Պետբյուջեի հաշվին. խորհրդարանի գնումները` սուրճով, շաքարավազով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթը գնումների այդ պլանից տեղեկացավ, որ ԱԺ-ն ընթացիկ տարում չի մնա առանց աղացած սուրճի, շաքարավազի եւ, իհարկե, զուգարանի թղթի: Չնայած… լրագրողների համար նախատեսված սուրճի ապարատը նոր խորհրդարանի ձեւավորումից հետո չի աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը ընթացիկ տարվա կոմունալ ծառայությունների համար բավականին ծախսեր ունի փակելու: Օրինակ` գազի համար ԱԺ աշխատակազմը նախատեսել է ծախսել 58 մլն 642 հազար 600 դրամ, էլեկտրաէներգիայի համար` 84 մլն 210 հազար 800 դրամ, խմելու ջրի համար` 12.4 մլն դրամ: Բացի կոմունալ ծախսերից` ԱԺ աշխատակազմը շենքի ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար հատկացրել է 840 հազար դրամ: Միայն կապի սերվերների համակարգչային ծրագրային փաթեթների համար պետական միջոցներից նախատեսվում է ծախսել մոտ 8 մլն 550 հազար դրամ, իսկ ինտերնետ ծառայության համար` 4.5 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ԱԺ աշխատակազմը տեղային հեռախոսային ծառայությունների համար ընթացիկ տարում կծախսի 12 մլն դրամ: Ի դեպ, նույնքան նախատեսվում է ծախսել նաեւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար: Հուսանք` 2018 թվականի ընթացքում այս գումարը էլ ավելի չի կլորիկանա, եւ Հերմինե Նաղդալյանի նման մյուս պատգամավորները եւս չեն չարաշահի իրենց տրված «լիմիտը»:

Ըստ գնումների պլանի` ավտոմեքենաների ապահովագրական ծառայությունների համար պետական միջոցներից նախատեսվում է ծախսել 4 մլն 320 հազար դրամ: Իսկ տպագրված այլ գրքերի ծախսը կկազմի 8 մլն 614 հազար դրամ, թերթերինը` 2 մլն 25 հազար դրամ: ԱԺ աշխատակազմը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018 թվականին շնորհավորական բացիկներ եւս կգնի: Դրանց համար նախատեսված է ծախսել 1 մլն դրամ: Իսկ հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների համար կծախսի 5 մլն դրամ: Միայն ներկայացուցչական ծառայությունների համար նոր խորհրդարանի ղեկավարությունը ընթացիկ տարում նախատեսում է ծախսել 222 մլն դրամ:

Իսկ շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների համար ծախսը կկազմի 97 մլն 9 հազար դրամ: Թե ԱԺ աշխատակազմը կոնկրետ ինչն է նախատեսում ընթացիկ տարում նորոգել, պաշտոնական փաստաթղթերում նշված ոչինչ չկա: Սա դեռ ամենը չէ:

Ավտոմեքենաների նորոգման ծառայությունները եւս «թանկ կնստեն», որոնց համար նախատեսվում է ծախսել 20 մլն դրամ: Խորհրդարանի գնումները, բնականաբար, առանց բենզինի չեն լինի: Այսպես` ԱԺ աշխատակազմը նախատեսել է ընթացիկ տարվա համար գնել 25 հազար լիտր սուպեր տեսակի բենզին, ընդհանուր կծախսի 11 մլն 750 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը խորհրդարանը նախատեսում է գնել 470 դրամով: Կգնվի նաեւ ռեգուլյար տեսակի 200 հազար լիտր բենզին` մեկ լիտրը 390 դրամով. ընդհանուր կծախսվի 78 մլն դրամ: Բացի այս` մոտ 29 մլն 770 հազար դրամի նախատեսվում է ծախսել ավտոպահեստամասերի վրա:
Խորհրդարանի ընթացիկ տարվա ծախսերի մեջ են մտնում նաեւ պատի ժամացույցները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսվում է գնել 10 հատ ժամացույց, որոնց միավորի արժեքը կազմում է 12 հազար դրամ: Ըստ գնումների պլանի` ժամացույցների համար ընդհանուր կծախսվի 120 հազար դրամ:

Էլ ինչ գնումներ առանց սուրճի, շաքարավազի… էլեկտրական սրճեփի, որոնց համար նախատեսվում է ծախսել ընդհանուր 50 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ աշխատակազմը մտադիր է գնել 20 հատ 2500 դրամանոց էլեկտրական սրճեփ: Էլեկտրական սրճեփը կա, մնում են շաքարավազն ու սուրճը. գնումների պլանում նշված է, որ ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել 200 կգ շաքարավազ` մեկ կիլոգրամը 400 դրամով` ծախսելով 80 հազար դրամ:

Իսկ ահա 100 կգ աղացած սուրճի համար կծախսվի 400 հազար դրամ, քանի որ սուրճի մեկ կիլոգրամը 4000 դրամ է: ԱԺ աշխատակազմը մտադիր է ընթացիկ տարում գնել նաեւ 20 հատ բաժակ, որոնց համար նախատեսվում է պետական միջոցներից ծախսել 160 հազար դրամ: Այսինքն` մեկ բաժակի արժեքը կազմում է 8000 դրամ: Թե այս թանկարժեք բաժակով ով եւ ինչ է խմելու, ժամանակը ցույց կտա: Բաժակը մատուցելու համար ԱԺ աշխատակազմը գնել է 10 հատ 3000 դրամանոց սկուտեղ` ծախսելով 30 հազար դրամ: Ի դեպ, ԱԺ աշխատակազմը թեյի սիրահարներին առանց թեյի պատրաստման էլեկտրական սարքի չի թողնելու:

Նախատեսվում է գնել 25 հատ, որի յուրաքանչյուրը արժի 11 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 287 հազար 500 դրամ:
Սուրճից, թեյից անցում կատարենք զուգարանի թղթի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել զուգարանի` «ռուլոնով» 1440 հատ թուղթ, որի համար ծախսվելու է 1 մլն 152 հազար դրամ: Այսինքն` զուգարանի մեկ հատ թուղթը արժի 800 դրամ: Բացի այս` գնվել է նաեւ 200 դրամանոց զուգարանի 1000 հատ թուղթ, որի ընդհանուր ծախսը, ըստ գնումների պլանի, կկազմի 200 հազար դրամ: Արդեն հասկանալի է, որ ԱԺ միայն վերնախավի ներկայացուցիչները կարող են օգտվել 800 դրամանոց զուգարանի թղթից, իսկ մյուսների համար 200 դրամանոցն է:

Նշենք, որ գնումների պլանում տեղ են գտել նաեւ ջրի ծորակները, փականները: Բայց ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել երկու տեսակի` էժան եւ թանկ: Օրինակ` 20 հատ ջրի ծորակը նախատեսվում է գնել 5000, իսկ մեկը` 200 հազար դրամով: Թե այս թանկարժեք ջրի ծորակն ու փականը ում համար են նախատեսված, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չէ, բնականաբար, ոչ շարքային պատգամավորի կամ աշխատողի համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս