Դատավորներին կսկսեն ստուգել․ նոր նախագիծ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Սա, ըստ էության, իշխանությունների հերթական քայլն է, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծմանն ընդառաջ: Եվ ուսումնասիրելով նախագծի փաթեթը՝ պարզ է դառնում, որ դատավորներին ստուգելու գործընթացը սկսելու են գույքային դրությունից: Եվ եթե ընդհանուր առմամբ դատավորների բարեվարքությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա կոնկրետ հայտարարագրերի հետ կապված հարցերը կարգավորելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Մասնավորապես, հանձնաժողովը հնարավորություն կունենա հայտարարագրման ենթակա անձանցից բացի պահանջել այլ մարդկանց ունեցվածքի մասին տեղեկություններ եւս: Եվ ավելին, հանձնաժողովին վերապահելու են նաեւ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորություն: Բացի այդ, առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք» :

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս