ՀԱՄԱՐՆԵՐԸ ՀԱՆԵՆՔ, ԻՋՆԵՆՔ ՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նոր ղեկավարությունը հայտնվել է դժվար կացության մեջ: Նախորդ խորհրդարանի նախկին պատգամավորները՝ հիմնականում իշխող ՀՀԿ-ից, հրաժարվում են հանձնել իրենց ծառայողական պետհամարանիշները:

Նշենք, որ պետհամարանիշները պատգամավորներին տրվում են ըստ ընտրատարածքի համարի. դրանք սովորաբար ունենում են xxxOO11, իսկ խմբակցությունների ղեկավարների եւ հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների դեպքում՝ xxxOO01 սերիա-համարը: Եւ այդ համարանիշները հինգ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներ անվճար գործուղումների հնարավորությունից, անձեռնմխելիությունից, տարատեսակ արտոնություններից բացի՝ եւս մեկ առավելություն են տալիս. ԱԺ-ի պետհամարանիշների շնորհիվ պատգամավորները կամ նրանց մերձավոր անձինք «պաշտպանված են» ճանապարհային ոստիկանների անհարկի ստուգումներից, իսկ ոմանց դեպքում ներվում են արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած խախտումները: Հատկապես այս վերջինը, համաձայնեք, լուրջ առավելություն է:
Պետհամարանիշները վերադարձնելու խնդիրը, իհարկե, նոր երեւույթ չէ: Ամեն անգամ ԱԺ լիազորությունների ավարտից հետո տեւական ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղարները նախկին պատգամավորների հետ պետհամարանիշները վերադարձնելու պայքարի մեջ են եղել: Նույն բախտն է վիճակվել նաեւ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարին՝ Արա Սաղաթելյանին, բայց միայն այն տարբերությամբ, որ այս անգամ շատ են համարանիշները հանձնել չցանկացողների թիվը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանց մեջ են ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Նաիրա Կարապետյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ու եւս մի քանիսը:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ ԱԺ նոր ղեկավարությունը՝ ի դեմս Արա Սաղաթելյանի, իրավիճակից դուրս գալու համար ելք է գտել՝ դիմել ոստիկանություն, որպեսզի վերջիններս նոր սերիայի պետհամարանիշներ թողարկեն. քննարկվում է նոր խորհրդարանի համար xxxMP01 եւ xxxMP11 (member of parliament) սերիայի պետհամարանիշներ թողարկելու հարցը, ինչի արդյունքում էլ նախկին համարանիշները կդառնան սովորական, ոչ արտոնյալ: Թե երբ կթողարկվեն նոր սերիայի համարանիշները, հայտնի չէ. իշխանական կուլիսներում խոսվում է, որ այդ հարցը պետք է լուծել մինչեւ աշուն, մինչեւ նոր խորհրդարանի աշխատանքները լիարժեք սկսելը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս փաստը հաստատեց նաեւ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ինչ վերաբերում է ավտոմեքենաների համարանիշներին, ապա նշեմ, որ իսկապես կա խնդիր, որն առաջացրել է դժվարություններ։ Այդ նպատակով որոշում է ընդունվել փոփոխության ենթարկել մեքենաների համարանիշները, եւ արդեն նոր թողարկված համարանիշները կտպագրվեն սահմանափակ անհրաժեշտ քանակով։ Նաեւ նշեմ, որ բոլոր նրանց, ում պետք է հատկացվեր մեքենաներ, արդեն հատկացվել են»:
Նկատենք, որ ԱԺ-ում մեկ այլ խնդիր է նոր պատգամավորներին աշխատասենյակներով ապահովելու հարցը: Այս օրերին հատկապես պատգամավորներն ԱԺ աշխատակազմի ղեկավարության հետ բանակցությունների մեջ են՝ ցանկանալով ստանալ հնարավորինս հարմար սենյակ: Ընդ որում, շատերը ձգտում են աշխատասենյակ ստանալ խորհրդարանի հին մասնաշենքում: Բայց սա խնդիր է, քանի որ ԱԺ հին մասնաշենքում տեղակայված են նաեւ աշխատակազմի վարչությունները, ԱԺ նախագահի եւ փոխնախագահի օգնականներն ու խորհրդականները: Հիմա այս հարցը որոշվել է մասամբ լուծել. պետական համակարգի օպտիմալացման անվան տակ նախատեսվում են կրճատումների համատեքստում, երբ արդյունքում ազատվեն աշխատասենյակներ, իսկ ավելի «համեստներին» կուղարկեն նոր մասնաշենք՝ ըստ իրենց հանձնաժողովների:
Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ այս թեմային. «Աշխատասենյակների հարցը ամբողջությամբ լուծվել է։ Հավասարության եւ արդարության սկզբունքների պահպանմամբ բոլոր պատգամավորները ստացել են աշխատասենյակներ։ Իհարկե, չեմ բացառում, որ կլինեն դժգոհություններ, սակայն դրանք չեն կարող լինել օբյեկտիվ։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ պարոն Սաղաթելյանի նշանակումից մինչ այս պահն ընկած ժամանակում լուծվել են անհրաժեշտ այդօրինակ հարցերը»,- ասաց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱԶԻԶՅԱՆԸ ԿՄՆԱ
«Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանը հնարավորություն կտա շարունակելու իր գործունեությունը Ազգային ժողովում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազիզյանի պարագայում Ծառուկյանը հաշվի է առել նրա երկարամյա գործունեությունը խորհրդարանում եւ ընդհանրապես անցած ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթը Ազիզյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ է որոշել իր ապագայի մասին. «Հլը որ ստեղ եմ, շարունակելու եմ, չեմ շարունակելու, կտեսնեք»,- ասաց Ազիզյանը, սակայն մի փոքր անց հավաստիացրեց. «Շուտ-շուտ կհանդիպեք ինձ»:Իսկ մեր այն ճշտող հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ վերջնականապես որոշվել է, որ նա պետք է մնա պատգամավորը, նորընտիր խորհրդարանականը նշեց. «Դե, որ ասում եմ՝ կհանդիպենք, ի՞նչ է նշանակում»:

 

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՄԵՂՔՈՎ
Մայիսի 11-ին ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի մեջ ամրագրված է, որ քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը. «Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ»,- նշված է փաստաթղթում: Ասել է, թե ընդգծված է իշխանության համար ամբողջական պատասխանատվություն կրելու թեզը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկվար Արմեն Ռուստամյանից փորձեց ճշտել՝ այսինքն՝ իրենք պատրաստակա՞մ են կրելու նաեւ այն մեղադրանքները, որոնք շատ դեպքերում ուղղված են իշխանություններին: Ռուստամյանը հարցը որակեց հիպոթետիկ եւ ասաց. «Հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»:

 

 

ՎԱՐՈՒՆԳԸ` ԲՈՂՈՔԻ ՊԱՏՃԱՌ
Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել` փակելով Էջմիածին-Երեւան ավտոճանապարհը: Պատճառը վարունգի իրացման ցածր գինն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիներից մեկը, որը փորձել է 60 տոննա վարունգ արտահանել, սահմանին խնդրի առջեւ է կանգնել: Բանն այն է, որ նրան թույլ չեն տվել ՀՀ-ից դուրս հանել վարունգը` պատճառաբանելով, որ վարունգը նոր է սրսկված եղել, բացի այդ չի համապատասխանել որոշ չափանիշների: Ինչի հետեւանքով 60 տոննա վարունգը հայտնվել է Արմավիրի մարզում գտնվող «Մեյնմանդար» գյուղատնտեսական շուկայում: Արդյունքում վարունգի գինը կտրուկ իջել է` դառնալով 50-60 դրամ: Ինչը դարձել է այդ շուկայում իրենց վարունգն իրացնող մյուս գյուղացիների զայրույթի պատճառը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ հենց այդ օրվանից «Սպայկա» ընկերությունը սկսել է համագործակցել գյուղացիների հետ` մթերելով նրանց բերքը:

 

 
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱ՞ՄԲ
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է մայիսի 18-ին վարչապետ վերանշանակել Կարեն Կարապետյանին, քանի որ այդ որոշման համար չի խորհրդակցել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչն ըստ պատգամավորի՝ պարտադիր պահանջ է։ «Ես նախկինում եղել եմ անկախ պատգամավոր, ես հիշում եմ, որ խմբակցությունների հետ այդպիսի խորհրդակցություններ եղել են նշանակումից առաջ եւ պետք է հիմա էլ լիներ, բայց չի եղել»: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ընդունելով, որ Սարգսյանը ոչ բոլորի հետ է խորհրդակցել, «Ազատության» հետ զրույցում նշել է, որ դրա համար օբյեկտիվ պատճառներ կային. «Դա պարզապես անհնարին էր, որովհետեւ ամսի 18-ին դեռ խմբակցությունները ձեւավորված չէին»:

 

 

ՎԻՃԱՐԿԵԼՈՎ ԿԱՇԽԱՏԵՆ
Երեւանի ավագանու կազմում 5 մանդատ ստացած «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը կշարունակի վիճարկել մայիսի 14-ի ընտրության արդյունքները, բայց, այնուամենայնիվ, վստահեցնում է. որեւէ պարագայում ավագանու իրենց թիմը աշխատանքից չի խուսափի: «Մենք դիմելու ենք վարչական դատարան՝ վիճարկելու այս ապօրինի որոշումը: Դրանից հետո ապագա քաղաքական բոլոր գործընթացների վերաբերյալ, այդ թվում նաեւ քաղաքապետարանի վերաբերյալ, մենք ձեզ տեղյակ կպահենք», – «Ազատությանն» ասել է Փոստանջյանը:

 

 

ԳՆԵԼ Է «ԻԶՎԵՍՏԻԱՅԻ» ՇԵՆՔԸ
Գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է ռուսական «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը եւ սկսել դրա վերանորոգումը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ նախագիծը ենթադրում է նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծում: Վերանորոգման նախագծում խմբի ներդրումների արժեքը կկազմի մոտ 150 միլիոն դոլար: Նշվում է, որ Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող շենքի ճակատամասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ վերանորոգման արդյունքում հայտնվելու է նոր համալիր, որը ներառելու է 250 համարով հյուրանոց, գրասենյակային հատված, ինչպես նաեւ հանրային սննդի ու առեւտրի կետեր:

 

 

ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
ԵՏ հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԵՏՄ երկրների փոխվարչապետները մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման աշխատանքային խմբի առաջին նիստում քննարկել են այն նախագծերը, որոնք կարող են դրվել Եվրասիական թվային ինտեգրացման հիմքում: Ըստ այդմ, դրանցից մեկը կարող է դառնալ ԵՏՀ-ին առընթեր ԵՏՄ-ի թվային զարգացման իրավասությունների կենտրոնը:

 

 

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ից 23-ը գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին:

 

 

ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
Սիրիայում տարիներ շարունակ ապստամբների հենակետերից մեկը համարվող Հոմս քաղաքը ամբողջությամբ անցել է նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի վերահսկողության տակ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` անցած շաբաթ եւ կիրակի օրերին ապստամբները` մոտ 300 զինյալներ, իրենց ընտանիքների հետ հեռացել են: Նրանք տեղափոխվել են Թուրքիայի սահմանամերձ շրջաններ:




Լրահոս