ՆԱԽԸՆՏՐԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԳԻՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը բողոք է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Մասնավորապես քաղաքապետարանն անտեսել է գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր կնքել «Ֆիոնա ֆլորա» ընկերության հետ այն դեպքում, երբ վերջինս բավական ցածր գնային առաջարկ է ներկայացրել: Փոխարենը քաղաքապետարանը «Ձեւավորում» ՓԲԸ-ի հետ է այդ պայմանագիրը կնքել, եւ սա այն դեպքում, երբ այս ՓԲԸ-ն շատ ավելի բարձր գին էր առաջարկել իր ծառայությունների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը իր կարիքների համար գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով կազմակերպել է մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմել է 6 մլն 40 հազար 650 դրամ: Ավելին` «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը որպես մասնակցության հայտի ապահովման գումար նշել է 302 հազար 100 դրամ: Սակայն մրցույթի գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ ընկերության կողմից ներկայացված վճարման պահանջագիրը չի համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին: Այսինքն` նշված գումարը գերազանցում է հրավերով սահմանված 5 տոկոսի չափը: Ինչի արդյունքում գնահատող հանձնաժողովը մերժել է ընկերության հայտը եւ առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել «Ձեւավորում» ՓԲԸ-ին: Իսկ «Ձեւավորում» ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմում է 7 մլն 975 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս գրել էր, որ քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ընկերության հետ պայմանագիր է կնքում` նման ծառայություններ իրականացնելու համար: Իսկ 350 հատ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի համար քաղաքային բյուջեից ծախսել էր 4 մլն 950 հազար դրամ: Եւ ապամոնտաժման ծառայությունները իրականացրել է հենց «Ձեւավորում» ՓԲԸ-ն: Անգամ ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքներն է իրականացրել: Ասել է, թե այս ընկերության համար մենաշնորհ է հաստատվել հենց Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի որոշմամբ:
Փաստորեն ստացվում է, որ գնահատող հանձնաժողովը «Ֆիոնա Ֆլորա» ընկերության հայտը մերժել է այն պատճառով, որ ներկայացված հայտի ապահովման գումարը 67.5 դրամով գերազանցել է հրավերով սահմանված հայտի ապահովման չափը` 5 տոկոսը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնահատող հանձնաժողովը անգամ հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Ֆիոնա Ֆլորա» ընկերության գնային առաջարկը 1 մլն 934 հազար 350 դրամով ցածր է եղել «Ձեւավորում» ՓԲԸ-ի ներկայացրած գնային առաջարկից:
Մինչդեռ «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը գտնում է, որ գնահատող հանձնաժողովը իրենց հայտը մերժելով` խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 40-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջները, քանի որ ընկերությունը, հայտի ապահովումը 67.5 դրամով ավել ներկայացնելով, բավարարել է հրավերով սահմանված հայտի ապահովման ներկայացման չափի նվազագույն պահանջը:
Ապա ընկերությունը, դիմելով ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ, պահանջել է դադարեցնել հանձնաժողովի «Ֆիոնա Ֆլորա»-ի հայտը մերժելու եւ «Ձեւավորում» ՓԲԸ-ին առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին որոշումը: Նաեւ` խնդրել է գնահատող հանձնաժողովին պարտավորեցնել մրցույթի առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել «Ֆինոա Ֆլորա» ընկերությանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գնումների բողոքարկման խորհուրդը դիմել է քաղաքապետարան եւ խնդրել ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները եւ գրավոր դիրքորոշումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները տրամադրվել են, սակայն բողոքի վերաբերյալ գրավոր դիրքորոշում այդպես էլ չի ներկայացվել: Չնայած սրան` խորհուրդի նիստերին քաղաքապետարանի կողմից լիազորված ներկայացուցիչ է մասնակցել եւ ընդունել այն փաստը, որ ընկերության հայտը մերժել է վերջինիս կողմից ներկայացված տուժանքի գումարը 67.5 դրամով հայտի ապահովման չափը` 5 տոկոսը գերազանցելու հիմնավորմամբ: Ապա հայտարարել է, որ որոշումն ընդունելիս ղերկավարվել է բացառապես ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներով:
Այնուամենայնիվ, խորհուրդն ուսումնասիրել է ընկերության բերած բողոքը, ապա արձանագրել, որ «Ֆինոա Ֆլորա» ընկերության կողմից հայտով ներկայացված տուժանքի մասին համաձայնագրին կից վճարման պահանջագրում նշված գումարի չափը գերազանցում է ընթացակարգի հրավերով սահմանված հայտի ապահովման չափը: Բայց չնայած սրան` խորհուրդը գտել է, որ հայտի ապահովման չափը հավասար է հայտով առաջարկվող գնի հինգ տոկոսին, իսկ «Ֆինոա Ֆլորա» ՍՊԸ-ն ըստ էության ապահովել է սահմանված պահանջը: Այսինքն` վերջինիս կողմից ներկայացված հայտի ապահովումը պակաս չի եղել հայտով առաջարկվող գնի հինգ տոկոսից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհուրդը բավարարել է ընկերության բերած բողոքը: Ավելին` պահանջել է դադարեցնել գնահատող հանձնաժողովի «Ֆիոնա Ֆլորա» ընկերության հայտը մերժելու եւ «Ձեւավորում» ՓԲԸ-ին առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին համապատասխան որոշումը: Նաեւ պարտավորեցրել է գնահատող հանձնաժողովին ընդունել «Ֆինոա Ֆլորա» ընկերության մրցույթի առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին որոշումը:
Տեղեկացնենք, որ «Ձեւավորում» ՓԲԸ-ն հիմնադրվել է քաղաքապետարանի կողմից, ասել է, թե Տարոն Մարգարյանի որոշմամբ մենաշնորհ է հաստատված այս ոլորտում: Երեւի նրանք ատկատների հարցում պարոն Մարգարյանի հետ լավ են համագործակցում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակչուհի, 1953թ. ծնված Վալենտինա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը` հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն: Ըստ մեղադրանքի` նա ոստիկանության Իջեւանի բաժնում 2016թ. նոյեմբերի 14-ից նախապատրաստվող նյութերով բացատրություն, իսկ այնուհետեւ նաեւ հարուցված քրեական գործով ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 24-ին թվագրված եւ Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի կողմից իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ կազմված ծանուցագրի տեքստի տակ «ծանոթացա» ձեռագիր գրառումը, դրա դիմաց տեղավորված ստորագրությունն ինքը չի կատարել, այլ իր փոխարեն կեղծել են:
Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2017թ. դեկտեմբերի 21-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Վ. Բեգլարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել տուգանքի` 200 հազար դրամի չափով, տուժող Ս. Խաչատրյանի կողմից պատշաճ կարգով ձեւակերպված քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը թողնել առանց քննության: Վ. Բեգլարյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի` 2017թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը, կայացնել գործն, ըստ էության, լուծող ակտ` ճանաչել եւ հռչակել ՀՀ քր.օր.-ի 333 հոդվածի 1-ին մասով հանցանքի կատարման մեջ Վալենտինա Բեգլարյանի անմեղությունը, նշված խնդրանքը չբավարարելու դեպքում բեկանել 2017թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը եւ այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել, այդ գործով դատական վերջին նիստը վերաքննիչ դատարանում կայացել է ապրիլի 5-ին, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 16-ին:

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այնտեղ քրեական գործեր են քննվում Տավուշի մարզի Արծվաբերդի, Վազաշենի, Լուսահովտի գյուղապետերի վերաբերյալ: ՀՀ քր.օր 308 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերն առնչվում են պետության կողմից գյուղացիներին աջակցություն հատկացված հացահատիկի սերմացուի յուրացմանը: Նման քրեական գործ հարուցվել է նաեւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կոմիտաս Էլարյանի նկատմամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս