Ոստիկանապետի տեղակալը՝ միջգերատեսչական կռիվների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության գերատեսչական կռիվներին, ասաց. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ, որ ամեն ինչ կարգավորված է, հստակ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ իրար հետ համագործակցված»:
Նկատենք, որ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ առկա գերատեսչական տարաձայնությունները գնալով նոր երանգներ են ստանում: Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, Քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ: Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, ու այս նախաձեռնությունը զուգադիպեց Հերացու փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի հետ, երբ ոստիկաններն այդպես էլ չէին կազմակերպել դեպքի վայրի պահպանությունն: Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. Քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Չէ, գիտեք դրանք սահմանված են օրենքով, հստակ սահմանված կա, ու այնպես է, որ որեւէ խնդիր չկա:

-Միգուցե օրենսդրական որոշակի քայլեր անելը ոստիկանության մենաշնորհը կոտրելու համա՞ր է իրականացվում:

– Հակառակը, ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ ամեն ինչը կարգավորված է եւ հստակ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ իրար հետ համագործակցված:

– Վերնիսաժի կրակոցների հաջորդ օրը ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ դեպքը բացահայտված է եւ մինչ օրս գործով երկու անձի փնտրում են: Այս ամենից հետո՝ հոկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյաը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, անդրադառնալով քննիչների եւ ոստիկանության համագործակցությանը, ասել էր. «Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սեւեռել, ընդ որում, երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ Քննչական կոմիտեի նախագահն ասաց ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում. հանրապետությունից դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետեւ դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձեւը դրանց բացահայտումն է ամբողջությամբ»: Ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը ոստիկանությանը:

-Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի խոսքերը :

-Սերժ Սարգսյանի ելույթը մնացել է անհետեւանք, նա հստակ ասել էր, որ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել: Օրինակ «Կոնվերս» բանկի կողոպուտի դեպքը ոստիկանությունն ասում է բացահայտված է, բայց հիմնական կասկածյալին, ով թալանել է բանկը, դեռ չեն գտել,դեռ ավելին՝ գողոնն էլ չկա:

-Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված:

-Միգուցե նշել է պետք, որ մասնակի է բացահայտվել, ի վերջո, բազմաթիվ ապացույցները դեռ հիմք չէն ասելու, որ հանցագործութունը բացահայտվել է:

-Կոնկրետ այդ դեպքում այդպես չէ, կան գողերը, դրանով արդեն հրապարակումներ եղել են մամուլում , հեռուստատեսությամբ, այնպես որ…

Իսկ այն կատարողը կամ գողոնը չկա:

-Բոլոր դեպքերում չէ, որ գողոնը հայտնաբերվում է, բայց կան այլ բազմաթիվ ապացույցներ, որոնք մեզ վստահեցնում են, որ հանցագործությունը բացահայտված է :

Քնար Մանուկյան




Լրահոս