Գոյություն չունեցող նպաստառուներ և 500 միլիոնից ավել հափշտակություններ. Ստեփանավանում կատարվածի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ նախնական համաձայնության է եկել նույն գործակալության աշխատակիցների, «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան քաղաքը եւ հարակից գյուղերը սպասարկող փոստային բաժանմունքների ավագ օպերատորների, ինչպես նաեւ փոստատարների հետ եւ 2013 թվականից մինչեւ 2018 թվականի հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում նշված գործակալության աշխատակիցների միջոցով, առանց մի շարք անձանց գիտության, համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, մի շարք անձանց հաշվառել է նպաստառուների ցուցակում:

Այնուհետեւ, ըստ նախաքննական մարմնի` Ալբերտ Ղարաքեշիշյանը, շահադիտական դրդումներից ելնելով, իր ստորագրությամբ հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ նպաստառուների անհատական տվյալներ պարունակող իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող ցուցակներ:

Արդյունքում Ալբերտ Ղարաքեշիշյանը այս ճանապարհով ստացել եւ խարդախության եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 550 միլիոն 617 հազար 500 դրամ: Նշենք, որ նա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Նախաքննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս