ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը, խոսելով այդ փաստաթղթի համաձայն ԵՄ պարտադրանքով Մեծամորի ատոմակայանի փակելու մասին, բացասական պատասխան էր տվել: Նոյեմբերի 1-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել էր. «Ատոմակայանը փակելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձեւակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը` հավելելով, որ ատոմակայանը գործում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափանիշներին համապատասխան եւ կշարունակի գործել նվազագույնը մինչեւ 2027 թվականը:
Մինչդեռ երեկ ՀՀ-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նիստից հետո պարզվեց հակառակը: ԵՄ-ն, այնուամենայնիվ, շարունակում է պնդել ատոմակայանը փակելու պահանջը, ընդ որում` որքան շուտ, այնքան լավ:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցը, խոսելով ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին, հայտարարել է. «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»: Իսկ ատոմակայանի փակման համար որպես հիմնավորում նա նշել էր անվտանգության անհրաժեշտությունը:
Ատոմակայանի փակման թեմային իր հերթին անդրադարձել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` փորձելով մեղմել իրավիճակը: Պատասխանելով ՀԱԷԿ-ի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշման մասին հարցին` փոխնախարարն ասել է, թե Հայաստանը պետք է ներկայացնի գործող էներգաբլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ. «Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր»:
Բայց որպեսզի չստացվի, թե Հ. Հարությունյանը հակադրվում է Սերժ Սարգսյանին, նա նաեւ ասել է, թե ատոմակայանի փակումը կլինի տասը տարի անց՝ 2027-2028թթ: «Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների ուղղությամբ: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 300 միլիոն դոլար արժողությամբ ներդրումների մեծ մասը գնում է հենց անվտանգության ստանդարտների բարձրացման վրա: Այդ երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է ապագործարկում։ Եվ այստեղ ոչ մի արտառոց բան չկա»,- հայտարարել է նա:
Հ.Գ. Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը դեռ նախագահության առաջին ամիսներին հայտարարել էր, որ շուտով կմեկնարկեն նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները: Բայց տասը տարի անց պետք է փաստենք, որ այդ ուղղությամբ որեւէ քայլ չարվեց, եւ դեռ վերջնականապես պարզ չէ՝ ատոմակայանն իրո՞ք կկառուցվի, թե՞ ոչ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ