ԲԻԶՆԵՍ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցեց իշխանությունների կողմից մամուլի դեմ սանձազերծած թաքուն պատերազմի եւ այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Թաթոյան, ինչո՞ւ չեք արձագանքում իշխանությունների կողմից մամուլի դեմ սանձազերծած թաքուն պատերազմին: Նախ կառավարությունը գաղտագողի խորհրդարան էր ներկայացրել եւ ընդունել տվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը բարդացրել է լրատվամիջոցների աշխատանքը: Կառավարությունը փորձում է մամուլին հարվածել նաեւ օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ՝ ստիպելով պաշտոնական ծանուցումները հրապարակել ոչ թե լրատվամիջոցներում, այլ բացառապես azdarar.am կայքում, արգելվել է գերատեսչություններին թերթեր բաժանորդագրվել՝ այդպես զրկելով թերթերին ֆինանսական մուտքերից: Եւ, վերջապես, կառավարությունը մտադրվել էր շրջանառության մեջ դնել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում խայտառակ վատթար պայմաններ էր ստեղծում լրագրողների համար:
-Ես պրոցեսին հետեւում եմ ամենասկզբում: Մշտապես իմ դիրքորոշումներում լրագրողների ազատությունը պաշտպանող շեշտադրումներ կան, ընդ որում, ամենախիստը: Եթե ուսումնասիրեք իմ հայտարությունները, կտեսնեք, որ ամենախիստը լրագրողներին պաշտպանող հայտարարություններն են:
-Բայց այս դեպքում լռել եք:
-Դուք վերցրե՛ք, ուսումասիրե՛ք մեր հրապարակային հայտարարությունները ցանկացած լրագրողի նկատմամբ ոտնձգության եւ այլ դեպքում անմիջապես մեր հայտարարությունները կան: Հետեւողական ենք մինչեւ վերջ: Եւ խնդիր ենք տեսնում, որ պատասխանատվության ենթարկելու հարցում մենք բավարար հետեւողականություն չունենք: Կոնկրետ դեպքով սկզբից մինչեւ վերջ հետեւում ենք: Տեղեկատվության ազատության մասին օրենքի հետ կապված քննարկում եմ ունեցել գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ: Այդ իմաստով մենք նույնպես նպաստել ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» դեռ այն առաջին շրջանառության մեջ դրված նախագիծը չլիներ, եւ հաշվի առնելով դիտողությունները՝ տեսեք՝ առաջ չանցավ:
-Փաստ է մեկ բան՝ Դուք որեւէ գնահատական չեք տվել ԶԼՄ-ների դեմ իշխանությունների կողմից տարվող թաքուն պատերազմին:
-Կարծում եմ, որ դա չունի բավարար հիմքեր՝ մեզ այդ հարցում հանդիմանելու համար, քանի որ մշտապես արձագանքում ենք: Կոնկրետ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր չէ, գիտեք, ցանկացած իրավիճակում…: Կան հարցեր կոնկրետ, որոնց մենք արձագանքում ենք, բայց կան հարցեր, որոնք մենք աշխատանք ենք տանում ոչ հրապարակային, բայց շատ հետեւողական աշխատանք, սա կոնկրետ այդ աշխատանքն է:
-ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված զանգվածային ակցիաների ժամանակ տուժած լրագրողների ու կոտրված տեխնիկաների մասով ոչինչ չարեցիք, նույնը էլեկտրիկ Երեւանի ժամանակ:
-Լրագրողի աշխատանքի պաշտպանության համար մեկ գրավականը իրավախախտում կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն է: Ձեզ հետ համաձայն եմ, որ պատասխանատվության միջոցների անխուսափելիության բացակայությունը հղի է ապագայում, այսինքն՝ վտանգավոր է նորանոր այդ խախտումներով:
-Ի՞նչ եք արել Դուք, ոչինչ:
-Կոնկրետ ՊՊԾ-ի հետ կապված, քանի որ դա կոնկրետ ինձ է առնչվում, քանի որ իմ պաշտոնավարման ժամանակ է տեղի ունեցել: Անձամբ կազմել եմ զեկույցը, վերջին գլուխը ամբողջությամբ նվիրված է դրան եւ ամենախիստ գնահատականներով:
-Ի՞նչ արդյունք տվեց Ձեր զեկույցը, ոչ մի:
-Մարդու իրավունքների պաշտպանը ունի իր համար հստակ տրված իրավական հնարավորություններ՝ զեկույցների տեսքով, օրենսդրական նախաձեռնությունների տեսքով, հրապարակային դիրքորոշումներ հայտնելով, որը առավելագույնս մենք անում ենք, հասկանում ենք, մնացածը արդեն օրենքը գործադրողի խնդիրն է, որը էլի քննադատություններով փորձում ենք առաջ տանել:
-Չե՞ք կարծում, որ այս ամենի արդյունքում է, որ ստեղծվում են տարբեր ոլորտների օմբուդսմեններ՝ բիզնես օմբուդսմեն, առողջապահական օմբուդսմեն: Այս ինստիտուտների ստեղծմամբ արդյո՞ք իշխանությունները կասկածի տակ չեն դնում Ձեր գործունեության արդյունավետությունը:
-Չգիտեմ, երեւի այդ հարցը ինձ չէր վերաբերում, բայց մենք մեր աշխատանքը կատարում ենք վստահ, Մարդու իրավունքների պաշտպանը ամենաանկախն է գրեթե բոլոր պետական մարմինների շրջանում: Գնահատականներում հետեւողական ենք եւ միշտ խիստ: Ես աշխատանքս կատարում եմ պրոֆեսիոնալ, երբեւէ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվելու պոպուլիստական աշխատանքով, որովհետեւ դա կործանում է օմբուդսմենի հաստատությունը: Այլ ոլորտներում օմբուդսմենի ինստիտուտի հետ կապված այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետե նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից եւ այլն: Դրանից բացի՝ մենք անելու ենք մեր գործը, եւ, ի վերջո, եթե հակասահմանադրական լուծումներ լինեն, Մարդու իրավունքների պաշտպանը իրավունք ունի դիմելու սահմանադրական դատարան: Բիզնես օմբուդսմենի հետ կապված մենք ներկայացրել ենք մեր մեծածավալ դիրքորոշումը՝ հակասահմանադրականությունը հիմնավորելով:
-Որտե՞ղ եք ներկայացրել:
-Կառավարություն: Ամենակարեւորը, տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք իրավապաշտպան կառույցների ստեղծմանը, ո՛չ, պետությունը կարող է միշտ ստեղծել այդ կառույցները, դա լավ է, բայց դրա ստեղծումը չպետք է կրկնի մյուսի գործառույթը, եւ դրա համար մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Սա անձնական հարց չէ, սա Սահմանադրության լուծումներին համապատասխան մոտեցում ունենալու հարց է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՓԱԽԵԼ ԵՆ ՈՒ ԹԱՔՆՎԵԼ
ArmLur.am-ը գրել էր, որ երեկ՝ երեկոյան ժամը 10:30-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ խառնաշփոթ իրավիճակ է եղել: Հիվանդանոցի բակում վիճաբանություն է սկսվել, որից հետո հնչել են կրակոցներ:
ArmLur.am-ը փորձել էր դեպքի մանրամասները պարզել ոստիկանությունից, ինչին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին. ««Էրեբունի» ԲԿ-ի մոտ երկու քաղաքացի վիճաբանել են, նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել` նախազգուշացնելով եւ կրակել է օդ: Նշված անձի ինքնությունը պարզվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»:
Տեղի ունեցած կրակոցներից «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, թե ինչ է տեսել: «Կնոջս հետ վերոնշյալ ժամին գնում էի հիվանդանոց՝ մեր մտերիմներից մեկին այցելության: Մի քանի մետր էր մնում, որ հասնեինք հիվանդանոցի մուտքին, մեկ էլ լսվեցին կրակոցանման ձայներ, սկզբում մտածեցի, թե երեխաներն են, երեւի պայթուցիկներն են պայթեցնում: Բայց նկատեցի, որ արդեն մեր գլխավերեւով կարմիր գծեր են անցում, ու հիվանդանոցի տարածքի մարդիկ այս ու այն կողմ են փախնում: Հասկացա, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է: Հիվանդանոցի կենտրոնական մուտքի դիմացը ռեստորան կա, կնոջս հետ արագ թաքնվեցինք այնտեղ: Այդ ժամանակ նկատեցի, որ մի տղամարդ էր մեքենայից կրակոցներ արձակում, որից հետո նստեց մեքենան ու անկանոն կերպով վարելով՝ փախավ: Նրա հետեւից մեկ այլ երիտասարդ էր վազում եւ հետեւից մի քանի՝ 5-6 կրակոցներ արձակեց: Միգուցե այդ կերպ նա փորձեց կանգնեցնել մեքենան, որ չփախչի»:
Կրակոցների ականատեսը երկար ժամանակ կնոջ հետ թաքնված է մնացել՝ վախենալով անգամ հիվանդանոց մտնել. «Կինս ինձ ասաց, թե գնանք, հիվանդանոցի մեկ այլ մուտքով ներս մտնենք ու մեր բարեկամին տեսնենք, ես կտրականապես մերժեցի, քանի որ մտավախություն ունեի, որ ամեն ինչ նորից կսկսվի, ու այդպես էլ մեր բարեկամին չտեսանք: Ու մեր նման շատ այլ մարդիկ ճանապարհի կեսից էլ հիվանդանոց չմտան, երեւի նրանք էլ վախեցան»: Իսկ թե ինչն էր եղել կրակոցների պատճառը, դեռեւս հայտնի չէ, քանի որ իրավապահները չեն բացահայտել կռվի մասնակիցներին: Նրանց գտնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Բայց տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է, քանի որ սովորություն է դարձել անհասկացվածությունը զենքով պարզելը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով երեկվա առաջին նիստը դեռ չսկսված՝ հետաձգվել է. բացակայում էր ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը: Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին:

 

 

 

ԼԱՐՈՒՄԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ մշտապես բարձր մակարդակով հանդիպումներից առաջ Ադրբեջանը լարում է իրավիճակը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ Արցախ-Ադրբեջան շփման գծում: «Սա նշանակում է, որ մեր զգոնությունը միշտ պետք է բարձր պահենք, զինված ուժերը իրենց մարտավարական կանխատեսումները պետք է նկատի ունենան: Նման հանդիպումներից առաջ լարումը մեծանում է: Ադրբեջանը ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու, եւ ռազմական ագրեսիան, նման գործողություններն իր քաղաքականության մասն են կազմում»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Երեկ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Չապլին Մարգարյանը Արմավիր մարզի Արմավիր գյուղից էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը նշել է, որ Չապլինը սիրված է եղել բոլորի կողմից թե՛ դպրոցում, թե՛ գյուղում: Նա ապրում էր հոր խնամքի տակ: Մայրն իրենց հետ չի ապրում, տարիներ առաջ ամուսնալուծվել եւ հեռացել է: Եղբայրներից մեկն ամուսնացած է, փոքրը դեռ դպրոց է հաճախում: Գյուղապետի խոսքով` նա նաեւ սպորտով է զբաղվել` ձեռնամարտով: Գյուղապետը տեղեկացրել է նաեւ, որ Չ. Մարգարյանին վիրավորումից հետո Բերդի հոսպիտալում վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Հավելենք, որ զինվորի հայրը գիշերն է եկել Մոսկվայից:

 




Լրահոս