եք հանդես գալու:

-Այն, ինչ մեր գաղափարները ժամանակին ասել, հնչեցրել ենք, խոսքը հակակարկտային ցանցային համակարգի ներդրման, գյուղատնտեսության ապահովագրության եւ այլնի վերաբերյալ է, իրենք որդեգրել են: Օգտվել են, շատ լավ են արել, մնում է իրականացնեն: Նրանց գաղափարների մեծ մասը ուղղակի մեր սրտով են, համահունչ են: Կարծում եմ, մեր միավորման անդամ ֆերմերների աջակցությունը իրենց կպարտավորեցնի, որ այդ ծրագրերը առաջիկա տարիների ընթացքում ի կատար ածվեն:

-Դուք մշտապես քննադատում էիք կառավարության, մասնավորապես գյուղատնտեսության նախարարության աշխատանքը, իսկ հիմա աջակցում եք իշխող կուսակցությանը: Ի՞նչ է փոխվել:

-Որ ասեմ՝ մենք հիացած ենք գյուղատնտեսության նախարարության այսօրվա աշխատանքով, դա այդպես չէ: Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք պարարտանյութերի բաշխման հետ կապված: Քանի որ գարնանացանը սկսվել է, իսկ գյուղացիների մեծ մասը դեռ պարարտանյութ չի ստացել: Իսկ ԳՆ-ն բերեց կիսատ-պռատ ռեկլամային մի երկու վագոն ցույց տվեց: Մինչդեռ փետրվար ամսին պարարտանյութը պետք է կուտակած ունենայինք հանրապետությունում, որը չի արվել…

-Այս ամենը հաշվի առնելով է՞լ սատարում եք ՀՀԿ-ին…

-Մենք մտածում ենք, որ տարբեր կուսակցություններ, քաղաքական ուժեր այսօր ինչ-որ խոստումներ են տալիս, թող բարի լինեն, նաեւ ներկայացնեն կառավարության իրենց կազմը: Այսպես թե այնպես, ՀՀԿ-ն կառավարության իր կազմն ունի, բայց չնայած սրան՝ բարեփոխման կարիք ունի: Եղածներից «Հայկական վերածնունդ» կուսակցությանը հո՞ չենք պաշտպանելու, որ հետո գյուղատնտեսության նոր նախարար բերեն, խցկեն: Մենք պաշտպանում ենք ՀՀԿ-ին: Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ գյուղնախարարը պետք է քաղաքականացված չլինի: Ամեն դեպքում, գյուղատնտեսությունը բոլորի համար է:

Մյուս քաղաքական ուժերը եթե ներկայացնեն կառավարության իրենց կազմը, դա ի՞նչ կփոխի Ձեր որոշման մեջ:

-Շատ կուսակցություններ իրենց լիդերի հույսին են, բայց էդ լիդերների նշանակած կադրերին էլ լավ տեսանք: Գյուղատնտեսության քաբաբ սարքող նախարար էլ ունեցանք: Ուղղակի անուններ չեմ ուզում հնչեցնել: Բոլոր կուսակցություններին խորհուրդ եմ տալիս առանց կառավարության կազմ ունենալու ընտրարշավի չգնան: Թաքցնելով կազմը՝ ոչնչի չեն հասնի:

Պարո՛ն Բերբերյան, վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակեց ՀՀ հարյուրից ավելի դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որտեղ նրանք հայտարարում էին, որ ցուցակագրել ու ձայներ են հավաքել ՀՀԿ-ի համար: Դուք նույնպե՞ս ֆերմերներին ցուցակագրել եք:

-Ո՛չ, մենք այդպիսի խնդիր չունենք: Մենք միասնական թիմ ենք: Միայն այդ հարցը «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի խորհրդում քննարկել ենք ու արդյունքների մասին առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ:

Քննարկել եք ու միաձայն որոշում կայացրել՝ սատարել ՀՀԿ-ի՞ն:

-Միաձայն չէ, միայն խորհրդի 70 տոկոսն է նման որոշմանը կողմ արտահայտվել: Այսինքն՝ 8 կողմ ունենք եւ 3 դեմ:

Խնդրում եմ նշեք, թե միավորման անդամ ֆերմերները քանիսն են:

-Միավորման անդամ ֆերմերները 17 հազարն են՝ կարտոֆիլագործներն ու բանջարագործները:

-Այսինքն՝ ընտրական գործընթացների հետ կապված՝ իրենցից յուրաքանչյուրի հետ առանձին աշխատելո՞ւ եք…

-Իհարկե, մեր մարզային մասնաճյուղերը մեր որոշումը կփորձեն կյանքի կոչել: Մարդ կա՝ կողմ է, մարդ էլ կա՝ դեմ: Մենք ընդամենը կոչով ենք հադես գալու: Մենք միասնական թիմ ենք, հատկապես կարտոֆիլագործ ֆերմերները:

Պարո՛ն Բերբերյան, Ձեզ ՀՀԿ-ն պաշտո՞ն է խոստացել, դրա համար եք սատարում կուսակցությանը:

-Ես այն տարիքում եմ, որ ինձ պաշտոնը չի հետաքրքրում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս