Արտահերթ ընտրություններից հետո պատգամավորների թիվը կավելանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանում փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանից դուրս ընդդիմադիր ուժեր գրեթե առկա չեն (եթե հաշվի չառնենք մեկ-երկու մարդ-կուսակցությունների), եւ քաղաքական դաշտում առկա ուժերը, այդ թվում նաեւ նոր տեղծված եւ ստեղծվելիք կուսակցությունները, սատարում են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Իսկ խորհրդարանում էլ իրավիճակը, մեղմ ասած, անհասկանալի է: Ինչպես հայտնի է, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` նոր գումարված Ազգային ժողովի առաջին նիստի օրը պետք է հայտարարություն լինի, թե որ ուժը որ դիրքերում է, եւ եթե փոփոխություն է լինում, այդ մասին պետք է կրկին հայտարարվի: Ըստ այդմ, խորհրդարանում իրենց ընդդիմադիր էին հայտարարել ԲՀԿ-ն եւ «Ելք»-ը, իսկ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ կոալիցիայում էր եւ լքեց այն հեղափոխությունից հետո միայն: Հիմա դերակատարները փոխվել են. «Ելք»-ը, չնայած խորհրդարանում փոքրամասնություն է, ձեւավորել է կառավարություն, իսկ ՀՀԿ-ն էլ, որ մեծամասնություն է, կառավարությունից հեռացվեց եւ, ըստ էության, այժմ ընդդիմադիր ուժ է: Իսկ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դեպքում իրավիճակն իսկապես անորոշ է. նրանք այլեւս կառավարության մաս չեն, բայց եւ ԱԺ-ում իրենց չեն հայտարարել ընդդիմություն:

Այս ուժերը վստահաբար այլեւս չեն վայելում ժողովրդի վստահությունը: Դա ցույց տվեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները, երբ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն ստացավ ընդամենը 7 տոկոս ձայն, իսկ ՀՅԴ-ն էլ 1 տոկոսից ավելի: Եվ այս իրավիճակում, երբ հեղինակազրկված է նաեւ ՀՀԿ-ն, շատ է նշվում այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում, հատկապես եթե դրանք շուտ տեղի ունենան, այս երեք ուժերն էլ չեն հայտնվի խորհրդարանում: Եվ, առհասարակ, ինչպես եղավ ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ համապետական ընտրությունների ժամանակ չի բացառվում, որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը կրկին մեծ տարբերությամբ հաղթող լինի: Եվ այս պարագայում իսկապես հարց է ծագելու, թե ով է նրանց հակակշռելու խորհրդարանում եւ ով է լինելու ընդդիմություն: Կամ ի՞նչ է լինելու, եթե կուսակցությունները չհաղթահարեն անցողիկ 5 տոկոս շեմը, դաշինքներն էլ` 7 տոկոսը:

Lրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ եթե մի ուժ նույնիսկ հավաքի 0.35 տոկոս, եւ լինի երկրորդը, ապա նրան, ըստ Սահմանադրության, կտրվեն մանդատներ, քանի որ խորհրդարանում 1/3-ը պետք է ընդդիմադիր լինի: Սակայն այս պարագայում եւս չի բացառվում, որ այդ երկրորդ ուժը լինի իշխանամետ եւ Նիկոլ Փաշինյանին համակիր, եւ կրկին ընդդիմություն ունենալու խնդրի առջեւ ենք կանգնելու:

Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Սակայն հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունները` կայուն մեծամասնություն չձեւավորելու տարբերակը չի սպառնում:

Եվ մյուս կուսակցությունների պարագայում եթե արդյունքները քիչ են լինում, ապա նրանք ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս: Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետեւյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչեւ լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք տվյալ կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են:

Ընդ որում, եթե ընտրությունների արդյունքներում անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարում է երեք ուժից քիչ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները: Յուրաքանչյուր ուժի հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ուժի կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած ուժերին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ուժին հասանելիք մանդատների թվերն են:

Եվ այստեղ մի հետաքրքիր նրբություն եւս առկա է: Սահմանված է, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը առնվազն 101-ն է: Այս խորհրդարանում ազգային փոքրամասնությունների հետ միասին թիվը 105 է կազմում: Եվ այս արտահերթ ընտրություններից հետո պատգամավորների թիվը շատ ավելին կարող է լինել: Բանն այն է, որ ընտրությունների արդյունքներում եթե մեկ ուժ կրկին ռեկորդային տարբերությամբ ձայներ ստանա, ապա կունենա նաեւ ռեկորդային քանակությամբ մանդատներ եւ մյուս ուժերին լրացուցիչ մանդատներ տալը, որպեսզի դառնա 1/3, չի արվելու շատ մանդատներ ստացած ուժի մանդատների հաշվին: Եվ այս պարագայում պատգամավորների թիվը կավելանա, եւ մանդատներն էլ կտրվեն այնքան, որ այդ ընդհանուր թվի 1/3-րդը լինեն մյուս ուժերը միասին վերցված: Ի դեպ, սա եւս լրացուցիչ առիթ է, որպեսզի քաղաքական ուժերն այնուամենյանիվ ուզենան արտահերթ ընտրություններ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս