Կոտայքի մարզպետը ստուգումները սկսում է Հրազդանի քաղաքապետարանից. ինչ է սպասվում Արամ Դանիելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետարանն առաջիկայում ստուգումներ կիրականացնի Հրազդանի քաղաքապետարանում: Պատճառը հրազդանցիներից ստացած բողոքներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եք ներկայացրել Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն…

-Այո՛, ես նման միջնորդություն ներկայացրել եմ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապաիկյանին, որպեսզի ինձ թույլատրեն Հրազդանի քաղաքապետարանում իրականացնել ողջ պլանային վարչական հսկողության գործառույթներ: Կա նման ընթացակարգ, եւ միջնորդությանը կից ներկայացվել են համապատասխան գրություններ, դիմումներ եւ փաստեր, որից հետո բավարարելով տվյալ միջնոդությունը` մենք կկարողանանք մեր մարզի շրջանակներում որեւէ համայնքապետարանում իրրականացնել վարչական հսկողության գործողություններ:

-Ի՞նչն է պատճառը, որ որոշել եք ստուգումներ իրականացնել կոնկրետ Հրազդանի քաղաքապետարանում:

-Կոնկրետության խնդիր չկա, ավելին` մի շարք բնակավայրերում կիրականացվեն այդ վարչական հսկողության գործառույթները: Բայց այս դեպքում դրանք պայմանավորված են քաղաքացիների մի ստվար զանգվածի կողմից բազմաթիվ գրավոր դիմումների, բողոքների, տեսաուղերձների եւ իրենց կողմից աղաղակող փաստերի հետ: Դրանց մեջ ես տեսնում եմ առնվազն լրջագույն թերացումներ` ՏԻՄ ղեկավարների պարտականությունների եւ ՏԻՄ օրենքի պահպանման ուղղությամբ: Դա պայմանավորված է այդ մտահոգություններով եւ համաձայնեցված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ինձ վերապահված լիազորություններով:

-Ստացած բողոքները վերաբերվում են Հրազդանի քաղաքապետի գործունեությա՞նը…

-Հրազդանցիների կողմից ստացած բողոքների հիման վրա է կազմվել միջնորդությունը, նրանց կողմից ներկայացվող փաստերի, որոնք որ, բնականաբար, ստուգումների ընթացքում կպարզվեն: Այնուամենայնիվ, ես տեսնում եմ թշվառ մարզկենտրոն, թշվառ քաղաքացիներ. երեկ շուրջ 120 հոգի ինձ մոտ ընդունելության էին եւ ներկայացնում էին տարրական կենցաղային վիճակից մինչեւ սոցիալ տնտեսական, իրավական, վարչարարական լրջագույն խնդիրներ, որոնք գոյություն ունեն Հրազդանում եւ որոնք, իմ գնահատմամբ, աննախադեպ են Կոտայքի մարզում: Չունենք այլ քաղաք, որտեղ այս աստիճան ոտնահարված լինի քաղաքացու շահը: Սա ես ասում եմ որպես Կոտայքի մարզպետ: Եւս մեկ-երկու համայնքների համար միջնորդություն կա, դա եւս ես պատրաստվում եմ ներկայացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Այսինքն` Հրազդանը միակը չէ այդ կարգավիճակում:

-Խոսքը ո՞ր համայնքների մասին է: Արդյոք այդ ցանկում կա՞ն Չարենցավանը, Եղվարդը, Ծաղկաձորը…

-Չեմ կարող այսօր ասել, քանի դեռ դրանք պաշտոնական բնույթ չեն կրում: Հրազդանն արդեն ներկայացվել է, այս մասով կարող եմ ասել: Նաեւ այս պահին ունենք հերթական վարչական հսկողության գործառույթներ Աբովյանի տարածաշրջանի Գեղաշեն համայնքում, որի արդյունքները կամփոփենք առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում:

-Իսկ Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն արդեն սկսվե՞լ են: Նախարարը բավարարե՞լ է Ձեր ներկայացրած միջնորդությունը, թե՞ ոչ:

-Դեռ ոչ, քանի որ նախարարը դեռ չի բավարարել: Միջնորդությունը ներկայացված է, սպասում ենք պատասխանին:

-Իսկ Գեղաշեն համայնքից եւս դժգոհություններ եք ստացե՞լ, որ վարչական հսկողության գործառույթ եք իրականացնում:

-Գեղաշենում պլանային է: Ես ինքս այցելել եմ Գեղաշեն, բավականին լավ գյուղ է, խոշոր է: Կանխատեսումներ չեմ անի, կհրապարենք արդյունքները, կտեսնեք:

-Հնարավո՞ր է առաջիկայում լսենք մարզի մի շարք գյուղապետերի հրաժարականների մասին:

-Անհնարին ոչինչ չկա: Այլեւս ունենք մի համայնքի ղեկավարի հրաժարական: Խոսքը Սոլակի գյուղապետի մասին է: Համայնքապետը, ելնելով քաղաքական ուղղություններից, իմ աշխատելաոճից, իր քայլն արեց` կամովին հրաժարվելով իր պաշտոնից եւ ճանապարհ բացելով նոր, թարմ եւ ավյունով լի երիտասարդների համար, ովքեր կուժեղացնեն մեր բռնած բարեփոխումների կուրսը, նաեւ կդիմանան դինամիկ ռիթմին: Բայց կարծում եմ, որ շատ գյուղապետեր այդ ռիթմին չեն դիմանա:
Ի դեպ, երեկ` ավելի ուշ, պարզ դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար հուլիսի 2-ին հրավիրել է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ո՞րն է հրաժարական տալու պատճառը:

-Պատճառ չկա, իրավիճակ է փոխվել:

-Այսինքն` չե՞ք կարող նոր իշխանությունների հետ աշխատել…

-Դե, կարող ենք աշխատել, 17 տարի աշխատել ենք, թող գան, ավելի լավ աշխատեն, էլ ի՞նչ ասեմ…

-Արդյոք Կոտայքի մարզպետի կողմից Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ անցկացնե՞լն է պատճառը…

-Ես տեղյակ չեմ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս