
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը: Եվ ահա այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով մշակութային հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը` թվով 2 ակնհայտ կեղծ տեղեկանքներ է պատրաստել եւ դրանք 2017թ. դեկտեմբերին Երեւան քաղաքի «Մեղեդի» սրճարանում իրացրել ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ Սամվել Պետրոսյանին եւ Մաթեւոս Մաթեւոսյանին, թե իբր վերջիններս հանդիսանում են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային ՀԿ անդամներ եւ երգիչներ:
Արդյունքում վերոնշյալ անձինք նշված կեղծ տեղեկանքները եւ տեղեկությունները քաղաքացիների կողմից 2017թ. դեկտեմբերի 20-ին ներկայացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի թույլտվություն ստանալու համար, սակայն դեսպանատան աշխատակիցների կողմից կեղծիքները բացահայտվել են, եւ մուտքի թույլտվություն չի տրվել: