ԹԱՆԿԱՑՈՒՄ՝ ԵԱՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետեւանքով արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել են մոտ 900 անուն ապրանքների մաքսատուրքերը, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով Հայաստանում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս:

Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 1-ից դադարեցվել են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, եւ ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը: Հիշեցնենք, որ բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց հիմնականում սպառողական զամբյուղում ներառված կարեւոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվել է հենց այս տարվա հունվարի 1-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացել են եւ դեռ բարձրանալու են: Այսպես, ներկայացնենք սպառողական զամբյուղի կարեւոր ապրանքները, որոնց համար այս տարվա հունվարի 1-ից գործում է մաքսատուրքերի նոր դրույքաչափ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում:

Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվականին կբարձրանա 50 տոկոսով, իսկ, ահա, 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով: Ասել է թե՝ Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով: Նշենք, որ թռչնամիս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր) եւ ԵԱՏՄ երկրներից (վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41 տոկոս): Այսինքն՝ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից թռչնամսի ներմուծման ժամանակ գանձվում է 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ: 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում  նաեւ ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպքում: Բայց, մյուս կողմից, այս ամենի արդյունքում ներքին շուկայում բրազիլական ծագման թռչնամսի քանակությունը զգալի կպակասի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել: Ի դեպ, այն 2021 թվականին 25 տոկոսով կբարձրանա, 2022 թվականին՝ 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո՝ 1 կիլոգրամի համար: Այսինքն՝ ավելի քան 520 դրամով կբարձրանա: Ստացվում է, որ երրորդ երկրներից Հայաստանը կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով: Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից:

Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կարագի մաքսային դրույքաչափը հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել կամ մեկ կիլոգրամի դեպքում 0.22 եվրո կբարձրանա: Կարագի մաքսատուրքը նույնչափ կբարձրանա նաեւ 2021-ին եւ 2022-ին: Այսինքն՝ մեկ կիլոգրամի համար կարագը կթանկանա ավելի քան 110 դրամով, եւ կարագի շուկայում գնաճը անխուսափելի կլինի,  քանի որ, նշենք,  Հայաստանը կարագ հիմնականում ներմուծում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր), Վրաստանից (ազատ առեւտրի համաձայնագիր) եւ ԵԱՏՄ երկրներից: Եւ հաշվի առնելով սա՝ հնարավոր են գների բարձրացումներ ԵՄ եւ այլ երրորդ երկրներից կարագի ներմուծման դեպքում:

Ինչպես հայտնի է, Հայաստանը ցորենի սերմացու ներկրում է հիմնականում Ռուսաստանից:  Բայց, արի ու տես, այս տարվա հունվարի 1-ից 5 տոկոսով բարձրացել է նաեւ ցորենի սերմացուի մաքսային դրույքաչափը, նույնքան կբարձրանա  նաեւ 2021-ին եւ 2022-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 տոկոսով կբարձրանան նաեւ գարու եւ եգիպտացորենի մաքսային դրույքաչափերը: Ձեթի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 15 տոկոսով եւ դրան հաջորդող տարիներին այն եւս 15 տոկոսով կբարձրանա: Հեղուկ գազի մաքսային դրույքաչափը 2020, 2021 եւ 2022 թվականների համար կբարձրանա 5 տոկոսով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 1-ից 4 տոկոսով բարձրացել են նաեւ դեղամիջոցների մաքսային դրույքաչափերը,  նույնչափ բարձրացում նախատեսվում է նաեւ 2021-ին, 2022-ին: Իսկ, ահա, վիրակապերի, բամբակի մաքսային դրույքաչափերը 5 տոկոսով են բարձրացել: Գյուղատնտեսության մեջ կիրառվող պարարտանյութերի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 6.5 տոկոսով: Եւս 6.5 տոկոսով կբարձրանա 2021 եւ 2022 թվականներին:  Բացի այս, 5 տոկոսով կբարձրանան նաեւ թունաքիմիկատների մաքսային դրույքաչափերը: Գյուղատնտեսական տեխնիկայի մաքսային դրույքաչափերը բարձրացել են 5 տոկոսով:

Հայաստանին անցումային ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար տրված հինգ տարին վերաբերում էր նաեւ ավտոմեքենաներին: Բայց այս տարվա հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսային դրույքաչափը բարձրացել է 10 տոկոսով, նույնքան կբարձրանա նաեւ 2021 եւ 2022 թվականներին:

Ընդգծենք, որ այս բոլոր թանկացումները վերաբերում են երրորդ երկրներին, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից ինչ-որ ապրանք ներկրելը կշարունակվի իրականացվել առանց մաքսավճարի ռեժիմով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Թափառող շները ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի համար դարձել են իսկական պատուհաս. գյուղի երեխաները վախենում են փողոցով մենակ քայլել: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչ, համայնքի ավագանու անդամ Վանիկ Շհոյանը:

«Թափառող շները մեզ մոտ շատ են, երեխաներին վախեցնում են: Մի քանի օր առաջ իմ աղջիկը երեխաների հետ մի կերպ հասան տուն. շները վրա էին տվել: Անգամ հարեւանի դռան շանն են խեղդել, հավերին են խեղդում, վայրի, սոված շներ են»,- փոխանցեց կարմիրգյուղցի Վանիկ Շհոյանը:  Պարզվում է` բնակիչն այս խնդրով դիմել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, գյուղապետ Հակոբ Գասպարյանին, մարզի պատգամավոր Թագուհի Թովմասյանին: «Թագուհի Թովմասյանի օգնականը փոխանցեց, որ մեկ շան գլխի համար պետք է 66 հազար դրամ գումար մուծեմ, որ Երեւանից գան սրսկեն: Մեր գյուղապետին դիմեցի այս հարցով, ասաց` մեր բյուջեն այդ շներին սրսկելու համար չի բավարարի: Ասենք, շներին բավարարի բյուջեն, բա ժողովրդի՞ն: Գյուղապետն ասում է՝ մեր ուժերից վեր է, օրենք կա, չենք կարող խախտել»,- իրավիճակը ներկայացրեց համայնքի ավագանու անդամը:

Իսկ, ահա, Կարմիրգյուղի գյուղապետ Հակոբ Գասպարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, հայտարարեց, որ իրավիճակը լարված է: «Բնակիչները պահանջում են շների ոչնչացում, բայց մենք դրա իրավունքը չունենք, գործադիրն արգելել է: Շատ են շները, մի հատվածի վրա կարող է 50  շուն հավաքված լինի: Երեխան դպրոց գնալիս կամ վերադառնալիս տեսնում է, վախենում է: Ճիշտ է, այս ընթացքում կծելու, հարձակման  դեպքեր չեն արձանագրվել, բայց որ այսպես շարունակվի, կարող է գրանցվի: Որ միասին քայլենք, մի քանի րոպեում 100 նման շուն կհաշվենք: Եղել է, որ հավ են խեղդել, տարել են: Ամեն օր գյուղապետարանը երեխաների ծնողներից այս հարցով բողոք է ստանում»,- նկատեց գյուղապետը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ ոչինչ չեն կարող անել թափառող շների դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Հ.Գ. Նշենք, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Դիլիջանում գտնվող, իրեն պատկանող «Գետափ» ռեստորանում այցելուների աչքի առաջ որսորդական հրացանով կրակել էր շան գլխին ու սպանել կենդանուն: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Սուրեն Աղաջանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար («Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք»):

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան ներմուծված մոտ 200 հազար ավտոմեքենաները մեծացրեցին պետական եկամուտները, բայց հավելյալ արժեք չստեղծեցին. այս մասին ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Մոտ 200 հազար մեքենա ներմուծվեց Հայաստան՝ պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնություններով, ինչը մեծացրեց պետական եկամուտները, բայց դա հավելյալ արժեք չստեղծեց, եւ բիզնեսի այդ տեսակը՝ ավտոներկրման, մարում է 2020-ին, ավելին՝ այդ ներկրված մեքենաները այնքան են խոցելի դարձել, որ կարող է այս բիզնեսը շատ խոցելի դառնա մեր տնտեսության համար: Այդ բիզնեսով զբաղվող մարդիկ այսօր կոտրված տաշտակի առաջ են կանգնած  բազմաթիվ առումներով՝ մաքսազերծման, իրացման, նույնիսկ կայանման»,-նշել է տնտեսագետը: Ըստ նրա՝  այս իրավիճակը ստեղծվել է պետության վարած սխալ քաղաքականության պատճառով:

 

 

 

ՄԵ՛Կ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ, ՄԵ՛Կ՝ ՄԹԱՆ

2004 թվականի հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց «Լինս» հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելը ներկայումս  սպասարկում է նախկինում «Լինս» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ընկերությունը, որը, պայմանագրի համաձայն, իրականացնում է թունելի պահպանության աշխատանքները: Վարորդները դժգոհում էին, որ թունելի ներսում լուսավորությունը թույլ է:  Նրանք, համեմատելով հանրապետության այլ մարզերի, մասնավորապես` Տավուշի հարեւան Լոռու մարզի թունելների հետ, Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի պահպանման վիճակն անբավարար էին համարում: Տավուշցի վարորդների վկայությամբ՝ վերջերս թունելի լուսավորության առումով իրավիճակը բարելավվել է: Հունվարի 30-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ թունելի ներսում կիսախավար է, լուսավորության լամպերն աղոտ էին վառվում: Նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, անցնելով ավտոմոբիլային այդ թունելով՝ տեսանք, որ ավտոմոբիլային թունելը նորմալ լուսավորվում է:

Հավելենք, որ թունելի ներսում՝ ավտոճանապարհի ասֆալտե ծածկի վրա, բազմաթիվ փոքր փոսեր կան, ինչի  պատճառով երթեւեկող ավտոմեքենաները հաճախակի ցնցվում են: Այսինքն՝ թունելի խնդիրը միայն լուսավորությունը չէ:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս