ՄԵԾ ՊԱՅՔԱՐ՝ ԿԵՐԱԿՐԻ ԱՂԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աղի միակ արտադրող ընկերությունը նախազգուշացում է ստացել: Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառող մարմինը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ընդդեմ Ավանի աղի կոմբինատի, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին հանձնաժողով է դիմել «Սոլտեքս» ընկերությունը: Ի դեպ, նշված ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանից Հայաստան է ներկրում կերակրի աղ, որն արդեն ՀՀ-ում փաթեթավորվում է, ստանում է սպառողական տեսք եւ իրացվում:
Դեռ ավելին, ընկերությունը պատրաստվում է ավելացնել ներկրման ծավալները: Սակայն, մյուս կողմից, աղի տեղական արտադրող «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը պնդում է, որ իրենց ընկերության գործունեությունը այս ամենի արդյունքում տուժում է, քանի որ «Սոլտեքս»-ը մեծ քանակությամբ աղ է ներկրում, ինչի արդյունքում տեղական արտադրության աղի վաճառքի ծավալները բավականին նվազել են: Պարզվում է՝ ներկրվող աղի դեմ պայքարելու իր տարբերակն է գտել Ավանի աղի կոմբինատը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին «Սոլտեքս» ընկերության կողմից ներկրված եւ փաթեթավորված կերակրի աղի լուսանկարն է տեղադրել եւ հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն գրել. «Եվս մեկ զգուշացում մեր քաղաքացիներին!!! Զգուշացե՛ք այս գրառմամբ աղերի օգտագործումից, քանի որ E 536-ը կալիումի ֆերոցիանիդն է (թունավոր նյութ), որը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ում: «Հայկական աղ»-ը չի պարունակում այդ նյութը»: Սա, ըստ «Սոլտեքս»-ի, համարվում է անբարեխիղճ:
Ավելին, «Սոլտեքս»-ից հայտնում են, որ Ավանի աղի կոմբինատի այս քայլը մանիպուլացնում է սպառողների ընկալումը տվյալ նյութի պարունակությամբ կերակրի աղի վտանգավորության մասին՝ նպատակ ունենալով «Սոլտեքս»-ի արտադրանքի վարկաբեկման միջոցով ազդել սպառողի ընտրության վրա:
Իսկ, ահա, ըստ Ավանի աղի կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանի՝ Իրանից ՀՀ է ներկրվում մեծ քանակությամբ (տարեկան շուրջ 5000 տոննա) արդյունաբերական աղ, որը հետագայում վաճառվում է սնունդ արտադրող ձեռնարկություններին որպես կերակրի աղ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար: Ավանի աղի կոմբինատի տնօրենի խոսքերով՝ արդյունաբերական աղը, որը ներկրվում է Հայաստան, սահմանը հատելիս չի անցնում ոչ մի ստուգում կերակրի համար պիտանելիության տեսանկյունից, այն չունի համապատասխան մակնշում եւ մաքսազերծվում է շատ ցածր ինվոյսային արժեքով: Տեղական արտադրողը պնդում է՝ այդ աղը նախատեսված է արդյունաբերական տարբեր ճյուղերում օգտագործելու համար՝ թղթի, լվացքի փոշու արտադրության, կաթսաների մաքրում, ջրի փափկեցում, ձմռանը ճանապարհների սառույցը հալեցնելու համար եւ այլն: Բայց, արի ու տես, ներմուծվելուց հետո այն վաճառվում է հաշվիչ դրամարկղային մեքենաներով տարբեր մանրածախ ու մեծածախ առեւտրի կետերում:
Սա դեռ ամենը չէ: Նախ՝ նշենք, որ աղի վաճառքով զբաղվող երկու ընկերությունների այս պայքարը մոտ մեկ տարի է՝ ձգվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ: Բացի այս, «Սոլտեքս» ընկերությունը հայտնել է նաեւ, որ մի քանի անգամ փորձել է իր արտադրանքը` կերակրի յոդացված աղն առաջարկել, օրինակ, պանրի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին եւ պարզել է, որ բացառապես բոլոր պանիր արտադրողները շահագրգրված չեն իրենց արտադրական պրոցեսում յոդացված կերակրի աղի օգտագործմամբ, քանի որ յոդի առկայությունը բացասաբար է ազդում արտադրանքի սպառողական հատկանիշների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սոլտեքս» ընկերությունը պարզել է, որ այդ արտադրողները մանր, բայց ոչ յոդացված կամ արդյունաբերական աղ են օգտագործում իրենց արտադրական պրոցեսում, որը ձեռք են բերում նաեւ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից, այդ թվում` աղաջրի տեսքով: Ըստ «Սոլտեքս» ընկերության՝ սա կատարվում է առանց հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, քանի որ կբացահայտվի արտադրվող սննդամթերքի մեջ արդյունաբերական` ոչ յոդացված կերակրի աղի օգտագործման հանգամանքը: Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որ իր կողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական եւ տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբեւէ չեն թաքցվում իրական ծավալները եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչեւ նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել: Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր:
Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշում է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ եւ նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԿԼԻՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Մեզ հայտնի դարձավ, որ օրակարգում ներառված է 10 հարց, որից մեկն էլ Երեւանում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին է: Բացի այս, օրակարգում ներառված է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին հարցը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ներառված են նաեւ մի շարք հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցերը: Ի դեպ, օրակարգում ներառված է նաեւ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցը: Նշենք, որ նշված ծննդատան տնօրենը ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հայրն է՝ Կարեն Կուտոյանը:

 

 

 

ՏԱՐԵՑՏԱՐԻ ՆՎԱԶԵԼՈՎ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը, նախորդ տարիների համեմատ, նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը անցած տարի պետական բյուջե վճարել է 1 մլրդ 69 մլն 452 հազար դրամի չափով հարկ ու տուրք, մինչդեռ 2018 թվականին ընկերության հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 256 մլն 385 հազար դրամ, իսկ, ահա, 2017 թվականին՝ 899 մլն 334 հազար դրամ: Ընկերության հարկերի նվազեցման պատճառն այն է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ որոշեց պետականացնել մասնավոր բիզնեսը, ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց վճարած հարկերի չափերի վրա: Տեղեկացնենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՎՃՌՈՐՈՇ ՉԷ
Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից 3-ում 2016թ. կայացել է համայնքների խոշորացում: Բերդ քաղաքը եւ այդ տարածաշրջանի 16 գյուղերը խոշորացվել, դարձել են մեկ՝ Բերդ համայնք: Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը խոշորանալով դարձել են Դիլիջան համայնք: Նոյեմբերյանի տարածաշրջանում 2016թ. համայնքների խոշորացումով ձեւավորվել է 3 խոշոր համայնք՝ Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում:
Ներկայումս համայնքների խոշորացումը պաշտոնապես անվանում են համայնքների միավորում: 2020 թվականին համայնքների միավորումը կընդգրկի նաեւ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանը: Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի 18 գյուղերի համայնքապետարանները հայտարարություններ են տարածել հետեւյալ բովանդակությամբ. ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7.1 հոդվածի համաձայն՝ կառավարության լիազոր պետական մարմնի կողմից ստացվել է ծանուցում՝ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան միավորված համայնք ձեւավորելու օրենսդրական նախաձեռնության մասին՝ Իջեւան համայնքային կենտրոնով, Իջեւան անվանմամբ, Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջեւանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն բնակավայրերով: Նոր ձեւավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հունիսի 14-ին:
Հիշեցնում ենք, որ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց առնվազն 20 տոկոսի կողմից տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը միանալու դեպքում: Տեղական հանրաքվեի դրվող հարցը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Համաձա՞յն եք …. (նշվում են կառավարության ներկայացրած նախագծում ներառված բոլոր համայնքների անվանումները) համայնքների միավորմանը (բաժանմանը): Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ»:
Տեղական հանրաքվեների արդյունքները ունեն ոչ պարտադրող, այլ խորհրդատվական բնույթ, ուստի տվյալ համայնքի բյուջեից մեծ գումարներ ծախսելով խորհրդատվական հանրաքվե կազմակերպելն ու անցկացնելը ավելորդություն է դառնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս