Միքայել Մինասյանը, նրա աները մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում. Նիկոլ Փաշինյանն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե «Ելք» դաշինքը կապ ունի Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, հայտարարել է. «Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող եւ դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության եւ քնքշանքի ակնհայտ պակաս ունի եւ նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:

Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որեւէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:

Բայց թերեւս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:

Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու` ինչու՞ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչեւ հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ:

Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենեւին կանգնած չէ, կամ իրենք Սարի թաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը եւ փեսային:

Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյեւէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որեւէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»:




Լրահոս