ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՆ ՖԻԳՈՒՐՆԵՐԸ՝ ՈՃԱԲԱՆԻ ԱՉՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դիզայներ Արամ Նիկոլյանի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ոճի առանձնահատկությունների մասին: Նա նշել է, թե իր իմիջը կերտելիս ինչին պետք է ուշադրություն դարձնի վարչապետի տիկինը, անդրադարձել է հագուստի ընտրությանը, սանրվածքին եւ դիմահարդարմանը վերաբերող նրբություններին: Դիզայները խոսել է նաեւ նախկին առաջին տիկիններ Բելլա Քոչարյանի եւ Ռիտա Սարգսյանի, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ոճերի մասին:

-Արա՛մ, որպես դիզայներ ուսումնասիրելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճը` ի՞նչ եզրահանգումներ կարող եք անել: Ինչո՞վ է նա աչքի ընկնում, հատկապես ի՞նչն է նրան սազում եւ ի՞նչն է պակասում:
-Աննա Հակոբյանը պարզ ոճի կողմնակից է: Նրան ամենավառը բնութագրում են գանգուր մազերը: Ես անձամբ իրեն էլ եմ ասել, որ ուղիղ վարսերով ինքը ինքը չէ: Պետք չէ այդ տեսակը փոխել, իր համար գանգուր մազերն են շահեկան: Ինչ վերաբերում է հագուստին, հասկանալի է, որ վարչապետի տիկնոջ պահարանը դեռ ամբողջությամբ կազմված չէ, եւ հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ կրկնություններ լինեն: Պետք է ստեղծվի մի պահարան կյանքի բոլոր իրավիճակների համար եւ մեկն էլ` արարողակարգերի համար: Ամենակարեւորն այն է, որ ինչ հագնի եւ կրի Աննա Հակոբյանը, համապատասխանի իր ներաշխարհին: Այդ դեպքում նա հարմարավետ կզգա այդ հագուստի մեջ եւ ճիշտ կմատուցի այն: Պետք չէ կոտրել սեփական տեսակն ու անհատականությունը: Իհարկե, արարողակարգերը ենթադրում են հատուկ հագուստ: Դրանց շրջանակում տիկինները մեծ փայլ են հաղորդում իրենց ամուսիններին, լրացնում են նրանց: Աշխարհը, օրինակ, հետաքրքրությամբ սպասում է, թե հերթական անգամ Մելանյա Թրամփը ինչ է հագնելու, ինչ տեսքով է հայտնվելու ամուսնու կողքին:
-Իսկ ի՞նչ կասեք դիմահարդարման մասով: Վարչապետի տիկնոջ պարագայում նախընտրելի է վառ, թե՞ աչքի չընկնող դիմահարդարումը:
-Կին քաղաքական գործիչները, դիվանագետները, առաջին տիկինները դիմահարդարման առումով ունեն հստակ չափանիշներ: Նրանք պետք է կիրառեն մեղմ, պարզ, ոչ ընդգծված դիմահարդարում: Որքանով նկատել եմ, Աննա Հակոբյանը հենց այդպես էլ անում է:
-Իսկ ի՞նչ կասեք Ռիտա Սարգսյանի ոճի մասին:
-Նա ժամանակ առ ժամանակ դիմում էր հայ դիզայներներին, թեեւ չեմ տեսել, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ հայ դիզայների հագուստ կրի: Կարծեմ տիկին Սարգսյանը նախընտրում էր օգտվել բրենդային խանութներից:
-Բելլա Քոչարյանը առաջին տիկին եղած տարիներին ինչո՞վ էր աչքի ընկնում:
-Շատ բան չեմ կարող ասել: Նա հետեւում էր իր արտաքինին, եւ ես նկատել եմ այն էվոլյուցիան, թե ինչպես տիկին Քոչարյանը սկսեց ավելի ոճային հագնվել:
-Կին քաղաքական գործիչների ոճը եւս հետաքրքիր է: Օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանն աչքի է ընկնում իր սանրվածքով:
-Այո, հիշում եմ նաեւ, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում նա կրում էր Dolce&Gabbana-ի հավաքածուից զգեստ, որը շատ քննարկվեց: Ինձ համար հասկանալի է, որ նա այդ օրը ուզում էր ընդգծված արտաքին ունենալ: Դա միայն ողջունելի էր:
-Կին քաղաքական գործիչներից Արփինե Հովհաննիսյանն էլ աչքի է ընկնում իր էլեգանտությամբ, ակնոցների հսկայական տեսականիով:
-Ակնոցը շատ կարեւոր է կին քաղաքական գործչի իմիջի համար: Կարծում եմ՝ ճիշտ է անում, որ ակցենտավորում է այդ աքսեսուարը: Բավական հետաքրքիր է նայվում: Իսկ, առհասարակ, յուրաքանչյուրին, կլինի քաղաքական գործիչ, թե ոչ, խորհուրդ կտամ պահպանել ինքնատիպությունն ու հարազատ մնալ սեփական եսին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԹԵՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ ԵՄ ԱՐԹՆԱՑԵԼ»

«Շատ դրական եմ տրամադրված նոր կառավարության նկատմամբ, հեղափոխությունից հետո թեթեւության զգացումով եմ արթնացել, մեծ լավատեսությամբ եմ լցված: Հավատում եմ, որ դրական փոփոխությունների ականատեսն ենք լինելու: Բայց դրա համար ժամանակ եւ համբերություն է պետք: Որեւէ լավ բան չի կարող միանգամից լինել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում է «Նռան հատիկ» սերիալում:

Այնտեղ նա մարմնավորում է լրագրողի, որը նախկին քաղաքապետի աղջիկ է, ապրել է արտասահմանում, վերադարձել Հայաստան եւ աշխատում է այն հեռուստաընկերությունում, որի տնօրենն իր հոր թշնամին է:
Մենք հետաքրքրվեցինք՝ Աննան թատրոնում աշխատելու ցանկություն կամ հրավեր արդյոք ունի. «Թատրոնում երբեք չեմ աշխատել, բայց առաջարկներ ունեցել եմ: Քանի որ աշխատում եմ մի քանի տեղ, քայլեր չեմ ձեռնարկել այնտեղ հայտնվելու ուղղությամբ, թեպետ ցանկությունս մեծ է: Կուզեի, օրինակ, Երեւանի պետական կամերային թատրոնում աշխատել: Գուցե մոտ ապագայում իրականացնեմ ցանկությունս»,-ասաց նա:
Մենք նաեւ հարցրինք՝ արդյոք դերասանուհին մեկնելու է հանգստի, նա ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի սիրահար է. «Այո, ընտանիքով մեկնելու ենք հանգստի արտերկիր, իսկ ավելի ուշ ես միայնակ մեկնելու եմ Եվրոպա: Առհասարակ, նախընտրում եմ պասիվ հանգիստ: Էքստրիմի սիրահար երբեք չեմ եղել, վախենում եմ բարձրությունից եւ ջրից: Հանգստի մեկնելիս ինձ հետ վերցնում եմ հարմարավետ հագուստ եւ չեմ կենտրոնանում արտաքինիս վրա: Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ պահանջում է անընդհատ խնամված լինել, քանի որ ուշադրության կենտրոնում եմ, բայց երբ մեկնում եմ հանգստի, ուզում եմ աննկատ մնալ՝ չմտածելով որեւէ բանի մասին»,-պատասխանեց Աննան:
Ի դեպ, հավելենք, որ Աննայի դուստրը՝ Արփին, երգչուհի է եւ այս տարի իր ուժերը փորձելու է «Դեպի Եվրատեսիլ» մանկական մրցույթում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍԿՍԵԼ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է վերսկսել մարզչական աշխատանքը կարճատեւ հանգստից հետո: Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Նշվում է նաեւ, որ Զիդանը նախապատվությունը տալիս է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, որի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս իր դժգոհությունն էր հայտնել թիմի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ: Զիդանը «Ռեալ»-ը գլխավորեց 2016 թվականի հունվարից մինչեւ 2018թ. մայիսը: 2.5 տարում նա նվաճեց 9 տիտղոս` 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում

 

 

ԳՈԴԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Մադրիդի «Աթլետիկո»-ի եւ Ուրուգվայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը հաստատել է, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը պատրաստ էր վճարել 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված 20 միլիոն եվրո կլաուզուլան, սակայն ուրուգվայցին հրաժարվել է հեռանալ Մադրիդից:
«Այո՛, ես իրոք ունեի առաջարկներ, սակայն որոշեցի մնալ անձնական պատճառներով: Այժմ բոլոր մտքերս կապված են միայն Եվրոպայի Սուպերգավաթի հետ»,-ասել է Գոդինը: Հիշեցնենք, որ Դիեգո Գոդինը 2010 թվականից է խաղում «Աթլետիկո»-ում, որի ավագն է լինելու նոր մրցաշրջանում: Իսպանական մամուլի համաձայն` օրեր առաջ նա մինչեւ 2021 թվականը երկարաձգել էր մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագիրը:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` «ՔԱԹԱՐ ՍԱ»-Ի ՀԵՏ
Կամերունցի հարձակվող Սամուել Էտո՚Օ-ն պայմանագիր է կնքել «Քաթար ՍԱ»-ի հետ: Դեռեւս հայտնի չեն պայմանագրի պայմաններն ու ֆինանսական մանրամասները: Քաթարական ակումբը 37-ամյա ֆուտբոլիստի կարիերայում 13-րդն է դարձել:
Նշենք, որ ավելի վաղ կամերունցին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Լեգանես»-ում, «Էսպանյոլ»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում, «Չելսի»-ում, «Սամպդորիա»-ում, «Անթալյասպոր»-ում եւ այլ ակումբներում: Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Կոնյասպոր»-ն էր, որի հետ օգոստոսի սկզբին Էտո՚Օ-ն խզել է պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ: Դրանից հետո ֆուտբոլիստը հայտարարել էր, որ առաջարկներ ունի մի քանի ֆրանսիական ակումբներից:




Լրահոս