Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու ընթացակարգերի ներդրմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ առաջարկվում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պարագաները տրամադրել պետական հավաստագրերի հիման վրա, ինչի արդյունքում պարագաների տրամադրման գործընթացը կդառնա ավելի հասցեական և արդյունավետ:

«Պետական հավաստագրերի միավորի արժեք է սահմանվել 2018 թ. կարիքների համար պետական գնումների ընթացակարգերով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված գները: Միաժամանակ, նախատեսվում է 2019 թ. հնարավորություն ընձեռել շահառուներին ստանալ վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման ծառայություններ: Շահառուները հնարավորություն կունենան դիմել բուժտեխնիկական հանձնաժողով, ստանալ վերանորոգման անհրաժեշտության և դրա տեսակի վերաբերյալ եզրակացություն և այդ նպատակով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որակավորված որևէ կազմակերպություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է նաև 18-29 տարեկան լսողական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում, ստանալ 12-18 տարեկան անձանց տրամադրվող հավաստագրերին համարժեք հավաստագրեր՝ լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով:

Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցի՝ փոխնախարարն ասաց, որ, օրինակ, անվասայլակների դեպքում հատկացվելու է 95 հազար դրամ, որով շահառուները կկարողանան ձեռք բերել իրենց ցանկացած անվասայլակը: Ըստ նրա՝ դրանց գինը սկսվում է 59 հազար դրամից և հասնում 900 հազարի: «Մեր տված հավաստագրով, այսինքն, կարելի՞ է նորմալ անվասայլակ ձեռք բերել»,- հետաքրքրվեց Փաշինյանը, ինչին Արսեն Մանուկյանը դրական պատասխան տվեց: Նա, միաժամանակ, նշեց, որ անվասայլակը տրամադրվում է քաղաքացուն երեք տարվա համար և ընթացքում վերանորոգման կարիքի դեպքում կրկին պետությունը լուծում է խնդիրը:

«Սա մի որոշում է, որով կարող ենք ասել, որ էականորեն կանդրադառնա մարդկանց կյանքի որակի վրա»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:




Լրահոս