ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նշենք, որ սա երկու երկրների ղեկավարների արդեն երրորդ հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո եւ չորրորդ այցը Ռուսաստան։ Այցից հնարավոր ակնկալիքների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ։

-Պարո՛ն Կալաշնիկով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Իսկ այժմ նախանշված է հանդիպում Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Այս հաջորդականության մեջ ենթատեքստ տեսնո՞ւմ եք։
-Ես տեսնում եմ այն, որ Պուտինն արդեն վաղուց իր համար որպես առաջնահերթություն դիտարկում է ԱՊՀ-ն։ Այն երկրները, որ մտել են ԱՊՀ-ի մեջ կամ այժմ այնտեղ են, դրանք առաջնահերթություն են այսօր համարվում, այդ իսկ պատճառով այդքան հաճախ տեղի են ունենում այդ հանդիպումները։ Խնդիրներ մեր երկու երկրների միջեւ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, ես չեմ տեսնում։ Այն, որ մեկ հանդիպում տեղի ունեցավ, հետո երկրորդը, եւ հիմա այս հանդիպումը, դրանում ես որեւէ սիմվոլիկ բան չեմ տեսնում։
-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ըստ Ձեզ, հայ-ռուսական հարաբերություններում որեւէ բան փոփոխվե՞լ է եւ ո՞ր ուղղությամբ։
-Ես չեմ տեսնում, որ փոփոխվել են այդ հարաբերությունները։ Դրանք մնացել են այնպես, ինչպես նախկինում էին։ Եվ պետք է արժանին մատուցել Փաշինյանին, քանի որ նա խոստացել էր, որ այդ հարաբերությունները նույնը կմնան, եւ ստրատեգիական հարցերի առումով ես չեմ տեսնում փոփոխություններ դեպի հակառակ կողմ։
-Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին առնչվող խնդիրը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
-Ռուսաստանում, իհարկե, զգուշացան այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Խաչատուրովի հետ։ Եվ ինձ համար դա այնքան էլ հասկանալի չէ, քանի որ նա այսօր հանդիսանում է ՀԱՊԿ ղեկավարը եւ իհարկե այն, որ քրեական գործ են հարուցել նրա նկատմամբ, չի օգնում այդ կառույցի աշխատանքին։ Մենք ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեա ենք անցկացնելու Հայաստանում։ Մենք դա ծրագրում էինք դեռեւս Հայաստանում իշխանության փոփոխությունից առաջ։ Եվ որոշել ենք դա անպայման իրականացնել։ Ասամբլեան տեղի կունենա հոկտեմբերի վերջին եւ կարծում եմ՝ Խաչատուրովն այդտեղ մասնակցություն կունենա, ինչպես միշտ։
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեղ այս պահին կա։
-Իհարկե, կա։ Միշտ կա հնարավորություն, եւ ամեն ինչ կախված է պետությունների կամքից եւ, իհարկե, ղեկավարներից։
-Իսկ այդ կամքը տեսնո՞ւմ եք հայկական կողմից։
-Խոսքերի մեջ ես տեսնում եմ, բայց գործերի առումով դեպի բացասական կողմ փոփոխություններ չեմ տեսնում։ Իսկ դրականի առումով բարիդրացիական հարաբերությունները, որ Հայաստանի հետ կան, փոփոխություն չկա, եւ այդ առումով Ռուսաստանն իր զարգացման ուղղությունները չի փոխում։ Հայաստանի փոփոխված իշխանության դեմ Ռուսաստանի կողմից բացասական կամ սառը որեւէ վերաբերմունք չկա։
-Իսկ Լավրովի հայտարարությունները՝ կապված Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի եւ կալանավորման վերաբերյալ, ըստ Ձեզ, ճի՞շտ էին եւ արդյոք կարո՞ղ են ազդել երկկողմ հարաբերությունների վրա։
-Նմանատիպ ցանկացած գործողություն, որ կատարվում է նախկին ղեկավարների հանդեպ, որոնք իրենց ղեկավարած շրջանում ոչ թե խոսքերով, այլ գործով են հանդես եկել Ռուսաստանի հարցում եւ լավ քաղաքականություն են վարել, դա, իհարկե, ազդում է Ռուսաստանի վրա։ Բնական է, որ մենք զգուշանում ենք, եւ դա արտահայտվում է, երբ Ռոբերտ Քոչարյանի կամ Խաչատուրովի նկատմամբ նման գործողություններ են կատարվում։ Օրինակ՝ ինձ համար դա որոշակի բացասական ազդակ է, եւ դա ինձ դուր չի գալիս։ Ես գիտեմ այդ մարդկանց, գիտեմ, որ իրենք Ռուսաստանի նկատմամբ միշտ բարեհաճ քաղաքականություն են վարել, ամեն կերպ նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը։
-Իսկ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում ինչ-որ շարժ կարո՞ղ է լինել Փաշինյան-Պուտին հանդիպումների ֆոնին։ Եվ, ըստ Ձեզ, սեպտեմբերի 8-ի հանդիպմանը կարո՞ղ է խոսք գնալ այս մասին։
-Դա երեւի թե միակ խնդիրն է, որը տարածաշրջանում խոչընդոտում է զարգացումը։ Կարծում եմ՝ իհարկե, այդ մասին խոսք կգնա։ Հնարավորինս արագ պետք է փորձել այդ խնդիրը լուծել։ Դա ավելի շատ գտնվում է մեր տիրույթում՝ Փաշինյանի, Ալիեւի եւ Պուտինի։ Ես միշտ եմ այդ մասին ասել։ Դա հենց այս երեք կողմերի տիրույթում է, քան նույնիսկ Մինսկի խմբի շրջանակում։ Թեեւ Մինսկի խումբը պետք է գործի, բայց կարծում եմ՝ առաջին ջութակի դերը խաղում են մեր երեք ղեկավարները։ Իմ կարծիքով՝ անկասկած խոսք կգնա ղարաբաղյան կոնֆլիկտի մասին Փաշինյան-Պուտին նախատեսվող հանդիպմանը, բայց թե ինչ ուղղությամբ դա կլինի, դա ինձ հայտնի չէ։ Եվ չեմ կարծում, որ դա հայտնի կդառնա լայն շրջանակների։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԶՈՐՔ ԵՂԵԼ Է ՆԱԵՎ ԴՈՍԱՖ-ՈՒՄ

2008թ. մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության մասին վկայությունները, որ ներկայացված էին նախկին փաստահավաք խմբի զեկույցներում, այս օրերին ՀՔԾ-ում դարձել է ուսումնասիրությունների թեմա: Ինչպես հայտնի է, ներքաղաքական իրադարձություններում բանակի ներգրավումը ՀՔԾ-ն որակել է սահմանադրական կարգի տապալում` մեղադրանք առաջադրելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների:

Բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ վկայում են, որ մարտի 1-ին` մինչեւ արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երեւանի տարբեր մասերում: Ընդ որում, զինված ուժերի մի մասը Երեւան բերվել է ոչ թե հենց մարտի 1-ին, այլ դրանից վաղ՝ փետրվարյան ցույցերի օրերին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փետրվարից ժամանակավորապես զորանոցի է վերածվել ՊՆ Պաշտպանամարզատեխնիկական ընկերությունը` նախկին ԴՈՍԱՖ-ի շենքը: Այնտեղ տեղակայված է եղել մոտ հարյուր զինվոր, այն էլ զինված: Ավելին, ԴՈՍԱՖԻ շենքի երկու հատվածներում ե՛ւ բակի, ե՛ւ փողոցի կողմից կազմավորվել են պարեկապահակային կետեր: Մշտապես հերթապահել են երեք ավտոբուս: Ինչպես հայտնի է, ԴՈՍԱՖ-ի ղեկավարը գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն է՝ Կոմանդոսը: Եւ հավանական է, որ նա եւս որպես վկա առաջիկայում հարցաքննվի: Իսկ մինչ այդ նա «Ժողովուրդի» այն հարցին, թե տեղյա՞կ է եղել այդ զորամիավորումների տեղակայման մասին, դրական պատասխան է տվել՝ այո: Նա հավելեց, որ այդ մասին խոսել է գնդապետներից մեկի հետ, որն էլ իրեն ասել է, թե դա արվում է պետական ներքին գործերի վերահսկողության համար։ Հարցին` իսկ ինքը այս գործով կանչվե՞լ է հարցաքննության, Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՉԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ
«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է 53 թեկնածուով: Ինչպես հայտնի է, դաշինքը կազմված է «Հայոց Հայրենիք» եւ «Հայոց Համազգային Շարժում» կուսակցություններից, թեկնածուն էլ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, ով չնայած խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում է, սակայն որոշեց սատարել ոչ թե ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, այլ առաջադրվել իր սեփական թիմով: Բացի այս երկու կուսակցություններից դաշինքում կան նաեւ անկուսակցականներ: Սակայն հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ ուժերի թեկնածուների` այստեղ մեծ մասը չի աշխատում: 53 թեկնածուներից աշխատում են միայն վեցը: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ժամանակին ինքնալուծարվել էր՝ միանալով «Հայ Ազգային Կուսակցությանը»: Սակայն որոշ ժամանակ անց «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ից գլխավորելու իր կուսակցությունը:

 

 

ԿԱՐԱԳԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում կարագի մեկ կգ-ն 20-30 դրամով թանկացել է: Թեեւ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երեւույթն է գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի 2-ի դրությամբ նվազել է՝ կազմելով 4.2 դոլար: Մինչդեռ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը կազմում է մոտ 9 դոլար` 4.8 դոլարով ավելի միջազգային գնից: Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր»-ը` 4640-4700 դրամով: Մինչդեռ մի քանի օր առաջ Նոր զելանդական կարագի մեկ կգ-ն վաճառվել է 4280 դրամ, իսկ «Անքոր»-ը` 4610 դրամ: Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ միջազգային շուկայում որեւէ ապրանքատեսակի գնանկում չի անդրադառնում հայաստանյան գների վրա, իսկ բարձրացումները վայրկյան առաջ տեղ են հասնում:

 

 

ՔՆՆԻՉՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ սեպտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել ՀՀ քնչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչության աշխատակիցներից Բագրատ Ադամյանը: Վերջինս պահանջում է անվավեր ճանաչել հանձնաժողովի 2018թ. հունիսի որոշումն իրեն հայտարարագրում առկա սխալի համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:




Լրահոս