Ինչո՞ւ է լուծարվում ԱԻՆ-ում գործող ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում կքննարկվի «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին նախագիծը:

Նախագծով սահմանվում է, որ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են ֆինանսների նախարարությանը:

Լուծարման հիմնական պատճառները երկուսն են. ընկերությունը կատարում է նույն գործառույթները, ինչ նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ, բացի այդ, ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալն է, մինչդեռ ընկերությունը դարձել է ոչ շահութաբեր, չի նպաստել նախարարության առջև դրված խնդիրների իրականացմանը, նրա կողմից մատուցված ծառայությունները նախարարությանը այլևս անհրաժեշտ չեն, ուստի նպատակահարմար է ընկերությունը լուծարել:

Նշենք, որ այս ՓԲԸ գործում է արդեն մի քանի տարի, միևնույն ժամանակ անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե ինչու մինչ այժմ այս ընկերությունը լուծարելու մասին որոշում չի կայացվել, եթե այսքան ժամանակ այն շահութաբեր չէր և չի կատարել իր առջև դրված խնդիրները: Բնական է, որ սա կատարվում է նախարարությունների, ամենատարբեր ՊՈԱԿ-ների օպտիմալացման ֆոնին՝ խնայողություններ կատարելու նպատակով: Բացի դա ժողովրդին ցույց տալու, որ կառավարությունն «անգործ չէ» և լուծարում է բոլոր «անպետք հիմնարկությունները»:




Լրահոս