ԵՐԿՈՒՍՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է: Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաեւ նախարարների իր թիմում, եւ այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում:
ՀՀԿ-ում վերջնական որոշում չի կայացվել նաեւ, թե ՀՀԿ պատգամավորի թեկնածուներից ովքեր են գնալու խորհրդարան, ովքեր՝ ոչ: Իշխող կուսակցության ներսում այս անորոշությունն էլ պատճառ է դարձել մթնոլորտի լարման եւ անհաշտ պայքարի: Եւ իրենց համար դեպի խորհրդարան ճանապարհը ՀՀԿ-ականները փորձում են հարթել մյուսներին սեւացնելու, նրանց «տակը փորելու» մեթոդներով:

 

 
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարեւան երկրների հետ առեւտուրը՝ ընդհանուր առեւտրաշրջանառության հազիվ 12-13 տոկոսը: Նախորդ տարվա ընթացքում հարեւան Իրանի հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 4.7 տոկոսը, Վրաստանի հետ՝ 4.8 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 3.2 տոկոսը: Իսկ ահա այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը միայն Թուրքիայի հետ, իսկ մյուս երկու երկրների հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: Ի դեպ, այս ցուցանիշներն այնքան էլ լավ պատկերի մասին չեն խոսում, որովհետեւ ընդունված է համարել, որ անմիջական հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը սովորաբար պետք է կազմի ընդհանուրի 30 տոկոսը, իսկ մեզ մոտ այն զիջում է մոտ երեք անգամ:

 

 

 
Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Ինչպես հայտնի է՝ Մխչյանը տարեսկզբին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրած ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, եւ, բնականաբար, այնտեղ ԱԺ ընտրություններում աշխատել են հօգուտ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, որը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր:

 

 

 
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան: Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

 

 

ԱՌԱՆՑ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Երեկ երեկոյան նման հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն, եւ երրորդ ուժը միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չի տա», – ասել է Դեհղանը:
Իրանի պաշտպանության նախարարի կողմից արված այս հայտարարությունը բավականին ուշագրավ է հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Թերեւս, կարելի է տարբեր ենթադրություններ անել, թե որ երկրին կամ երկրներին նկատի ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ երրորդ ուժ ասելով՝ ԱՄՆ-ի՞ն, Ռուսաստանի՞ն, Ֆրանսիայի՞ն, թե՞ Թուրքիային: Իսկ գուցե բոլորին միասի՞ն: Բայց այդ դեպքում Իրանը եւս համարվում է երրորդ ուժ, որի նկրտումները՝ առավել ակտիվ դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մշտապես եղել են եւ ասօր էլ չեն նվազել:
Իրանի ՊՆախարարի այս հայտարարությունը առիթ է՝ հարց բարձրացնելու, իսկապես, ինչու 2002թ-ից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցությունների փորձեր չեն արվում այլեւս: Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ամենաակտիվ փուլում անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այն ժամանակ դեռեւս Նախիջեւանի ղեկավար Հեյդար Ալիեւի միջեւ եղել են երկկողմանի բանակցություններ, որոնց արդյունքում Նախիջեւանի կողմից Հայաստանի վրա կրակոցներ չեն եղել: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ունեցավ նման փորձեր, որոնցից վերջինը 2002թ. կայացած Սադարակի հանդիպումն էր:
Թե որքանով էին այդ երկկողմ գործընթացները արդյունավետ, հարցի մյուս կողմն է, ընդ որում՝ բավականին մեծ գաղտնիության քողի ներքո պահվող կողմը: Սակայն փաստ է, որ ինքնին այդ ձեւաչափի բացառումը վերջին տարիներին որեւէ լավ բանի չի հանգեցրել: Եվ հիմա, երբ շատ է խոսվում բանակցային նոր մեխանիզմների, նոր համարձակ լուծումների անհրաժեշտության մասին, հետաքրքիր է՝ արդյո՞ք հնարավոր է, առհասարակ, կազմակերպել Հայաստանի եւ Ադբեջանի նախագահների միջեւ երկկողմ՝ առանց որեւէ երրորդ ուժի մասնակցության գործընթաց:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ անգամ պատերազմական տարիներին եղել է ուղիղ կապ Բաքվի եւ Երեւանի միջեւ, եւ ակնարկեց, որ այսօր էլ ինքը կողմնակից է նման կապի ստեղծմանը: Սա շատ հստակ ուղերձ էր՝ երկկողմ շփման մեխանիզմի վերականգնման մասին, որը, սակայն, դատելով հետագա ընթացքից՝ չարժանացավ հավանության: Եվ ամենեւին փաստ չէ, որ Ադրբեջանի կողմից:




Լրահոս