ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՋ ՓԲԸ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Մինչդեռ այդ տարիներին Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց բազմիցս անդրադարձել են նաեւ բնապահպանները: Իսկ այդ խնդիրները հիմնականում կապված են ընկերության պոչամբարի հետ:

Տեղեկացնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունը այս տարեսկզբին դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ 1032 աշխատողի կրճատել է:
Միայն այս տարեսկզբին բնապահպանները ահազանգեցին, որ ընկերության պոչամբարը արագ լցվում է, եւ նրանք չեն կարողանում այն պատշաճ կերպով շահագործել, ինչի պատճառով արտահոսքեր են լինում: Իսկ ահա Շնող գյուղի բնակիչները պատմում են, որ թեեւ հանքավայրի շահագործումը դադարեցվել է, բայց Շնող գետում դեռ շարունակվում է պղտոր ջուր հոսել: Արդյունքում դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են, իսկ ծառերն էլ` չորացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի հարցը հասել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական ստուգումների իրականացման հարցին: Արդյունքում պարզվել է` վերջին տարիների ընթացքում տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Ըստ ՄԻՊ-ի` հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով եւ ծանր մետաղներով աշխատանքային եւ շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա:
Ապա ՄԻՊԸ-ը արձանագրել է, որ այդ ամենի հետեւանքով խաթարվում է նաեւ բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես` օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում` տոքսիկության առաջին դասի տարրերի: Բանն այն է, որ սնման շղթայի տարբեր օղակների ներթափանցման արդյունքում առաջ են գալիս էկոլոգիական եւ բնակչության առողջության հետ կապված ռիսկեր:
«Թեեւ բնապահպանության նախարարությունից տարիներ շարունակ ներկայացվում են տվյալներ առ այն, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 եւ 2015, ինչպես նաեւ 2017 թվականների ցանկերում, սակայն ինչպես այդ տարիների, այդպես էլ 2016 եւ 2017 թվականների ընթացքում տեսչական ստուգումներ չեն իրականացվել»,- նշված է ՄԻՊ զեկույցում: Ապա պաշտպանը հաշվի առնելով բնապահպանների կողմից Թեղուտի պոչամբարի մասին պարբերաբար հրապարակվող խնդիրները` առաջարկել է ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում անհրաժեշտ ստուգումների իրականացումը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ստուգումներ չիրականացնելու պատճառը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` 2015 թվականին կայացրած տեսչական ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումն է: Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության` դեռեւս 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարել էր տեսչական ստուգումները դադարեցնել եւ «անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեությանը»: Այս որոշումը, որը նախատեսված էր մինչեւ 2015 թվականի տարեվերջը, պայմանավորվում էր տնտեսությունում ստեղծված բարդ կացությամբ: Այլ կերպ ասած` այդպիսով ՀՀ կառավարությունը ընդունում էր, որ Հայաստանում գործող ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել, եւ որ ավելորդ անգամ նրանց «կյանքը դժվարացնելը» կարող է ճակատագրական լինել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի ժամկետը երկարաձգվել էր մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը: Ապա այդ ժամկետը ամռանը կրկին երկարաձգվել էր: Իսկ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնին, նա նույնպես հանձնարարեց տեսչական ստուգումները կասեցնել մինչեւ տարեվերջ:
ՀՀ բնապահպանության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ բնապահպանության եւ տեսչական մարմինը «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ իրականացնելը ներառել է 2018 թվականի ստուգումների տարեկան ծրագրում:
Բայց սա դեռ ամենը չէ: Նշենք, որ տեսչական ստուգումներ կասեցնելու որոշումը կառավարությունը կայացրել է 2015 թվականին: Բայց «Թեղուտ» ընկերության դեպքում ՄԻՊ-ը արձանագրել է, որ ստուգումներ չեն իրականացվել նաեւ 2013, 2014 թվականներին: Ի դեպ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը 2014 թվականի իր տարեկան զեկույցում եւս անդրադարձել էր այս հարցի թերացմանը: Մասնավորապես նա հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունը երկու տարի` 2013, 2014 թվականներին չի կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, չի ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բողոքներն ու դիմումները եւ դրանց ընթացք չի տվել: Նշենք, որ 2013 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնին Արամ Հարությունյանն էր` Բուլկի Արամը, 2014-ին` Արամայիս Գրիգորյանը՝ Ավշարի Արամայիսը: Ստացվում է, որ երկու նախարարներն էլ աչք են փակել այս ամենի վրա` թերանալով իրենց պարտականություններն իրականացնելիս: Եւ սա զարմանալի չէ, քանի որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը` Վալերի Մեջլումյանը, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
Մայրաքաղաքում շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2018թ. ապրիլի 9-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը`
-Երեւան քաղաքի Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
-Երեւան քաղաքի Նոր Արեշ 50 փողոց (թիվ 50 եւ 44 փողոցների խաչմերուկի հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
-Երեւան քաղաքի Մահարու փողոց (թիվ 40 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով` նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական կողմի արձակած կրակահերթերի պատճառով բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի` վնասվել: «Ջրովքեր կոչվող հանդամասի վրա են կրակել, որը չեզոք գոտուն մոտիկ արոտավայր է: Գյուղացիները կենդանիներին ուղարկում են հանդ, հետո գնում են, որ բերեն, լավ է, որ այդ պահին իրենք կենդանիների մոտ չեն եղել»,-ասել է համայնքապետը: Նրա խոսքով` սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող մեկ կով, երկուսն էլ հարկադիր մորթի է ենթարկվել: «Մենք մինչեւ հիմա նյութական ինչ վնաս ունեցել ենք 2014-ից հետո, երբ սահմանին ավելի է լարվել իրավիճակը, կառավարությունն ու մարզպետարանը միշտ բնակիչներին փոխհատուցել են: Համապատասխան մարմիններին արդեն ներկայացրել ենք կրած վնասի վերաբերյալ: Շուկայական արժեքով, որ հաշվում ենք, Սուրիկ Ալեքսանյանը 600 հազար դրամի վնաս է կրել»,-հայտնել է գյուղապետը: Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Նարեկ Սահակյանն ասաց, որ այս օրերին սահմանամերձ այլ համայնքների ուղղությամբ կրակոցներ եղել են, իրենց մոտ տարին համեմատաբար խաղաղ է սկսվել: «Աստված մի արասցե, կարող էին նաեւ գյուղացու վրա կրակել»,-ամփոփել է Բաղանիսի ղեկավարը:

 

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Ապրիլի 11-14-ը` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Նշենք, որ Երեւանում ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

 

 

 

ԱՆՑԱՆ ԳՈՐԾԻ
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինն իրականացրել է դեղատնային այցեր` ծանոթանալու դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին: Կատարվել են 481 դեղատնային այցեր եւ արձանագրվել առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի` մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը` Երեւանում եւ Կոտայքի մարզում, 3-ը` Լուռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, 11-ը` Արարատի եւ Արմավիրի մարզերում, 5-ը` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում, իսկ 3-ը` Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում:
Բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման եւ դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու կարգի խախտումներ եւ թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն` նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը պացիենտի մոտ:
Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունն ու ստորագրությունը: Հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը: Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առեւտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի` բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առեւտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում:




Լրահոս